Հոգաբարձուների խորհրդում 20 անդամի առկայությունը թույլ կտա ավելի արդյունավետ կազմակերպել խորհուրդների աշխատանքը. ԿԳՄՍ-ն պարզաբանում է
Հարցազրույց
ԿԳՄՍ բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության վարչության պետի տեղակալ Լուսինե Գրիգորյանն ArmDaily.am-ի հետ զրույցում ասաց, որ իրենց նախարարությունը օգոստոսի 10-ին e-draft կայք է տեղադրել մի նախագիծ, որով առաջարկում է ՀՀ տարածքում գործող բոլոր բուհերի հոգաբարձուների խորհուրդների անդամների թիվը դարձնել 20 հոգի։
Հիշեցնենք, որ սրանից առաջ առաջարկվել էր հոգաբարձուների խորհրդի անդամների թիվը դարձնել 9 հոգի՝ ներկայում գործող 24-32 հոգանոց խմբերի փոխարեն՝ կախված բուհի մեծությունից։ Վերջին առաջարկը կասեցվել էր Սահմանադրությանը հակասելու պատճառով։
- Նախագծում ի՞նչ առաջարկներ եք ներառել։
- Նախագիծը մի երկու օր առաջ ենք տեղադրել՝ օգոստոսի 10-ին, որով, ըստ էության, էական փոփոխություններ բուհերի հոգաբարձուների խորհրդի ձևավորման սկզբունքներում, կարգում չեն լինում։ Ուղղակի նախարարությունը առաջնորդվելով գործող օրենքների կարգավորումների շրջանակում խորհուրդների թիվը առաջարկվում է հասցնել նվազագույնի՝ բարձրագույն հետբուհական մասնագիտական կրթության օրենքով սահմանված՝ դա 20 թիվն է։ Այս պահին 16 պետական բուհերի խորհուրդների թիվը 24-ից 32-ն է, որոշ բուհերում 24, ավելի խոշորներում 32։ Մենք առաջարկում ենք խորհուրդների թիվը դարձնել 20 նույն գործող համամասնությամբ՝ հիմնադրի, լիազոր մարմնի, պրոֆեսորա-դասախոսական կազմի և ուսանողության ներկայացուցիչներից։ Եվ այո, թվային տեսքի բերելով 5-5-5-5-ական ներկայացուցիչներ։
- Այս փոփոխության նպատակը ո՞րն է, ի՞նչ խնդիր է լուծելու։
- Գործող խորհուրդներն ունեն կառավարչական որոշումներ կայացնելու օպերատիվության խնդիր։ Քանի որ խորհուրդների թվի մեծաքանակ լինելն էր նաև խանգարում խորհուրդների գործունեության կազմակերպմանը, նաև մեր նոր օրենքի տրամաբանությամբ ավելի քչացրել ենք՝ դարձրել ենք ինը հոգի, այս պահին էլ որոշ խորհուրդներ չեն գործում, մյուս խորհուրդներում էլ արդեն փոփոխությունների ենթարկելու համալրելու ժամանակներն էր, ուղղակի թիվը քչացրել ենք, օպտիմալ թիվ է դա, որը մեր կարծիքով այս պահին գործող կարգավորումների շրջանակում ավելի թույլ կտա, որ խորհուրդներն աշխատեն ավելի արդյունավետ։
- Նույն 9-հոգանոց խորհրդի մասով բուհերի պրոֆեսորա-դասախոսական ու ուսանողությանը ներկայացնող խմբերը ասում էին, որ սա բուհը քաղաքականացնելու, իշխանությանը ենթարկելու միջոց է։ Արդյո՞ք այս նախագծի հետ կապված նույն մտահոգությունները չեն կարող լինել՝ հաշվի առնելով, որ թե կառավարությունն է 5 ներկայացուցիչ ունենալու,թե լիազոր մարմինը, որը ենթարկվում է կառավարությանը։
