«Խորհուրդներ սեքսոլոգից». Ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ տարիքային մեծ տարբերություն ունեցող զույգերի կյանքում. որն է կատարյալ տարիքային տարբերությունը
Խորհուրդներ սեքսոլոգից
ArmDaily.am-ը շարունակում է «Խորհուրդներ սեքսոլոգից» շարքը, որի շրջանակներում Հայ-Ամերիկյան Առողջության կենտրոնի սեքսոպաթոլոգ, բ.գ.թ. դոցենտ Սևադա Հակոբյանի հետ զրուցում ենք մեր ընթերցողներին հուզող կարևոր հարցերի մասին:
Այս անգամ փորձել ենք պարզել՝ ինչ ազդեցություն կարող է ունենալ հարաբերություններում տարիքային տարբերությունը. որն է կատարյալ տարիքային տարբերությունը զույգերի միջև, արդյոք տարիքային գործոնը որոշիչ նշանակություն է ունենում հարաբերություններում և ինչ խնդիրներ կարող են ի հայտ գալ տարիքային մեծ տարբերություն ունեցող զույգերի կյանքում։
Զույգերի միջև ամուսնությունն իր մեջ ենթադրում է բավականին խորը փոխհարաբերություններ՝ սկսած սոցիալական համատեղ կյանքից, ընդհանուր հոգեկան բավարարվածությունից մինչև հոգեսեքսուալ առողջ կյանք: Ամուսնական զույգերի ներդաշնակությունը և ընտանեկան սեքսուալ հարմոնիան ապահովելու համար գոյություն ունեն մի շարք գործոններ, որն առաջին հերթին ենթադրում է զույգերի միջև հարմոնիկ սեռական հարաբերություն: Ցանկալի է, որ նրանք ունենան իրար մոտ սեռական պահանջմունք: Երբեմն կարևոր հանգամանք է նաև զույգերի տարիքային տարբերությունը, որը պայմանավորում է զույգերի ընդհանուր մտահորիզոնների, մտածողության տեսակների տարբերությունը:
Այն պարագայում, երբ զույգերի տարիքային տարբերությունը գերազանցում է 15 և ավելի տարին, նկատվում են նաև սեռական պահանջմունքի տարբերություններ: Երբ կնոջ տարիքը 30-35 է, արթնանում է երկրորդ սեքսուալությունը՝ իր մեջ ենթադրելով սեռական պահանջի բարձրացում, իսկ այդ ժամանակ ամուսնու մոտ սեռական պահանջը մնում է նույն մակարդակի կամ փոքր ինչ նվազում է:
Տարիքային գործոնը «որոշիչ, բայց ոչ ավերիչ» նշանակություն է ունենում, այսինքն՝ սա կախված է նաև անձանց հոգեէմոցիոնալ առանձնահատկություններից, միջանձնային հարաբերություններից, սեռական կոնստիտուցիայի տիպից: Տարիքային գործոնով պայմանավորված սեռական ակտիվության տարբերությունները կարող են համակշռվել ուժեղ սեռական կոնստիտուցիայի տեսակով: Եվ ի վերջո, առավել կարևոր նշանակություն ունեն զույգերի միջև փոխադարձ սերը և նվիրումը: