Պարտադիր պատվաստումները չունեն բավարար արժանահավատություն և դրանց նախատեսումը ինքնին անձի ազատության և ինքնավարության լրջագույն խախտում է. իրավաբան
Հարցազրույց
Ինչպես հայտնի է, գրեթե բոլոր ոլորտների աշխատակիցները հոկտեմբերի 1-ից արդեն պետք է պարտադիր պատվաստվեն կամ 14օրը մեկ ՊՇՌ թեստ ներկայացնեն։ Դրանից բացի Արդարադատության նախարարությունը շրջանառության մեջ նախագիծ է դրել, ըստ որի՝ հանրային պաշտոն զբաղեցնող անձին կարող են պաշտոնից ազատել, եթե հոկտեմբերի 1-ից չներկայացնի ՊՇՌ թեստ կամ պատվաստման սերտիֆիկատ։ Այս պարտադիր-կամավոր պատվաստումների թեմայով ArmDaily.am-ը զրուցել է իրավաբանական գիտությունների թեկնածու Վահե Թորոսյանի հետ։
- Վերջերս նորից ակտիվացել են քննարկումները պարտադիր պատվաստման վերաբերյալ: Արդյոք մարդու իրավունքների խախտում չէ նման հարկադրանքը:
- Այս հարցի վերաբերյալ պետությունները տարբեր մոտեցումներ են որդեգրել, կան այնպիսիք, որ օրենսդրությամբ ուղղակիորեն ամրագրում են պարտադիր պավաստման նորմեր: Հայաստանի Հանրապետությունում այդ պահանջը դրված է անուղղակիորեն, այսինքն այնպիսի պայմաններ և կարգավորումներ են սահմանված, որ պատվաստումից հրաժարումը անձի համար դառնա գլխացավանք և չպատվաստված անձը պարզապես դուրս մղվի հասարակական հարաբերություններից և դառնա մեկուսի սուբյեկտ: Այսինքն, երբ մենք անձին կանգնեցնում ենք պատվաստվելու կամ ՊՇՌ թեստի բացասական արդյունք ներկայացնելու չոր երկընտրանքի առաջ, ակնհայտ է, որ այստեղ գործ ունենք պատվաստմանը հարկադրելու գռեհիկ ձևի հետ:
- Դա թերևս բացատրում են հանրային առողջության պահպանման նկատառումներից։
- Իբրև արդարացում այո վկայակոչում են հանրային առողջության պահպանումը, բայց որևէ կերպ չեն հիմնավորում պատվաստանյութերի անվտանգությունը, դրանց արդյունավետությունը, հատկապես, երբ հասարակության մեջ դրանց նկատմամբ կա թերահավատություն, իսկ որոշ դեպքերում նաև հստակ փաստեր պատվաստանյութերի վնասակար և նույնիսկ մահաբեր հետևանքների մասին: Այնպես, որ համավարակի կանխարգելման նպատկով կատարվող պարտադիր պատվաստումները չունեն բավարար արժանահավատություն և հետևաբար չեն դրանց պարտադիր նախատեսումը ինքնին անձի ազատության և ինքնավարության լրջագույն խախտում է:
- Այսինքն պատվաստումը կարող է հակասել մարդու անձնական ազատությանը, բայց չէ՞ որ դա վերաբերում է մարդկանց առողջությանը:
- Շատ նուրբ գնահատողական խնդիր է սա: Ի վերջո նժարի վրա է դրվում մի կողմից հանրային առողջության պահպանումը, մյուսում` մարդու ազատությունը և ինքնավարությունը: Մասնավոր և հանրային շահերի հավասարակշռության առումով անշուշտ գերակա է հանրային շահը, տվյալ դեպքում` հանրային առողջությունը, բայց նախ պետք է հիմնավորվի՝ արդյոք պարտադիր պատվաստումը բխում է հանրային առողջության պահպանությունից, թե այստեղ այլ քողարկված նպատակներ են թաքնված: Չէ՞ որ հարց է առաջանում՝ ինչու են պետությունը և միջազգային կառույցները իրար հերթ չտալով փորձում հարկադրանքի տարբեր գործիքներ կիրառել մարդկանց պատվաստելու համար, ընդ որում անվճար և սիրահոժար կերպով, մինչդեռ վարակի ախտորոշման թեստերի դեպքում մարդկանցից գանձվում են ահռելի գումարներ: Ինչևէ անձի ազատությունը, անգամ կրոնական համոզմունքը լուրջ աղերս ունի պարտադիր պատվաստումից հրաժարվելու համար:
Նկատենք, որ օրինակ Եհովայի վկաները ազատվում են արյան փոխներարկման բժշկական միջամտությունից միայն իրենց գաղափարական համոզմունքներից ելնելով, անգամ, եթե նրանց կյանքին վտանգ է սպառնում: Հասկանալի է, որ համավարակը մասնավոր խնդիր չէ և վերաբերում է բոլորին, բայց անգամ այս դեպքում, նորից եմ կրկնում, չի կարելի խախտել մարդու անձնական և հոգևոր անձեռնմխելիությունը և մտքի, խղճի դավանանքի ազատությունը: Այս համաչափությունը արդարության հաստատման առումով շատ կարևոր է:
- Նման դեպքում չեք կարծում, որ կարող է անձի ցանկացած պարտականություն չարաշահվել իր ներքին ազատության հիմքով, օրինակ մարդիկ կարող են խուսափել զինվորական ծառայությունից համատարած` նշելով, որ դա դեմ է իրենց համոզմունքներին:
- Իհարկե կա այդ խնդիրը և որևէ պարագայում անձի ազատությունը բացարձակ չէ: Բայց, երբ խոսքը գնում է պատվաստման հարկադրանքի մասին, այստեղ միջազգային պրակտիկան որոշ ուղենիշներ և թեստեր է սահմանում, որի բավարարումից հետո նոր միայն կարելի է գնալ նման քայլի: Առաջինը պետք է հիմնավորվի պատվաստանյութի անվտանգությունը, հնարավոր ռիսկերը, դրանց դեպքում վնասի հատուցման մեխանիզմները, բացի այդ այն պետք է սահմանված լինի օրենքով և բխի համաչափության սկզբունքից: Մեր պարագայում Առողջապահության նախարարի հրամանը, որ նախատեսում է աշխատողների համար անուղղակի պատվաստման պահանջ, օրենք չէ և չի կարող սահմանափավել մարդու ոչ անձնական ազատությունը, ոչ անձնեռմխելիությունը և առհասարակ անձի ինքնավարությունը: Դա միայն կարող է սահմանվել օրենքով և իրավաչափ նպատակներով: Բացի այդ դա պետք է լինի անհետաձգելի սոցիալական պահանջ: Իսկ կա արդյոք նման պահանջ: Կարծես թե ոչ: Հայաստանը նոր է անցել պատերազմի արհավիրքով և այսօր մեր խնդիրը և միակ նպատակը մեր պետականությունը պահպանելն է, այլ ոչ թե արհեստական առողջապահական օրակարգերին տուրք տալը: