Հրամանատար հետախույզ Կամոյի վերջին ու անպատասխան 28 զանգերը. Հերոսը
Հերոսը
Կամո Բախշիյանը Արցախի Մարտակերտից: Ծնվել է 1988 թվականի փետրվարի 21-ին:
32 տարվա իր կյանքի 14 տարին նվիրել էր հայոց բանակում ծառայությանը՝ սկզբում որպես տանկիստ, հետո որպես սակրավոր հետախույզ, իսկ հետո էլ հրամանատար հետախույզ:


Անձնվիրաբար մարտնչել է Ապրիլյան պատերազմի ժամանակ, Արցախյան 44-օրյա պատերազմի ժամանակ: Զոհվել է իր դիրքերից երեքը ազատագրելուց հետո, երբ մտել է երրորդ դիրք ու նահատակվել թաքնված թշնամու գնդակից՝ մարդասպանի աչքերի մեջ նայելով՝ սեպտեմբերի 28-ին Թալիշում։

Կամոն ամուսնացած էր: Նրան տանը պասում էին կինը՝ Ալվարդը և երկու որդիները՝ Ռոբերտն ու Սերգեյը կամ Սեգուլը, ինչպես նրան հարազատներն են կանչում:
Կամոն Բախշիյանների ընտանիքում միակ զոհը չէր՝ 44-օրյա պատերազմի ժամանակ զոհվեցին Կամոյի հարազատ եղբայր Մուրադը և հարազատ քրոջ որդի Արամը, ով ընդամենը մի քանի օրվա զինծառայող էր:


Կամոյի կինը՝ Ալվարդը պատմում է, որ ամուսինը կռվի ամենաթեժ կետերում միշտ առաջինն էր, երբեք թույլ չէր տա, որ իր տղաներին վտանգ սպառնա՝ այդ պատճառով էլ միշտ ինքն էր գնում առջևից:
Ցավով է հիշում, որ զոհվելու օրը Կամոն 28 անգամ զանգել է իրեն, սակայն կապի խնդրի պատճառով զանգեր Ալվարդը չի ստացել. այդ մասին ավելի ուշ հասկացել է բաց թողնված զանգերի մասին 28 հաղորդագրություն ստանալուց հետո:
«Կամոն աշխույժ էր, նախաձեռնող ու պայքարող, ակտիվ ու չհանձնվող: Կամոն տարբեր էր աշխատանքում, տանը, երեխաների հետ, ինձ հետ, ընկերների հետ, միշտ զվարթ ու ուրախ»,-պատմում է Ալվարդը:


Փոքրիկները անընդհատ սպասում են հայրիկին, հատկապես Սեգուլը հայրիկի նկարի մոտ հաճախ է նկարում կամ խաղում, խոսում է հոր պատկերի հետ ու հավատում, որ հայրիկն իրեն լսում է: