Արծվիկն իր քույրիկի վրեժը պիտի լուծի. 44-օրյա պատերազմի առաջին փոքրիկ զոհը հավերժ կմնա ութը տարեկան
ՀերոսըԱյս արևոտ ժպիտով անուշիկ աղջնակը Վիկտորյա Գևորգյանն է Արցախի Մարտունի քաղաքից:
Նա հավերժ կմնա ութը տարեկան, քանի որ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին՝ առավոտյան 07.10-ին զոհվեց թշնամու ԱԹՍ-ի հարվածից: Փոքրիկ աղջնակը զոհվեց ընտանիքի անդամների՝ ծնողների, քույրերի ու եղբոր աչքի առաջ:
Վիկտորյայի հետ վիրավորվեց իր փոքրիկ եղբայրը՝ երկու տարեկան Արծվիկը, ում կյանքը բժիշկները կարողացան փրկել:
Վիկտորյան Իգոր և Անահիտ Գևորգյանների երրորդ դուստրն էր: Մինչ օրս ընտանիքի անդամների աչքի առաջ է սեպտեմբերի 27-ի արյունոտ առավոտը:
Մայրը պատմում է, որ շատ կենսուրախ, հավասարակշռված, հոգատար երեխա էր:
«Վիկաս ամեն ինչ էլ սիրում էր, ամեն ինչի մեջ տեսնում էր գեղեցիկը, գերազանցիկ էր, խելացի երեխա էր:Կյանքով լեցուն երեխա էր, ոնց որ ասում են՝ մեծացած-փոքրացած, երեխա էր»,-պատմում է մայրը՝ Անահիտը:
Փոքրիկ Արծվիկի մոտ էլ դեռ թարմ են հիշողությունները պատերազմից: Փոքրիկն ամեն ուժեղ ձայնից վեր է թռչում ու ասում՝ «սամալյոտ ա գալիս»:
«Վախը կա մեջը՝ կողքից, որ նայում ես այդքան չի զգացվում, բայց որ ուշադիր նայում ես, զգում ես, որ բարձր ձայներից վախենում է, տագնապի ձայնը որ հեռախոսի մեջ լսում է՝ վազում է գիրկս, հետքը թողել է էլի»,-ասում է Անահիտը:
Արծվիկին հաճախ կարելի է տեսնել զինվորական հագուստով նկարներով: Մայրն ասում է, որ փորձում են հայրենասեր երեխաներ դաստիարակել ու որդին պետք է իր քույրիկի վրեժը լուծի:
Անահիտն ասում է, որ միայն կխրախուսեն որդուն՝ բանակում ծառայության անցնելու համար, ինչպես իր հայրն է ծառայում Պաշտպանության բանակում:
«Իր պապան էլ է բանակում ծառայում՝ տանկիստ է, էրեխու վրեժը պիտի լուծի, իր քույրիկի վրեժը պիտի լուծի: Մենք երեխա չենք բերել, որ դավաճան շների ձեռքով գնա ու լուռ նստենք»,-ասում է Անահիտը:
Հայկա Ալոյան