Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակը և ռուսական ներկայության պայմանները. Ստեփան Դանիելյանը՝ Պուտին-Էրդողան հանդիպման մասին
Հարցազրույց
ArmDaily.am-ի զրուցակիցն է քաղաքագետ Ստեփան Դանիելյանը։
-Ալիևը ՄԱԿ-ի գագաթնաժողովում իր ելույթի ժամանակ հայտարարեց, որ Հայաստանը դրական ազդակներ չի տալիս՝ խաղաղության պայմանագիր կնքելու իրենց կոչերին։ Ինչի՞ մասին է խսքը։
-Մենք պետք է շատ պարզ բան հասկանանք, որ բանակցություններն ընթանում են Ռուսաստանի ու Թուրքիայի միջև ու Հայաստանն այստեղ կողմ չէ։ Պատահական չի, որ Էրդողանը մերժեց Հայաստանի վարչապետի հանդիպման առաջարկը՝ հանդիպեն որ ինչ խոսեն։ Դրա համար պետք է քննարկել, թե ինչն է մեզ ձեռնտու, ինչը ոչ, այլ ինչ հակասություններ ունեն Թուրքիան ու Ռուսաստանն ու ինչ խնդիրներ են լուծում։
-Ալիևը նշում է, որ Զանգեզուրի միջանցքով միայն հնարավոր կլինի խաղաղության պայմանագրի կնքումը։ Մյուս կողմից Ռուսաստանի փոխվարչապետն ասում է, որ միջանցքի հարց չի քննարկվում։ Ո՞ւմ հավատալ։
-Հիմնական խնդիրը Մեղրիի միջանցի հարցն է, կամ ավելի ճիշտ դա միջանցք է, թե ճանապարհ, ով է այն վերահսկելու և ինչ տիպի կոմունիկացիաներ են այնտեղով անցնելու՝ երկաթգիծ, ավտոճանապարհ, գազամուղներ ու նավթամուղներ։ Խնդիրը Միջին Ասիայից Թուրքիա բեռնափոխադրումներին է վերաբերվում, ինչը կարող է այս մեծ տարածաշրջանի աշխարհաքաղաքական պատկերը փոխել։ Կարծես թե Ռուսաստանը ինքն է ցանկանում վերահսկել այդ ուղիները՝ դրանով մեծացնելով իր ազդեցությունը, Թուրքիան՝ հակառակը։ Սա է հիմնական խնդիրը։ Ալիևն իր երկրի բնակիչներին փորձում է բացատրել, թե ինչու պատերազմը կանգնեցվեց ու համաձայնվեց, որ ռուսական զորքերը մտնեն դե յուրե Ադրբեջանի տարածք։ Այս հարցում մեծ դժգոհություններ կան այնտեղ և նա պարբերաբար այդ հարցին անդրադառնալու է։ Ցանկանում է ցույց տալ, որ եղել են պայմանավորվածություններ, ինչն ինքը չէր կարող խախտել։
-Ռուսաստանի քաղաքական կուրսն ինչպիսի՞ն է Հայաստանի նկատմամբ այս պահին։
-Հիմա Ռուսաստանը փորձում է բարձրացնել Հայաստանի սուբյեկտայնությունը՝ իր շահերից ելնելով, սակայն Հայաստանի քաղաքական դաշտում համապատասխան պարտնյոր չի կարողանում գտնել, որ ավելի համարձակ ու սթափ քաղաքականություն ի վիճակի լինի վարել։
-Էրդողան-Պուտին հանդիպման ժամանակ ի՞նչ հարցեր կքննարկվեն։
-Հիմնական թեման երևի Սյունիքի կարգավիճակին կվերաբերի: Այսինքն այնտեղ ռուսական ներկայության պայմաններին ու ճանապարհների վերահսկողության հարցին։
Հայկա Ալոյան