Որ փուլում են «Հայաստան» դաշինքի՝ Սահմանադրական դատարան ներկայացրած դիմումները
Իրավական
Ներկայիս խորհրդարանական ընդդիմությունը պարբերաբար տարբեր օրենքների սահմանադրականությունը որոշելու համար դիմումներ է ներկայացրել Սահմանադրական դատարան։
Սահմանադրական դատարանը այդ դիմումներից միայն երեքի վերաբերյալ է կայացրել աշխատակարգային որոշումներ և քննության ընդունել։
Մի դիմումով վիճարկվում էր ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետը և 5-րդ մասը, 295-րդ հոդվածի 1-ին մասի երկրորդ պարբերությունը և «ՀՀ ընտրական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 90-րդ հոդվածի 5-րդ մասը։ Օրենսգրի այս դրույթները վերաբերում են քրգործով վարույթներով գործող անձանց անձեռնմխելիությանը։ Խոսքը գնում է «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արմեն Չարչյանի կալանավորման մասին, որը խմբակցությունը ապօրինի է համարում։
Այս դիմումի քննությունը նշանակվել է դեկտեմբերի 6-ին՝ ժամը 14.00-ին: Գործով զեկուցող նշանակվել է ՍԴ
դատավոր Աշոտ Խաչատրյանը, գործի դատաքննությունն անցկացվելու է գրավոր ընթացակարգով:
Հաջորդ դիմումը՝ ՀՀ Ազգային ժողովի 2021 թվականի օգոստոսի 2-ի ԱԺՈ-01-Ա որոշման՝ Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրվելու վերաբերյալ որոշուման սահմանադրականությունը վիճարկելու հարցն է։ Գործի դատաքննությունն սկսվելու է 2022 թվականի հունվարի 25-ին՝ ժամը 11.00-ին: Գործով զեկուցող է նշանակվել Սահմանադրական դատարանի դատավոր Երվանդ Խունդկարյանը: Այս գործի դտաքննությունը ևս կանցկացվի գրավոր ընթացակարգով։
Եվ վերջին դիմումը, որն անցել է աշխատակարգային որոշման փուլը, դա «Ազգային ժողովի կանոնակարգ»
սահմանադրական օրենքի 52-րդ հոդվածի 2-րդ մասի, 3-րդ մասի, 4-րդ մասի և 7-րդ մասի սահմանադրականությունը վիճարկելու մասին է։ Հոդվածները վերաբերում են ԱԺ նիստը նախագահողի լիազորություններին, մասնավորապես նիստը նախագահողի օրինական պահանջը չկատարելու, քննարկվող հարցից ելույթում շեղվելու, վիրավորական արտահայտություն անելու, բացակա պատգամավորի փոխարեն գրանցվելու կամ քվեարկելու, պատգամավորի քվեարկությանը խոչընդոտելու, Ազգային ժողովի նիստի բնականոն ընթացքը խոչընդոտելու կամ նիստի կարգը խախտող այլ գործողություն կատարելու դեպքում նախագահողի կողմից կիրառվող կարգապահական միջոցներին, դրանց համաչափությանը։
Այս 3 դիմումներից բացի՝ ՍԴ-ում կոնկրետ « Հայաստան» դաշինքը և նրա անդամները ունեն ևս մի քանի դիմում՝ ԲԴԽ նախագահի պաշտոնակատար Գագիկ Ջհանգիրյանի՝ տարիքային սահմանափակմամբ պայմանավորված պաշտոնավարման սահմանադրականության հարցի, Առողջապահության նախարարի` պատվաստման վերաբերյալ հրամանը վիճարկելու, պաշտոնյաներին տրվելիք պարգեւավճարների, համայնքների խոշորացման վերաբերյալ օրենսդրական փաթեթի և այլ հարցերով։
ArmDaily.am-ը դիմեց ՍԴ մամուլի քարտուղար Եվա Թովմասյանին՝ պարզելու, թե որ փուլում են գտնվում այն դիմումները, որոնց մասով աշխատակարգային որոշումներ դեռ չկան։
«Այն դիմումները, որոնց հետ կապված աշխատակարգային որոշումներ չկան, գտնվում են նախնական ուսումնասիրման փուլում։ Կախված նրանից, թե որ հոդվածով է դիմած՝ 20 կամ 30 օրյա ժամկետով»,- ասաց Թովմասյանը։