Ինձ համար անսպասելի էին Գորիսի և Գյումրիի արդյունքները. Անի Խաչատրյան
Քաղաքական
ՏԻՄ ընտրությունները սովորաբար անձերի հետ կապված են լինում, թեկնածուների ճիշտ ընտրության հետ կապված են լինում, իհարկե նաև քաղաքական ուժի գործոնն է գործում։ Այս մասին ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց «Հանրապետություն» կուսկացության անդամ Անի Խաչատրյանն՝ անդրադառնալով երեկ տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին։
Նշենք, որ Մեղրիում առաջատարը «Հանրապետություն» կուսակցության թեկնածու Բագրատ Զաքարյանն էր։
Խոսելով ընտրությունների արդյունքների մասին՝ Խաչատրյանը նշեց, որ վերջին 2 տարիներին ընտրությունների արդյունքները ոչ կանխատեսելի են՝ այն առումով, որ կհաղթեն ոչ իշխանական թեկնածուներ։
«ՀՀ-ում այլևս արդար են ընտրությունները և առանց կեղծիքների են լինում։ Դրա համար այնքան էլ անսպասելի չէին ընտրությունների արդյունքներն ինձ համար՝ բացառությամբ մի քանի տեղի. չէի սպասում, որ Գորիսում կընտրվի ներկայիս գործող համայնքապետը՝ նայելով Ազգային ժողովի ընտրությունների արդյունքները։ Քանի որ Գորիսում թեկնածու չենք ունեցել, տեղյակ չեմ գորիսեցիների մոտեցմանը։ Նաև Գյումրին էր անսպասելի։ Այստեղ նույնպես դիտարկում եմ՝ ելնելով ԱԺ ընտրությունների արդյունքներից»,- ասաց Խաչատրյանը։
Ինչ վերաբերում է ընտրողների մասնակցության ցածր ցուցանիշին՝ Խաչատրյանը նշում է, որ 15-16 հազարին մոտ մասնակիցների թիվ ցուցակից հանվել է անձնագրերի հետ կապված խնդրով։
«Մասնակցությունը ցածր էր նաև այն պատճառով, որ քաղաքացիները, իմ կարծիքով, չէին տեսնում նախկինից ու ներկայից բացի այլընտրանքային քաղաքական իրենց նախընտրելի ուժը։ Դրա համար չէին գնացել մասնակցելու ընտրությունների։ Ինչը շատ վատ է։ Մենք միշտ կոչ ենք արել մասնակցել ընտրություններին՝ թեկուզ բոլորին դեմ քվեարկելով։ Մասնակցությունը շատ կարևոր է։ Մարդիկ պետք է ունենան պատասխանատվություն, որ իրենք են ընտրում իրենց ապագան, իրենց քաղաքապետին, ցանկացած ընտրություն»,- ասաց կուսակցության անդամը։
Խոսելով Մեղրիում տարած հաղթանակի մասին՝ Խաչատրյանը նշում է, որ կուսակցության համար խորհրդանշական էր հենց Մեղրիում հաղթանակը։
«Մեղրին և մեղրեցին հիշում էին 6 ամիս վարչապետ եղած Արամ Սարգսյանի ներդրումը, ջանքերը, արած գործը Սյունիքի մարզի համար։ Մեղրեցին տվեց այդ գործի գնահատականը Բագրատ Զաքարյանին ընտրելով համայնքապետ»,- ասաց Խաչատրյանը։
Հարցին՝ հնարավոր է կուսակցությունը կոալիցիա կազմի այլ ուժի հետ՝ Խաչատրյանը պատասխանեց. «Ընտրությունները ավարտվել են ուշ երեկոյան։ Կուսակցությունը չի ունեցել ոչ մի քննարկում, քննարկումներից հետո անպայման կտեղեկացնենք։
Շուրջ 36 համայնքներում ընտրություններ են լինելու նաև դեկտեմբերի 5-ին և նոյեմբերի 14-ին։ Հարցին՝ արդյոք արդեն կա որոշում այդ ընտրություններին մասնակցելու՝ Խաչատրյանը պատասխանեց. «36 համայնքներից գրեթե կեսում «Հանրապետություն» կուսակցությունը մասնակցելու է։ Այս պահին ԿԸՀ թղթաբանությունը կազմելու պրոցեսում ենք։ Առնվազն 10-15 համայնքների ընտրություններում մասնակցելու ենք. Վայքում, Գառնիում, Թումանյանում, Վանաձորում, Վեդիում և այլ համայնքներում։ Մեղրիում հաղթանակ տանելուց հետո՝ միգուցե նաև այդ 10-15-ով չմնա և ավելի ընդլայնվի, այլ համայնքներում ևս մասնակցենք ընտրությունների։ Չենք մասնակցում ուղղակի խմբագրություններ ունենալու համար։ Մասնակցելու ենք այն տարածքներում, որտեղ ունենք ուժեղ և արժանի թեկնածուներ։ Մենք գնում ենք, ինչպես Մեղրիում, հաղթանակի համար»։