Նմանտիպ խնդիրները Իրանի հետ կապող միակ տարածքում՝ Սյունիքում, կարող են մեծապես և էականորեն խոչընդոտել այդ հարաբերությունների զարգացմանը. Իրանագետ
Հարցազրույց
ArmDaily.am-ի զրուցակիցն է իրանագետ Գարիկ Միսակյանը։
-Գորիս-Կապան ճանապարհին ադրբեջանցիների կողմից իրականացվող գործողություններն Իրանում ի՞նչ արձագանք են գտնում։
-Ընդհանուր, եթե նայենք իրադրությանը Իրանի արձագանքներին, ապա պիտի նախ խոսենք պաշտոնական հայտարարությունների մասին, այսինքն նաև սոցցանցային կամ վերլուծական շրջանակների մասին։ Պաշտոնապես Իրանի Արտաքին գործերի նախարարության խոսնակ Խաթիբզահեդը բավականին հավասարակշռված հայտարարությամբ հանդես եկավ, նշելով, որ Իրանի առաջնահերթությունը հարևանների հետ հարաբերությունների զարգացումն է՝ մասնավորապես Հայաստանի հետ հարաբերությունների հետ զարգացումը։ Ինչը նշանակում էր, որ չնայած խոչընդոտներին, որը ստեղծում են Ադրբեջանական Հանրապետության կողմից և մեր նաև չակերտավոր անգործության պայմաններում՝ Իրանի համար խոչընդոտ չի Հայաստանի հետ հարաբերությունների զարգացումը կամ գոնե դրանց զարգացման ցանկություն կա Իրանում։ Իսկ եթե ավելի հասարակական և վերլուծական շրջանակներին անդրադառնանք, ապա արձագանքը բավականին բացասական էր նախ այն առումով, որ Հայաստանի միջազգային համբավին հարվածող իրավիճակ է։ Քանի որ քննարկումներ են ընթանում, որ Հայաստանը չի կարող ապահովել իր տարածքային ամբողջականությունը կամ Հայաստանի տարածքում այդ ադրբեջանական ոստիկանական կետի տեղակայվելը և այլն։ Իրանական հասարակության շրջանում և այլ շրջանակների մոտ, ովքեր աշխատում են Հայաստանի հետ կամ այցելում են Հայաստան՝ մտահոգություններ կան կապված Հայաստան ուղևորվելու կամ Հայաստանի հետ բեռնափոխադրումներ իրականացնելու հետ կապված, որովհետև կրկնակի հարկ վճարելու կամ Հայաստանի տարածքում այլ պետության հարկ վճարելն այդքան էլ ընդունելի չի։
-Ադրբեջանը փաստացի ցույց է տալիս, թե իրենից է կախված Իրանից եկող բեռնատարները կկարողանան ճանապարհը շարունակել, թե ոչ։ Եթե նման միջադեպերը շարունակական բնույթ կրեն, Իրանը կարո՞ղ է դադարել դիտարկել Հայաստանը որպես տարանցիկ ուղի։
-Եթե իրավիճակը շարունակվի ու եթե Հայաստանի կողմից չլինեն գործողություններ այդ իրավիճակը վերահսկելու կամ փոփոխելու կամ գոնե այլընտրանքային ճանապարհահատվածի հետ կապված, ապա իրանական կողմում, եթե անգամ դիտարկվի Հայաստանը որպես տարանցման ուղի, ապա ապրանքային հոսքը կամ ապրանքաշրջանառությունը, բեռնափոխադրումները Հայաստանի տարածքով բավականին կնվազեն։ Քանի որ իրանական կողմը, եթե ստացվելու է, որ Հայաստանի տարածքով անցնելուց պիտի ադրբեջանական ոստիկանների հսկողության տակ անցնել, ապա դա կարող է տեղափոխվել Ադրբեջանի տարածքով՝ այսինքն այս հարցում մեր խնդիրները մեծանալու են։
-Ստացվում է, որ Հայաստանը հայտնվելու է շրջափակման մե՞ջ։
-Ստացվելու է, որ տնտեսական առումով Հայաստանը թուլանալու է նախ Իրանի հետ հարաբերությունների մակարդակում, քանի որ նախ Իրանի հետ երկու սահմաններից է, որ գործում են, մյուս երկուսը փակ են թշնամական պետությունների կողմից, երրորդը, եթե հիշենք նախօրոք եղած հայտարարությունները, մասնավորապես, հայտարարությունները, որոնք հնչեցին վարչապետի՝ Իրան կատարած այցի շրջանակներում, ապա կար ցանկություն կամ գոնե հայտարարվում է այդ ցանկության մասին Իրանի հետ առավելագույնը զարգացնելու հարաբերությունները, նմանտիպ խնդիրները Իրանի հետ կապող միակ տարածքում՝ Սյունիքում, կարող են մեծապես և էականորեն խոչընդոտել այդ հարաբերությունների զարգացմանը։
-Ադրբեջանը համառորեն շարունակում է իր քայլերը, իսկ Հայաստանի կողմից լուրջ դիմադրություն չկա՞։
-Ընդհանրապես Արցախյան վերջին պատերազմից հետո Ադրբեջանի կողմից բռնազավթված տարածքների հաշվին ադրբեջանական սահմանների մեծացումը բավականին լուրջ անվտանգային սպառնալիքներ է ստեղծել Հայաստանի համար։ Ադրբեջանական հանրապետությունը, նաև օգտվելով իրավիճակից, բավականին մեծացնում է Հայաստանի հանդեպ և տնտեսական ճնշումները, և անվտանգային ճնշումները, այսինքն իրավիճակը բավականին բարդ է։ Մեր կողմից էլ քաղաքական մակարդակում որևէ արձագանք չկա և նաև այդ արձագանքի բացակայությունից է բխում Իրանի հայտարարությունը՝ իրանական կողմը հիմնականում հենվում է կողմերի պաշտոնական, քաղաքական պաշտոնյաների հայտարարություններին։
-Իրանին ձեռնտո՞ւ է այդ աստիճան կախվածության մեջ ընկնել Ադրբեջանից թե տնտեսական, թե ռազմավարական առումներով, թե մենք Իրանին այլընտրանք չենք թողնում։
-Ընդհանրապես Իրանի համար իր հյուսիսային սահմաններում ձևավորված պանթուրքիստական այդ առանցքը վտանգ է համարվում և նաև այդ մասին են խոսում մի քանի զեկույցներ, որոնք եղան խորհրդարանում, որոնցում նշվում էր, որ Հայաստանը, ի թիվս նաև այլ հարևանների, Ադրբեջանի մասնավորապես, պետք է զարգացվի տնտեսական հարաբերությունները։ Նաև Իրանի խորհրդարանում և պետական կառույցներում ընդունված զեկույցներում և հայտարարություններում կարմիր թելի պես անցնում էր նաև Սյունիքի հարցը, որ իրանական կողմն ամեն կերպ պետք է ներգրավվի Սյունիքում և փորձի զարգացնել հայ-իրանական տարանցման ուղիները՝ խուսափելու համար շրջափակումից թուրքական պետությունների կողմից։ Իրանում միշտ այլընտրանքային ուղիների փնտրտուքներն են շարունակվում, բայց խնդիրն այն է, որ հայկական կողմը այդ խնդիրները կարծես թե չի լուծում։ Այսինքն, Իրանը միշտ խաղում է միջազգային ասպարեզում իր անվտանգային շահերից ելնելով, որը այս շրջանակներում համընկնում է նաև հայկական շահի հետ և որտեղ կա աշխատելու լայն հնարավորություն։
Հայկա Ալոյան