Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել. Վանաձորի քաղաքապետը՝ ՔՊ-ից առաջարկ ստանալու մասին
Հարցազրույց
ArmDaily.am-ի զրուցակիցն է Վանաձորի գործող քաղաքապետ Մամիկոն Ասլանյանը։
- Կարծես թե բավականին ակտիվ են ընթանալու ՏԻՄ ընտրությունները Վանաձորում։
- Չեմ կարող դեռ կանխագուշակել՝ կարծում եմ կլինի էլի։
- Ըստ տարածված լուրերի՝ բազմաթիվ կուսակցություններ են մասնակցելու ընտրություններին։
- Լուրերը միշտ շատ են լինում՝ ընթացքում կերևա։ Այս պահին չեմ կարող ասել։
- Ո՞ւմ եք համարում հիմնական մրցակից։
- Բոլորին, ովքեր որ ներգրավված կլինեն ընտրական քարոզարշավի մեջ։ Բոլոր մրցակիցները օրենքի առջև կարծում եմ հավասար են՝ մնացածն արդեն ժողովրդի ընտրության հարցն է։
- Ժողովրդի հետ շփումներից ինչպիսի՞ տպավորություն եք ստանում։
- Եթե տպավորություն չունենայի՝ երբեք չէի առաջադրվի։
- Այսինքն՝ գրեթե վստահ եք, որ հաղթելո՞ւ եք։
- Չեմ կարող գրեթե վստահ ասել, որ հաղթելու եմ, նախ ո՞ւմ եմ հաղթելու։ Մրցելու եմ, որպեսզի հաջողություն գրանցեմ։ Մրցակիցներն էլ են վանաձորցի, ես էլ եմ վանաձորցի ու ոչ մեկին չեմ հաղթելու՝ արձանագրելու ենք հաջողություն ուղղակի՝ շարունակելու ենք մեր գործը։ Կարծում եմ՝ ընտրությանը մասնակցող ցանկացած ոք այդ տրամաբանությամբ է մասնակցում, այլապես ես էլ չէի մասնակցի։
- Ո՞ր քաղաքական ուժի կազմում եք մասնակցելու ընտրություններին։
- Դեռևս չեմ կարող ասել՝ վերջնական որոշում դեռ չկա։
- Ո՞ր կուսակցություններից եք իրենց անդամագրվելու կամ իրենց կազմում ընտրությունների գնալու առաջարկ ստացել։
- Ես ոչ մի անդամագրվելու առաջարկ չեմ ընդունում, որ այդպիսի առաջարկ լինի։ Դեռևս չեմ կարող ասել։
- Իշխանական խմբակցությունից նման առաջարիկ ստացե՞լ եք։
- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, լա՞վ։
- Բանակցություննե՞ր են գնում։
- Չէ, պարզապես կոնֆիդենցիալ բաներ կա, որ կարող են անձնային հարաբերություններ, ինչ-որ կլինի հրապարակային՝ կլինի հրապարակային, ինչը որ չէ՝ չէ։
- Դուք ձեզ տեսնում եք ընդդիմադիր, թե իշխանական դաշտում։
- Ես ընդդիմադիր չեմ կարող լինել, որովհետև երրորդ քաղաքի քաղաքապետն ո՞ւմ պիտի ընդդիմադիր լինի՝ իր ժողովրդի՞ն։
- Նկատի ունեմ քաղաքական ուժերից ընդդիմադիր, թե իշխանական։
- Ոչ, այդպիսի նպատակադրվածություն չունեմ։
- Այսինքն, անհնար է, որ Դուք ընդդիմադիր քաղաքական ուժի կազմում առաջադրվեք Վանաձորի ՏԻՄ ընտրություններում։
- Որպեսզի մենք պատկերացնենք կառավարման մոդելը, տարբեր աստիճաններում իշխանական և քաղաքական տարբեր կոնֆիգուրացիաներ ունեն, օրինակ Վանաձորի քաղաքապետը ընդդիմադիր կեցվածք չի կարող ունենալ ուղղակի։
- Լուրեր են պտտվում, որ ԼՀԿ-ն էլ է մասնակցելու ՏԻՄ ընտրություններին։
- Հիմա ճիշտն ասած ԼՀԿ-ի հետ նշում ենք մեր քաղաքի տոնը։ Հենց որոշեն՝ առաջինը իրենք ինձ կասեն այդ մասին։ Բոլորի հետ միասին նշում ենք և ԼՀԿ-ի, և մյուսների՝ բոլորն էլ կան, ներկա են։
- Այսինքն, Վանաձորում քաղաքական համերաշխության մթնոլորտում են ՏԻՄ ընտրությունները անցնելո՞ւ։
- Պիտի այնպես անենք, որ քաղաքական համերաշխություն լինի, որովհետև ոչ մեկը պաշտոնի համար մյուսից իրավունք չունի նեղանալու։ Փոքր քաղաք է՝ էստեղ ո՞վ ումից նեղանա։
Հայկա Ալոյան