Երբ ես ձայնագրությունները հրապարակեմ, նույնիսկ այն դատավորը, ով խոսք կտա՝ մեղադրական դատական ակտ է կայացնելու, ըմբոստանալու է. Ռուբեն Վարդազարյան
Հարցազրույց
ArmDaily.am-ի հարցազրույցը Բարձրագույն դատական խորհրդի նախագահ (լիազորությունները կասեցված են) Ռուբեն Վարդազարյանի հետ։
- Պարոն Վարդազարյան, երեկ հրապարակել էիք, որ Ձեր դեմ հարուցված քրեական գործով նախաքննության ավարտ է հայտարարվել։ Արդյոք այս կարճ ժամանակահատվածում ամբողջական եւ բազմակողմանի նախաքննություն է իրականացվել եւ ի՞նչ է պարզվել դրա արդյունքում։
- Թե ինչ որակի է կատարվել նախաքննությունը՝ չեմ կարող այս պահին պատասխանել, որովհետեւ այնքան կարճ ժամանակ են տվել գործի նյութերին ծանոթանալու, որ դեռ մինչեւ վերջ չեմ ծանոթացել։ Սահմանափակելով նախաքննության նյութերին ծանոթանալու ժամկետը՝ ակնհայտ իմ իրավունքների խախտում է։ Գործը երեք հատորից է բաղկացած, բայց դրանց ծանոթանալու համար երկու օր ժամկետը բավականին փոքր ժամկետ է, գործի նյութերին ծանոթանալը միայն ընթերցելը չէ, այլ դրանք փաստաբաններիս հետ քննարկելը եւ միջնորդություններ ներկայացնել։
- Անիմաստ չե՞ն միջնորդություններ ներկայացնելը, քանի որ, միեւնույն է, դրանք չեն բավարարվելու, եթե բավարարվեն էլ, Ձեր օգտին որոշում դժվար կայացնեն։
- Միգուցե այնպիսի միջնորդություն եմ ներկայացնում, որ քննիչը բավարարում է, որի արդյունքում այնպիսի տվյալներ եմ ձեռք բերում կամ այնպիսի իրավական դիրքորոշում եմ հայտնում, որ նյութերով քրեական գործը կարճվում է։ Սակայն, այդ սահմանափակումը նման նպատակ է հետապնդում, որ չկարողանամ, չհասցնեմ ծանոթանալ, քննարկել փաստաբաններիս հետ եւ նման միջնորդություն չներկայացնեմ։ Այս պահին հերթական անգամ արձանագրում եմ իմ իրավունքների խախտում։
- Եթե դուք այս քրեական գործը համարում եք հետապնդում՝ Ձեր հայտնի հայտարարության հետ կապված, ի՞նչ հույսեր ունեք քննիչի անկախության հետ կապված, որ կբավարարի Ձեր միջնորդությունը եւ քրեական գործն էլ կկարճի։ Այսինքն՝ սկսած գործը կիսատ չեն թողնի չէ՞, եթե որոշել են ձեզ դատել, կդատեն։
- Համաձայն չեմ այդ արտահայտության հետ, որովհետեւ դատողը ոչ քննիչն է, ոչ դատախազն է, ոչ էլ իշխանությունն է, դատողը դատարանն է։
- Որի անկախությանը Դուք հավատում եք։
- Այո, ես անհույս ռոմանտիկ եմ եւ հավատում եմ դատական համակարգի անկախությանը։
- Ձեր գործով այսպես արագ նախաքննության ավարտ հայտարարելն արդյոք կապված չէ՞ նրա հետ, որ օր առաջ դա մակագրեն ձեռքով, քանի դեռ սերվերները չեն բերել։
- Միանշանակ համակարծիք եմ Ձեզ հետ, ասեմ ավելին՝ նման ցինիզմ՝ որպիսին է գործերի մակագրության ավտոմատացված համակարգի սերվերների առգրավումը եւ թողնել, որպեսզի դատարանների նախագահները գործերը ձեռքով մակագրեն, Հայաստանի նորագույն պատմության մեջ դատական իշխանությանը ավելի բիրտ միջամտություն, քան սա է, ես չեմ հիշում։
