Կարտոֆիլը եւ պաշտոնյաները
Վերլուծական
Ամեն անգամ, երբ իշխանությունները փորձում են սփոփել շարքային քաղաքացիներիս մտահոգությունները գնաճի հետ կապված, խիստ անհարմար բան է ստացվում։
Վերջին շրջանում գնաճը մեծ ծավալներ է արձանագրել բոլոր ոլորտներում՝ սննդից մինչեւ տնտեսական, հագուստից մինչեւ դեղորայք եւ այլն։
Այս տարի զգալի թանկացել է կարտոֆիլը՝ հասնելով մինչեւ 400-450 դրամի։
Ինչո՞ւ է թանկացել կարտոֆիլը եւ ի՞նչ են առաջարկում մեզ իշխանությունները։ Օրինակ՝ ՔՊ-ական պատգամավոր Բաբկեն Թունյանն ասում է. «Կարտոֆիլը թանկացել է, որովհետև դրա նկատմամբ պահանջարկն ավելացել է. ավելի շատ է արտահանվել, և գները, ըստ էության, բարձրացել են»։
Իսկ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին ոգեւորել էին արտահանման այս ծավալները: «Այս տարի, կարելի է ասել, կարտոֆիլի արտահանման ռեկորդ ենք խփել, 30.000 տոննա կարտոֆիլ է արդեն արտահանվել Հայաստանից, այսպիսի թիվ երբեք չի եղել անկախ Հայաստանի պատմության ընթացքում․․․ Պետք է հասկանալ, որ Հայաստանը փակ, առանձին երկիր չէ, և հաղորդակից անոթներով միացած է նաև մեր հետ նույն տնտեսական մաքսային միության մեջ գտնվող երկրների հետ, եթե այդ երկրներում պահանջարկն աճում է, դա անդրադարձ է ունենում նաև մեր տեղի արտադրանքի գների վրա․․․»։ Նախարարը գոնե անհանգստացած էր գնաճից, քանի որ այն խժռում է իրենց աշխատանքը։
Շարքային քաղաքացուն մնում է դիմել Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանի օգնությանը, ով շատ ճկուն է գնաճից խուսափելու համար խորհուրդներ տալիս, օրինակ՝ հնդակաձավարի թանկացման ժամանակ նա խորհուրդ էր տվել ոսպ օգտագործել։ Ի դեպ, նախկիններն էլ ցանկացած գնաճի պարագայում խորհուրդ էին տալիս կարտոֆիլ օգտագործել։ Մենք հիշում ենք, թե ինչ աղմուկ առաջացավ ՀՀԿ-ական պատգամավոր, առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հակոբ Հակոբյանի հայտարարությունից հետո, թե աղքատ մարդկանց մոտ սովորություն կա, որ նրանք խուսափում են թանկացած կամ թանկ ապրանք գնելուց, մսի թանկացումները չեն կարող ազդել աղքատների վրա, քանի որ վերջիններս այսպես թե այնպես միս չեն ուտում, կարտոֆիլ են ուտում։ Դրանից հետո ցուցարարները մակարոն եւ կարտոֆիլ էին դրել նրա տան առաջ, ակցիա էին կազմակերպել խորհրդարանի առաջ՝ հրաժարականի պահանջով, իսկ Հակոբյանը փորձել էր սրբագրել իր խոսքը։
Գործընկերոջը փորձել էր «փրկել» մեկ այլ պատգամավոր, նախկին վարչապետ Խոսրով Հարությունյանը՝ նշելով, որ միայն կարտոֆիլ օգտագործող ընտանիքները միևնույն է չեն կարող միս գնել։ Դրանից հետո Հարությունյանը եւս ներքաշվեց «կարտոֆիլային» սկանդալի մեջ, ներողություն չխնդրեց, նշեց, որ ինքը եւս կարտոֆիլ ուտում է։
ՀՀԿ-ականները ի՞նչ իմանային, որ իրենից հետո իշխանության եկածների օրոք կարտոֆիլն այնքան կթանկանա, որ կսկսի հավասարվել դոլարի փոխարժեքին։ Բայց կա մի ընդհանրություն ներկա եւ նախկին իշխանությունների միջեւ՝ երկուսն էլ գնաճը համարում են սուպերբնական երեւույթ, երբեք իշխանության քաղաքականության սխալները, բացթողումները չեն տեսնում, չեն վերակառուցում իրենց քաղաքականությունը,չեն փորձում զսպել գնաճը, կանոնակարգել շուկան, իրենց օգնությունը միայն ճկուն խորհուրդների տեսքով է, թե որ ապրանքը ինչով փոխարինել։