Ինչ նոր պայմաններ են գործում ՀՀ մուտք գործելու համար. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ պայմանների մասին։
Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը: Միաժամանակ փոփոխություններ են իրականացվել Հայաստանի Հանրապետություն մուտք գործելու պահանջներում և սահմանվել է, որ մուտք գործելիս պետք է ներկայացվի՝
-կորոնավիրուսային հիվանդության ախտորոշման ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքը հավաստող սերտիֆիկատ, որը կունենա առավելագույնը 72-ժամյա վաղեմության ժամկետ կամ
-կորոնավիրուսային հիվանդության դեմ ամբողջական պատվաստված լինելը հավաստող սերտիֆիկատ՝ տվյալ պատվաստանյութի կիրառման հրահանգի համաձայն սահմանված դեղաչափերով։
Բացասական թեստի կամ պատվաստման սերտիֆիկատ չի պահանջվում մինչև 1 տարեկան երեխաների համար։
Սերտիֆիկատի բացակայության դեպքում անձը ենթակա է ՊՇՌ հետազոտության համար նմուշառման՝ օդանավակայանում կամ ցամաքային սահմանի անցման կետում տեղակայված նմուշառման կետերում և պարտադիր ինքնամեկուսացման՝ մինչև ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի ստացումը:
ՊՇՌ հետազոտության արդյունքները գրանցվում են ԱՐՄԵԴ համակարգում և տրամադրվում են հետազոտված անձին ոչ ուշ, քան 48 ժամվա ընթացքում: ՊՇՌ հետազոտության բացասական արդյունքի դեպքում անձը դուրս է գալիս ինքնամեկուսացումից:
Ի դեպ, պատվաստումային գործընթացը շարունակվում է «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի» և «Կորոնավակ» պատվաստանյութերով։ Դրանք կարող են իրականացվել 18 և բարձր տարիքի անձանց շրջանում՝ կամավորության սկզբունքով։ Պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին, իսկ շաբաթ և կիրակի՝ ըստ սահմանված հերթապահության՝ ժամը 10։00-16։00-ն։ Ընդ որում նախընտրած պոլիկլինիկայում պատվաստվելու համար անհրաժեշտ է նախապես գրանցվել՝ անկախ որևէ պոլիկլինիկայում կցագրված լինելու հանգամանքից։ Պատվաստումները Հայաստանի Հանրապետությունում անվճար են ոչ միայն ՀՀ քաղաքացիների, այյլև օտարերկրյա քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց համար։
Հայաստանի Հանրապետության տարածք մուտք գործելու համար անհրաժեշտ պայմաններին անդրադարձել ենք հաղորդմանը։
Հետևեք մեզ և եղեք իրազեկված։
Կհանդիպենք։