- Այո, բայց այստեղ որևէ էական սկզբունքային փոփոխություն չկա։ Այս կարգավորումը գոնե քսան տարի աշխատում է՝ 1999 թվականից սկսած։ 2002 թվականից, երբ որ բուհերը դարձան ՊՈԱԿ-ներ, մոտ 20 տարի է այս համամասնությունը աշխատում է՝25,25,25։ Հիմա քաղաքականցված լինելու առումով չեմ կարծում, որ քաղաքականացված չեն։ Նոր նախագծով մենք ընդհակառակը, այո, բացառել էինք քաղաքական պաշտոններ զբաղեցնող անձանց ներկայությունը Հոգաբարձուների խորհրդում, բայց այս փոփոխությունը հին կարգավորման հին համամասնությունն է։ Եթե նկատել եք վերջին երեք տարիներում քաղաքական առաջին դեմքերը՝ նախարար, նախագահ կամ Ազգային Ժողովի նախագահ՝ ընդգրկված չէին հոգաբարձուների խորհրդում։
- Բայց այժմ ԵՊՀ-ի Հոգաբարձուների ժամանակավոր խորհուրդը, որ կազմվել է Արդարադատության նախարարության կողմից՝ ներկայացված երեք անձանցից առնվազն երկուսը զբաղեցնում են քաղաքական պաշտոն։
- Այո, որովհետև ԵՊՀ-ի դեպքը յուրահատուկ դեպք է, սա ժամանակավոր խորհուրդ է՝պետք է չմոռանալ և նաև այս փոփոխության, այս նախագծի նպատակներից մեկն էլ, այո, այն բուհերը, որտեղ չկան խորհուրդներ՝ առաջինը ԵՊՀ-ում, ձևավորել խորհուրդ։ Հաշվի առնելով նաև Սահմանադրական դատարանի մոտեցումները, որոշումը, որով նոր օրենքի կառավարման խորհրդին վերաբերող հոդվածը ճանաչվել էր հակասահմանադրական, պետք է որևէ միջոց ձեռնարկվի, որ բուհերում լինեն խորհուրդներ և այս լուծումը, այս նախագիծը հենց միտված է նաև այն բուհերում, որտեղ չկան խորհուրդներ, որոշման ընդունումից հետո մինչև այս տարվա վերջ անցումային դրույթներում նախատեսել ենք ստեղծել նոր խորհուրդներ։
- Արձագանքներ ստացե՞լ եք։
- Որևէ արձագանք չունենք։ նախկին համամասնության դեմ ունեինք, որոնք հղում էին անում Սահմանադրական դատարանին, անընդհատ նշում էին, որ դա հակասահմանադրական է, այս պահին որևէ մեկնաբանություն, որևէ կարծիք, որևէ արձագանք չունենք, որը նորմալ ընթացքի մեջ է։ Դրված է հանրային քննարկման, ուղարկել ենք բուհեր, սահմանված կարգն ենք պահպանում՝ 15 օր հանրային քննարկման։ Այս ընթացքում էլ, եթե լինեն արձագանքներ և նաև միաժամանակ նաև պետք է շրջանառենք համապատասխան մարմիններ՝ այդ թվում առաջինը արդարադատության նախարարություն՝ ստանալու փորձագիտական եզրակացություն։
- Նշեցիք, որ Հոգաբարձուների խորհրդում նվազագույն թվի ընդունումը պայմանավորում եք աշխատանքի առավել արդյունավետ կազմակերպմամբ։ Որո՞նք են երաշխիքները, որ այս թիվը կապահովի այդ արդյունավետ աշխատանքը։
- Որևէ երաշխիք որևէ բանի մասին լիարժեք ունենալ չենք կարող։ խորհուրդները կձևավորվեն և կսկսեն աշխատելը։ մեխանիզմ է, եթե խորհրդի անդամը չի մասնակցում կամ պատշաճ չի ներկայացնում, որովհետև խորհրդի անդամի պարտականությունն է ներկայանալ նիստերին և գործել ի շահ տվյալ կազմակերպության։ Խորհուրդները կձևավորվեն, չեմ ուզում որևէ բան ասել բացասական արդեն ապագա ձևավորվող խորհուրդների մասին։ Դրա մեջ ներառված մարդիկ հույս ունեմ, որ այն մեծ պատասխանատվությունը կունենան և պատշաճ կմասնակցեն նիստերին և դրանով կապահովվի տվյալ բուհի բնականոն գործունեությունը։ Որևէ բանի մասին նախնական երաշխիք կամ այլ բաներ սխալ է ասելը։
Հայկա Ալոյան