Իրանը Զանգեզուրի միջանցքի ստեղծումը թույլ չի տա՝ դա շրջափակման կենթարկի Իրանը․ Քաղաքագետ
Հարցազրույց
ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ, Ապրիլյան և 44-օրյա պատերազմների մասնակից Ժիրայր Ազիզյանը։
- Արցախյան 44-օրյա պատերազմի վերջնական նպատակն Արցա՞խն էր, թե իրականում դա ծրագրի մի մասն էր։
- Իրականում մեր քաղաքագետներից շատերը դեռ չեն հասկացել տարածաշրջանային զարգացումների պատճառահետևանքային կապերը, ավելի ճիշտ փորձում են դրանք գտնել լոկալ մակարդակում։ Այն ինչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ տարածաշրջանային խոշորագույն ծրագրի ընդհամենը առաջին փուլն էր։ Գուցե Ադրբեջանի նպատակը բաղձալի Ղարաբաղն էր, իսկ ո՞րն էր ռազմական կոալիցիային մաս կազմող Թուրքիայի, Պակիստանի ու Իսրայելի նպատակը, ի՞նչ ընդհանուր նպատակ ունեն այս երկրները մեր տարածաշրջանում, պատասխանը մեկն է` Իրանը, Իրանի հյուսիսային տարածքների շրջափակումը թուրք-ադրբեջանական սահմաններով՝ թերևս հենց դրանով է պայմանավորված պատերազմի առաջին օրից հիմնական ուժերի կենտրոնացումն ու ամենածանր հարվածը հարավային ուղղությամբ, մարտական գործողությունների աշխարհագրական դինամիկան և այսօր ամեն գնով միջանցք ստանալու ձգտումը։
- Կոմունիկացիաների ապաշրջափակման անվան տակ մտցնելու են նաև տխրահռչակ ու պանթուրքական միջանցքի իրողությո՞ւնը։
- Պատերազմի ավարտից հետո Ադրբեջանը շարունակում էր համալրել ռազմական արսենալը ժամանակակից սպառազինությամբ` զինվելով տարբեր երկրների ռազմական արդյունաբերության գլուխգործոցներով, տարօրինակ կերպով մի քանի ամսում ավարտում են անմարդաբնակ ու ավիրված Վարանդայի(Ֆիզուլիի) օդանավակայանի շինաշխատանքները, քաղաքացիական, թե՞ ռազմական ինքնաթիռների համար էր այդ շտապողականությունը, իսկ վերջին մեկ ամսվա ընթացքում Թուրքիայից ու Իսրայելից զենքի մատակարարման ծավալներն ու անցկացվող համատեղ զորավարժություններն ավելի քան հաստատում են այս պնդումը։ Ինչ վերաբերում է միջանցքին, ապա նոյեմբերի 9-ի եռակողմ համատեղ հայտարարության տեքստի 9-րդ կետում ասվում է` «Разблокируются все экономические и транспортные связи в регионе. Республика Армения гарантирует безопасность транспортного сообщения между западными районами Азербайджанской Республики и Нахичеванской Автономной Республикой с целью организации беспрепятственного движения граждан, транспортных средств и грузов в обоих направлениях. Контроль за транспортным сообщением осуществляют органы Пограничной службы ФСБ России.»
Այստեղ չի խոսվում որևէ միջանցքի, կամ միջանցքային տրամաբանության մասին, ընդամենը նշվում է, որ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է տրանսպորտային հաղորդակցության անվտանգությունը, այստեղ նույնիսկ չի խոսվում, թե կոնկրետ ո՞ր մարզի տարածքում և կոնկրետ ի՞նչ հատվածներում պետք է երաշխավորի այդ անվտանգությունը։ Ըստ տրամաբանության Ադրբեջանը կարող է Հայաստանի տարածքով հաղորդակցվել Նախիջևանի հետ, բայց դա իրենից չի ենթադրում, որ դա պետք է միջանցք լինի կամ վերահսկվի Ադրբեջանի կողմից։
- Ինչո՞վ է վտանգավոր Զանգեզուրի միջանցքը Իրանի համար։
- Ադրբեջանի նպատակը հենց միջանցքն է, ինչը բնականաբար կտրականապես դեմ է Իրանի շահերին, քանի որ վերջինս հայտնվում է շրջափակման մեջ, հենց այս վտանգի նկատառումներով է պայմանավորված Ադրբեջանի հետ սահմանին մեծաթիվ ուժերի կուտակումն ու զորավարժությունների անցկացումը, իսկ հարաբերությունների կտրուկ վատթարացումը, որը պայմանավորված էր անցակետ դնելու և վարորդներին ձերբակալելու հետ, հանգեցրեց փոխադարձ սպառնալիքների։ Երբ ես ասում եմ Իրանը միջանցք չի տալու, իրենց խելոքի տեղ դրած որոշ մտավոր հաշմանդամներ սարկազմով հարցնում են` էլի հույսներս ուրիշի վրա դրեցինք, ոչ հարգելի հաշմանդամներ, Իրանը մեր շահերը չի պաշտպանելու, Իրանը հենց իր շահերն է պաշտպանելու անհրաժեշտության դեպքում, ասեմ ավելին` միջանցք հասկացությունը ավելի շատ հենց իրենց շահերին է դեմ, քան մեր՝ Իրանի համար կարևորն այդ տարածքով անխափան հաղորդակցության պահպանումն է։
- Ինչպիսի՞ն է Ռուսաստանի մոտեցումն այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի հարցում։
- Ինչ վերաբերում է Ռուսաստանին, ապա պետք է հասկանանք, որ վերջինս շահագրգռված է տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբացմանը, բայց միջանցքային տրամաբանությունը նրան ևս ձեռնտու չէ այն առումով, որ դրանով մեծապես աճելու է Թուրքիայի դերակատարումը տարածաշրջանում։
Հայկա Ալոյան