- Իսկ ավելի մեղմ միջամտությունը ինչպե՞ս էր լինում, գուցե խորհրդի կարգով հուշեք իշխանություններին, որ փորձեն այնպես անել, որ իրենց համար կարեւոր գործերը ցանկալի դատավորները քննեն, բայց ոչ նման բիրտ մեթոդներով։
- Ես իշխանության խորհրդատուն չեմ, ԲԴԽ նախագահի ժ/պ-ի խորհրդատուն չեմ, խորհուրդ տալու առաքելություն չունեմ։
- Ձեր ժամանակ ինչպե՞ս էիք անում, որ Ձեզ համար կարեւոր գործերը ցանկալի դատավորները քննեին։
- Ձեզ համար իմ պատասխանը գուցե զավեշտալի կամ ծիծաղելի թվա, բայց աշխատելով 10 տարի որպես դատարանի նախագահ, հետո ԲԴԽ նախագահ՝ ես ոչ մի անգամ չեմ միջամտել գործերի պատահականության սկզբունքով մակագրությանը։ Ձեւերը իմացել եմ, այո, իմացել եմ, այս մեթոդը գիտեի՝ գիտեի, չեմ արել՝ միտումնավոր չեմ գնացել այդ քայլին, վստահ եմ՝ կանցնի ժամանակ, այն անձինք, ովքեր սա ծրագրավորել եւ ի կատար են ածել, կանգնելու են օրենքի առջեւ եւ պատասխան են տալու։
- Ո՞ւմ է մակագրելու Ձեր գործը Ձեր գործընկեր Արթուր Մկրտչյանը։
- Վստահ եմ՝ գործը կմակագրվի այն դատավորին, ով նախապես խոստում կտա, որ մեղադրական դատական ակտ է կայացնելու։
- Փաստորեն Ձեր նշանակած դատարանի նախագահը եւս գնում է իշխանության հետ գործարքի՝ Ձեր դեմ քայլ անելով։
- Իմ նշանակած դատարանի նախագահը չէ, Արթուր Մկրտչյանի թեկնածությունը կատարել եմ ես, ԲԴԽ-ն քվեարկել է նրա օգտին, ՀՀ նախագահը ստորագրել է հրամանագիրը։
-Ընդունո՞ւմ եք Ձեր մեղքը եւ մեղավորությունը։
-Ոչ, չեմ ընդունում։
- Չե՞ք կարծում, որ Դուք սխալ թեկնածուներ եք առաջարկում, մարդիկ, ովքեր հավատարիմ չեն իրենց սկզբունքներին եւ առաքելությանը, կարող են արագ ճնշումների ենթարկվել, գնալ գործարքի։ Արթուր Մկրտչյանը՝ մեկ, Լիլիթ Թադեւոսյանը՝ երկու, ում թեկնածությունը եւս Դուք էիք առաջարկել, դարձավ Վճռաբեկի նախագահ եւ Ձեր ձեռքով հանձնեցիք Վճռաբեկը։
- Թույլ տվեք այդ հարցին չպատասխանել, ունեմ պատասխան, չեմ ուզում պատասխանել։
- Պատահակա՞ն էր, որ ԱԺ-ում ծեծկռտուքի օրերին դատավոր Արմինե Մելիքսեթյանը երկար տատանվելուց հետո Ձեր դեմ որոշում հրապարակեց, պատահակա՞ն էր հենց այդ օրերին նման որոոշում կայացնելը, որ աննկատ անցնի, բողոքարկե՞լ եք այն, թե՞ ոչ։
- Միանշանակ պատահական չէր, Արմինե Մելիքսեթյանը սպասեց Վերաքննիչ դատրանի որոշմանը եւ որոշում կայացրել, ես դա քաղաքական պրոցեսների հետ չեմ կապում, այլ Վերաքննիչի կողմից ակնհայտ ապօրինի դիրքորոշում հայտնելու հետ։ Այս որոշումը բողոքարկել եմ Վճռաբեկ դատարան, իսկ Մելիքսեթյանինը՝ Վերաքննիչ։
- Նաեւ վարչական դատարան էիք չէ՞ դիմել ԲԴԽ-ի դեմ, որ օրինական ուժի մեջ մտած դատական ակտը կատարելու վերաբերյալ Ձեր դիմումը քննության առարկա չեն դարձրել, ո՞ր փուլում է այդ հայցը։
