ԳԹԿ-ում շոկի մեջ են իրենց աշխատակցի ձերբակալման մասին ԱԱԾ-ի այսօրվա հաղորդագրությունից
Իրավական
ԱԱԾ-ն այսօր հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի պաշտոնատար անձ Լ.Ա-ն ձերբակալվել 3.000 ԱՄՆ դոլար կաշառք ստանալու պահին։
Վերջինս հանդիսանում է 2021 թվականի միասնական քննությունների «Օտար լեզու» առարկայի միասնական քննական թեստերի համահեղինակ, «Գնահատման և թեստավորման կենտրոն» ՊՈԱԿ-ի հետ կնքված աշխատանքային պայմանագրի և դրա համաձայնագրերի հիման վրա պատասխանատու լինելով մշակել 2021 թվականին ԲՈՒՀ ընդունվելու համար «Օտար լեզու» առարկայի միասնական քննության թեստերը, 2021 թվականի միասնական քննությունների մասնակից Ա.Հ-ի օգտին իր լիազորությունների շրջանակում կատարել է ակնհայտ ապօրինի գործողություն։ Մասնավորապես, «Օտար լեզու» առարկայի քննությունից առաջ իր կողմից մշակված թեստերը նախապես տրամադրելու, դրանց պատասխանները դիմորդին սովորեցնելու և արդյունքում նշված առարկայի քննությանը վերջինիս բարձր գնահատականն ապահովելու համար 2021 թվականի հունիսի 26-ին դիմորդի մորից պահանջել է առանձնապես խոշոր չափերի՝ 1.498.140 ՀՀ դրամին համարժեք 3.000 ԱՄՆ դոլար կաշառք և նրա հետ պայմանավորվածություն ձեռք բերել կաշառքի գումարը մինչև քննության օրն ստանալու վերաբերյալ:
ArmDaily.am-ի հետ զրույցում «Գնահատման և թեստավորման կենտրոնից» մեզ ասացին. «Այս պահին իրավական գործընթաց է գնում և տեղին չէ արդեն «Գնահատման և թեստավորման կենտրոնից» որևէ պարզաբանում կամ մեկնաբանություն»։
ԳԹԿ-ից մեզ տեղեկացրին, որ բոլոր աշխատողները շոկի մեջ են, նման բան չէին էլ կարող մտածել և որ կառույցի 15 տարվա գործունեության մեջ սա աննախադեպ երևույթ էր։ Ինչ վերաբերում է ձերբակալված անձի հետ կապված մանրամասներին՝ կառույցը հրաժարվում է որևէ տեղեկատվություն հայտնել։
Հայկա Ալոյան