Անահիտ Ավանեսյանի եւ Արսեն Թորոսյանի «ջրերը մի առվով չեն հոսում». նախկին նախարարի ակտիվությունը զայրացնում է
Վերլուծական
Տեւական ժամանակ է՝ լուրեր են շրջանառվում, որ Առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանի եւ ներկա նախարար Անահիտ Ավանեսյանի ջրերը մի առվով չեն հոսում։
Ավելին՝ Կառավարության վերջին նիստից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը խիստ հանդիմանեց Անահիտ Ավանեսյանին, սկսեցին լուրեր շրջանառվել նրա հնարավոր պաշտոնանկության մասին։ Ավելին՝ արդեն իսկ թեկնածուների անուններ կան, այդ թեկնածուների շարքում է նաեւ Արսեն Թորոսյանը։ Նա, ըստ ամենայնի, շատ է ցանկանում վերադառնալ գործադիր, շարքային պատգամավորի կարգավիճակը Թորոսյանին չի բավարարում։
Պատահական չէ, որ Թորոսյանը վերջին մեկ-երկու շաբաթվա ընթացքում՝ Անահիտ Ավանեսյանից աճող դժգոհությունների ֆոնին, սկսել է շատ ակտիվ «աշխատանքներ» տանել, հարցազրույցներ է տալիս կորոնավիրուսի մասին, հիվանդանոցներ այցելում, քարոզարշավի մասնակցում Շիրակում։
Ընդ որում՝ ուշագրավ է, որ Արսեն Թորոսյանի հարցազրույցները, հրապարակած քարոզչական նյութերը առողջապահության նախարարության պաշտոնական էջում տեղ չեն գտնում, փոխարենը այդ էջում հրապարակվում են կիսահայտնի մասնագետների հարցազրույցներ, հրապարակումներ։
Ինչ վերաբերում է Թորոսյանի գործունեության երկրորդ մասին՝ հիվանդանոցներ այցելությանը, ապա, մեր տեղեկություններով, սա զայրացրել է Անահիտ Ավանեսյանին, քանի որ այցը համաձայնեցված չի եղել։
Թորոսյանը նաեւ իր ակտիվությունն է ապահովում քաղաքական մասով, Գյումրիում մասնակցում քարոզարշավի՝ կոպտորեն խախտելով կորոնավիրուսային կանոնները՝ առանց դիմակ, առանց սոցիալական հեռավորության։ Փաստորեն՝ կորոնավիրուսային կանոնները խախտելով է ցանկանում Թորոսյանը վերադառնալ նախարարի պաշտոնին եւ ավելի արդյունավետ պայքարել համավարկի դեմ, քան իր նշանակած կադրն է անում։
Թորոսյանի եւ Ավանեսյանի հակասության կուլիմինացիան հայտնի քարոզարշավի լուսանկարների հրապարակումից հետո ԱՆ խոսնակի մեկնաբանություն-կոչն էր նախկին նախարարին կանոնները պահպանելու մասին։
Մարդկային առումով եւ Թորոսյանի ամբիցիոզ տեսակը ճանաչելով՝ պարզ էր, որ նա չի համակերպվի շարքային պատգամավորի իր կարգավիճակին, երբ ժամանակին ոչ միայն ինքն էր իր թեկնածուին նախարար նշանակում, այլեւ բոլոր կառույցներում իր «ներկայացուցիչներին» նշանակում՝ կուրացիա անելով ողջ պօետական համակարգը։