- Ինձ հասած տեղեկություններով՝ առաջին ատյանի դատարանը վարույթի ընդունումը մերժել է, վերաքննիչը վարույթ է ընդունել իմ բողոքը, չեմ կարող ենթադրել՝ ինչ որոշում կկայացնի։
- Կարո՞ղ ենք արձանագրել, որ ԲԴԽ նախագահը Հայաստանի դատական համակարգում չի կարողանում արդարադատության հասնել։
-Ոչ, չենք կարող նման բան արձանագրել, քանի որ այս փուլը դեռ վերջնական դատական ակտ գոյություն չունի, հետեւաբար՝ արդարադատություն կա, թե ոչ՝ չեմ կարող ասել, այն պրոցեսը, որը կապված է նախաքննական մարմնի եւ դատախազության հետ՝ արդարադատության իրականացման հետ որեւէ աղերս չունի։ Բայց, բարեբախտաբար, Հայաստանում արդարադատությունն իրականացվում է դատարանների կողմից։
- Այսինքն՝ դուք հավատում եք, որ Վճռաբեկ դատարանում հաջողության կհասնեք, առայժմ հաջողության հասել եք միայն առաջին դատարանում, այն էլ՝ մասնակի՝ «Երկաթե մարդու»՝ Դավիթ Հարությունյանի որոշումը նկատի ունեմ։
- Վճռաբեկ դատարանը կոլեգիալ մարմին է, այդ դատարանի դատավորները գիտակցում են այն մեծ բեռը, որ իրենք կայացնում են նախադեպային որոշում։ Եթե Վճռաբեկը նախադեպ ձեւավորի, որ հնարավոր է դատավորին պատասխանատվության ենթարկել առանց Բարձրագույն դատական խորհրդի որոշման, ապա դա ապագայի համար վատ հիմքեր եւ պայմաններ կստեղծի։ Չեմ կարծում, որ Վճռաբեկը համաձայն է այն դիրքորոշման հետ, որ առանց ԲԴԽ թույլտվության դատավորի նկատմամբ կարելի է քրգործ հարուցել, բոլորը պետք է քաջ գիտակցեն, որ այդ դամոկլյան սուրը օրերից մի օր կարող է իրենց գլխին կախվել։
- Այսինքն՝ դուք մտածում եք, որ Վճռաբեկը կհամարի, որ այդ ուղտը իրենց դռանն էլ կարող է չոքել եւ որոշում կկայացնի, մի՞թե նման նախադեպեր է ստեղծել Վճռաբեկը եւ ոչ պակաս կարեւոր գործերով։
- Չէի ցանկանա Վճռաբեկի նախադեպերին գնահատական տալ, համենայն դեպս՝ Վճռաբեկը մինչ օրս աչքի է ընկել եւ օրինականությամբ, եւ հեռատեսությամբ։
- Ձեր «կոմպլիմենտից» Վճռաբեկում կշոյվեն, իսկ թե ինչ կլինի հետո՝ շատ հուզիչ է։
- Սա կոմպլիմենտ չէ, սա իրականություն է, Վճռաբեկի նախադեպային որոշումները ամեն տարի ժողովածուում հրապարակվում են, այդ դատարանը միշտ փորձում է մնալ իրավական դաշտում։
- Պարոն Վարդազարյան, մեր դատարանները այնքան վատն են, որ իրենց տասնյակ տարիների գործընկերոջ դեմ որոշում են կայացնում՝ գործարքի գնալով իշխանությունների հետ, թե այնքան լավն են, որ հաշվի չառնելով այդ հանգամանքը՝ արդարադատություն են իրականացնում։
- Ձեր հարցը ենթատեքստ ունի։ Ես երբեք չեմ միջամտել դատավորների գործունեությանը դատական ակտ կայացնելիս նամանավանդ քաղաքական դրդապատճառներով, դա կփաստեն իմ գործընկերները
- Բայց դուք այժմ մեղադրվում եք արդարադատությանը խոչընդոտելու նպատակով դատարանի գործունեությանը միջամտելու համար։
- Երբ նախաքննությունը ավարտվի, նախաքննական գաղտնիք եզրույթը ինձ չխանգարի, ես ինքս կհրապարակեմ այն ձայնագրությունները, որի հիման վրա ինձ մեղադրանք է ներկայացված, կխնդրեմ մեր իրավական հանրությանը իրենց գնահատականներ տալ այդ ձայնագրությունների եւ դիսպոզիցիայի հիման վրա։ Եթե կհայտնվի գեթ մեկ հարգարժան իրավաբան, ով կասի՝ այս ձայնագրությունները եւ հոդվածը համապատասխանում են, իմ արարքում կա հանցակազմ, ապա ես ինքս կամավոր ձեռքերս կբարձրացնեմ եւ կհանձնվեմ։ Ցավոք, այս պահին իրավունք չունեմ հրապարակել ձայնագրությունները եւ չեմ հրապարակում։ Խոստանում եմ, որ այս քրեական գործի քննությունը լինելու է ամենաթափանցիկը, ամենաքննարկվելին եւ որեւէ գաղտնի տեղեկություն չի լինելու, կտեսնենք՝ ինչպիսի հանրային կարծիք կձեւավորվի իմ արարքի եւ ինձ մեղասգրվող հոդվածի վերաբերյալ։
- Մեր դատարանները այնքան վատն են, թե այնքան լավն են՝ հարցս մնաց անպատասխան...։
- Մեր դատարանները այնքան լավն են եւ ըստ Ձեր տեքստի...։
- Այնքան լավն են, որ Ձեզ դատո՞ւմ են, գնահատե՞մ Ձեր հումորի զգացողությունը։
- Հումոր չեմ անում, մի քանի օր համբերենք, երբ ես ձայնագրությւնները հրապարակեմ, նույնիսկ այն դատավորը, ով խոսք կտա, որ մեղադրական դատական ակտ է կայացնելու, ըմբոստանալու է։
- Այս դատարանները, նաեւ Ձեր ստեղծած, Ձեր կողմից նշանակված անձինք, արդենք երեք ակտ են կայացրել Ձեր դեմ, որը Դուք եք հակաօրինական որակում... բայց Դուք հայտարարում եք՝ մեր դատարանները այնքան լավն են..., էլ լավը ո՞րն է։
- Մենք ունենք լավ դատական համակարգ, բայց ունենք դատավորներ, որոնք ինչ-ինչ պատճառներով վախենում են այս փուլում արդարադատություն իրականացնել՝ ճնշումներից ելնելով։
- Ճնշումներից վախեցողը դատավորը ինչպե՞ս կարող է լավը լինել։
- Ուզում եմ առանձակի ուշադրություն դարձնել, որ սերվերը առգրավելը դա Հայաստանի նորագույն պատմության մեջ նախադեպը չունեցող միջամտություն է դատական համակարգի անկախությանը, բայց դա մեկ-երկու անձի քմահաճույքի կատարումն է, ոչ թե դատական համակարգի մեղավորությունը։
- Ովքե՞ր են այդ անձինք։
- Ժամանակը կգա, նախաքննական մարմինն այդ անունները կհրապարակի։
- Ժամանակը դատական համակարգի եւ Ձեր դեմ է աշխատում, արդարադատության հասնելու հույսերը հօդս են ցնդում, Ձեր գործընկերները հանձնվում են՝ չդիմանալով ճնշումներին եւ հին հարցս նորից ակտուալ է՝ չե՞ք մտածում հրաժարական տալ եւ հանգիստ ապրել։
- Չեմ մտածում, որովհետեւ ես անհույս ռոմանտիկ եմ, վստահ եմ, որ կգա մի օր, երբ այս ամենը կբացահայտվի, ճշմարտությունը կհաղթի, կկարողանամ շարունակել աշխատել դատական համակարգում եւ դատական համակարգի կայացման համար։ Իհարկե, հոգնել եմ, բայց քանի որ տեսակս պայքարող է, մինչեւ վերջ պայքարելու եմ, ոչ թե ես եմ հաղթելու, այլ արդարադատությունն է հաղթելու, իմ հաղթանակը կամ պարտությունը այդտեղ նշանակություն չունի, եթե կարողանանք դիմակայել եւ դատական իշխանությունը հաղթի, ապա բրավո բոլորիս։