ԿԳՄՍ-ն անընդհատ կտրուկ փոփոխություններ է անում, ինչը ճիշտ չէ․ կրթության փորձագետը՝ հոգաբարձուների խորհրդի անդամների՝ ԿԳՄՍ նոր առաջարկի մասին
Հարցազրույց
ԿԳՄՍ-ն e-draft կայքում նախագիծ է տեղադրել, որով նախատեսվում է բուհերի հոգաբարձուների խորհուրդը գործող 32-24 հոգու փոխարեն դարձնել 20 հոգանոց։ ArmDaily.am-ը նոր նախագծի մասին զրուցել է կրթության փորձագետ Սերոբ Խաչատրյանի հետ։
- Ինչպե՞ս եք վերաբերում ԿԳՄՍ-ի կողմից հոգաբարձուների խորհուրդների անդամների թվի մասին նոր նախագծին։
- Այս որոշումն իհարկե արդյունք է այն բանի, որ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց այն կետը, որով կառավարությունը ունենում էր ավելի շատ ներկայացուցիչներ բուհական խորհուրդներում, քան բուհը։ Այստեղ ուղղակի խնդիրը հետևյալն է՝ նախարարությունն անընդհատ կտրուկ փոփոխություններ է անում, ինչը ճիշտ չէ։ Այսինքն, մեկ երեսուն, մեկ քսան, մեկ ինը, այսինքն այս թվերի այսպիսի փոփոխությունները խոսում են այն մասին, որ նախարարությունն ինքը չունի հստակ ռազմավարություն, թե ինչպես է ինքը պատկերացնում այդ խորհուրդները։ Անընդհատ այսպիսի թվերի կտրուկ փոփոխությունը անընդունելի է։ Բայց լավն այն է հիմա, որ բոլոր կողմերն ունենում են հավասար ներկայացուցիչներ և արդեն այդտեղ նախկին խնդիրը կլուծվի, որ ավելի շատ ներկայացուցիչներ ունի կառավարությունը, քան բուհը՝ հիմա հավասարվում է։ Եվ նաև կարևոր է իհարկե բուհերի չափը հաշվի առնել։
- Այսինքն անդամների թիվը պիտի համապատասխանեցվի բուհի մեծությա՞նը։
- Մենք ունենք բուհեր, որոնք շատ մեծ են և բնականաբար իրենք չեն կարող ունենալ փոքր խորհուրդ։ Եթե խորհուրդը լինում է փոքր՝ դա լինում է ոչ ներկայացուցչական։ Եթե ԵՊՀ-ն ունի 20 ֆակուլտետ, բնականաբար այդտեղ մեծ խորհուրդ է պետք, որպեսզի ֆակուլտետների գոնե մի մասը ներկայացված լինի։ Այնպես որ այդ ճկունությունն էլ է դրական։
- Հինգ հոգի կառավարության ներկայացուցիչներն են լինելու և հինգ հոգի լիազոր մարմնից՝ ԿԳՄՍ-ից։ Ամենայն հավանականությամբ ԿԳՄՍ-ն պաշտպանելու է կառավարության տեսակետը, արդյո՞ք խնդիր չի առաջանա երկու կողմերի տեսակետների պաշտպանության հարցով։
- Այո, տեսեք, այստեղ այսպես է, այդպիսի խնդիրներ լինում են, բայց երբեմն նաև դրանց խորամանկ լուծումներ կարող են լինել։ Այսինքն, օրինակ, չգիտեմ Ճարտարագիտական համալսարանում ռեկտորի ընտրություններին վերջին, որը հին կարգով էր, այնպես ստացվեց, որ նախարարության ներկայացուցիչներից մեկը փաստորեն կողմ քվեարկեց բուհի թեկնածուին։ Այսինքն, այստեղ շատ բան կախված է նրանից, թե խմբերը ինչպես են կարողանում խմբից գոնե մեկին փախցնել կոպիտ ասած։ Հիմա նույնը այստեղ կարող է լինել, կարող է այնպես ազդեն, որ բուհի թեկնածուներից մեկը՝ կլինի դասախոս կամ ուսանող, լինի այնպիսի մարդ, որը այլ կերպ քվեարկի։ Բայց, պարզ է, որ բուհերն էլ ձգտելու են այնպիսի մարդկանց ընդգրկել, որոնք այլկերպ չքվեարկեն։ Այստեղ հավասար ձայների մոտեցումն ունի այդ խնդիրը՝ իսկապես կարող են լինել պատային իրավիճակներ։ Եթե բուհի ներսի մարդիկ միաձայն քվեարկում են և կառավարության մարդիկ, ապա հնարավոր է այստեղ նաև ոչ մի թեկնածու չհավաքի բավարար ձայներ։
- Տվյալ դեպքում, ո՞րն է ճիշտ, որ Հոգաբարձուների խորհրդում ներկայացվաության առավելագույն թիվ ունենան բուհերի ներկայացուցիչները, թե կառավարության ու լիազոր մարմնի։
- Անձամբ ես կողմ եմ հավասարին, բայց այստեղ ամենակարևոր գործոնը հետևյալն է, որ մարդիկ փորձեն քվեարկել ըստ արժանիքների։ Հայաստանի պրոբլեմը դա է, որ ընտրությունների ժամանակ այդ թայֆայական հոգեբանությունն է աշխատում, որ մենք պիտի մեր ընկերոջը քվեարկենք կամ մեր ներսի մարդուն, ինչի պիտի դրսից մարդ գա և այլն։ Այ այսպես ենք մենք քվեարկում, դրա համար ենք այս օրի։ Բայց, եթե մենք քվեարկենք ըստ թեկնածուի արժանիքների, տեսնենք մարդը ինչ ճանապարհ է անցել, ինչպես է պատկերացնում բուհի ապագան, ինչպիսի պատրաստվածություն ունի և արդեն անկախ նրանից՝ ես ուսանող եմ, դասախոս եմ, նախարարությունից եմ, որտեղից եմ՝ դա որևէ դեր չխաղա։ Այսինքն, ինչպես ասում են, մարդը քվեարկի իր խղճի մտոք, այսինքն հաշվի առնելով թեկնածուի արժանիքները։ Բայց մեզ մոտ այդպես չի, զանգում ասում են՝ սրան պիտի քվեարկես, մյուսներն էլ ասում են՝ լավ, որովհետև այդ լոյալության սկզբունքը խանգարում է մեզ՝ թայֆայական հոգեբանությունն է։
Հայկա Ալոյան