Երբ եւ ինչ որոշում կարող է կայացնել ՍԴ-ն. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կխոսենք Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծման մասին։
Նշված գործերով Սահմանադրական դատարան կարող են դիմել ընտրություններին մասնակցող կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները: Դիմում կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18.00-ն։ Որպես պատասխանող կողմ ներգրավվում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։ Այն կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, որոնց իրավունքները շոշափվում են կամ կարող են շոշափվել գործի քննության ընթացքում կամ դրա արդյունքում ընդունվելիք որոշմամբ, կարող են որպես երրորդ անձինք ներգրավվել դատավարությանը` իրենց դիմումի հիման վրա։ Երրորդ անձինք դատավարությանը կարող են ներգրավվել գործի քննության ցանկացած փուլում:
Անհրաժեշտության դեպքում Սահմանադրական դատարանը կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այլ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների։
Նշված գործերի դատաքննությունն իրականացվում է բանավոր ընթացակարգով: Գործի քննության ընթացքում Սահմանադրական դատարանն ընդունում է հետևյալ որոշումներից որևէ մեկը՝
1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ.
2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և
ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները,
բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը,
գ. նշանակել ընտրությունների երկրորդ փուլ:
Նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո: Եվ հաշվի առնելով, որ 4 քաղաքական ուժերի կողմից ընտրությունների արդյունքներն անվավեր ճանաչելու և այլ պահանջներով դիմումները Սահմանադրական դատարան ներկայացվել են հուլիսի 2-ին, հետևաբար Սահմանադրական դատարանը որոշում պետք է ընդունի մինչև հուլիսի 17-ը։
Եթե Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնվի ուժի մեջ, ապա Ազգային ժողովի լիազորությունների ժամկետն ավարտվում, և նորընտիր Ազգային ժողովի լիազորությունների ժամկետը սկսվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը հրավիրված Ազգային ժողովի առաջին նստաշրջանի բացման պահին:
Սահմանադրական դատարանում Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշման հետ կապված վեճի լուծմանը անդրադարձել ենք հաղորդմանը։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։
Կհանդիպենք։