Մամ, վատ բան եմ արել՝ սկսել եմ ծխել, բայց գալուց առաջ կթարգեմ. Սարգիսն ընտանիքի միակ զավակն էր
Հասարակություն
Սարգիս Հակոբի Թոմբուլյանը ծնվել է 2000 թվականի դեկտեմբերի 30-ին: Մոր՝ Անահիտ Սահակյանի բնորոշմամբ՝ ամանորյա իր նվերն էր Սարգիսը, ով հետո դարձավ իր զավակը, եղբայրը, ընկերը ու խորհրդատուն:
Մայրը պատմում է, որ Սարգիսը մանկուց իր հետ շատ է կապված եղել, հասկացող ու աշխույժ երեխա է եղել:
«Դպրոցի հետ համատեղ հաճախել է սկզբում գիմնաստիկայի, հետո բրեք դանս և հիփ հոփ պարի և Թումո։ Բոլորը իր շրջապատում իրեն շատ են սիրել և հարգել իր մարդ տեսակի համար՝ ընկերասեր,բարի,կյանքով լեցուն և կյանքը շատ սիրող։Ամեն օրը անցկացրել է լիարժեք,երբեք ժամանակը անիմաստ չի անցկացրել։ Դպրոցից հետո ընդունվեց Ինֆորմատիկայի քոլեջ և միաժամանակ աշխատեց «Սիթիզենում» որպես հրահանգիչ։ Որ շրջապատում էլ հայտնվել է միշտ աչքի է ընկել իր էութամբ և շատ սիրվել, նույնիսկ «Սիթիզեն» հաճախող երեխաները նամակներում շատ էին շեշտում Սարգիսի մասին, որ լավ ընկեր է ու ուզում են իր նման լինել»,- պատմում է Անահիտ Սահակյանը:
Սարգիսը հայոց բանակ զորակոչվել է 2019 թվականի հունվարի 31-ին՝ ծառայել է Ստեփանակերտի Ցոր զորամասում: Ծառայությունը ընդհանուր առմամբ անցել է լավ,լուրջ խնդիրներ չի ունեցել,բանակում էլ աչքի է ընկել իր վարքով և վայելել ծառայիկիցների հարգանքը։
«Գրքասեր է,բայց հիմնականում նախընտրում էր ռուսերեն գրքերը։Ծառայության ընթացքում շատ գրքեր եմ ուղարկել,եթե մեկը խնամքով չվերաբերվեր իր գրքերին թույլ չէր տա վերցնեին։Իմ յուրահատուկս է,անթերիս։ Շատ ժամանակ ասում էի՝ Սաք, ինչպես արտաքինդ է անթերի,այդպես էլ՝ ներքինդ։Պատերազմի ընթացքում շատ դժվարությունների մեջ են ընկել,առաջին բուժօգնություն էլ է ցուցաբերել,բայց մի օր զգացնել չտվեց,այլ իրեն լսելով ես համոզվում էի որ ամեն ինչ նորմալ է իրենց մոտ։ Ընկերները շատ են պատմել իր անվախ,լավատես,հոգեբանորեն դրական տրամադրող բոլորին տեսակը,պարզապես այդ պատմվածքները բազում են։Մարտունու Կարմիր շուկա մեկնել է իր ցանկությամբ,երբ հնարավորություն է ունեցել չմեկնելու՝ սահմանափակումով էր ծառայությունը իր խալեր ունենալու պատճառով։ Բայց մեկնեց հաշվի առնելով ,որ նորակոչիկներ ունեն,որոնք զենքից գլուխ չեն հանում,ինքը դեմբել էր և իրեն արդեն մեծի տեղ էր դնում։ Ականանետի նշանառու է եղել և տիրապետել է իր գործին գերազանց։ Այդպես Կարմիր շուկայում պայքարել են մոտ 10 օր և նոյեմբերի 9-ին՝ հրադադարի օրը, կեսգիշերն անց զոհվեց։Մնացել էին հաշված օրեր, որ զորացրվեր տուն՝ հունվարի 31-ին։Ինչքա՜ն էր սպասում այդ օրվան,ինչքա՜ն երազանքներ ուներ,ո՜նց էր կարոտել ինձ և տատիկին։ Ամեն ինչ մի ակնթարթում փլուզվեց,փոշիացավ»,- ասում է տիկին Անահիտը:
Սարգիսի մայրը պատմում է, որ որդին երազում էր կիթառ ունենալու մասին ու որոշել էր զորացրվելուց հետո անպայման կիթառ ձեռք բերել, իսկ Սարգիսի ընկերներից մեկն այդ մասին իմանալով, որոշել էր ինքն այդ նվերը անել զորացրվելու օրը, բայց այդ երազանքն էլ մնաց անկատար:
«Պատերազմի ժամանակ շատ անգամներ է զանգել,բայց միշտ առույգ ձայնով է խոսել և ինձ հավատացրել է, որ ինքը լավ է,շատ հեռու են լարված հատածներից,որ հանգիստ լինեմ: Միշտ ասում էր՝ .«Մամա ջան, անպայման գալու եմ՝ չկասկածես։Եթե զգում էր, որ ձայնս մի փոքր հուզված է, ասում էր՝.«Իիի, մամա չեղավ,ուզում ես էլ չզանգե՞մ, հո դու լացկան չես,մոռացե՞լ ես ,որ իմ ուժեղ մաման ես»։ Մի անգամ էլ զանգեց ու էլի առույգ ձայնով ասեց «Փղիկս,(ինձ շատ ժամանակ էդպես էր դիմում) գիտե՞ս չէ մենք ինչքա՜ն կապված ենք հոգեպես, եթե մի փոքր տրամդ գցես ես կզգամ ու կթուլանամ,բայց դու էդպես չես ուզում, չէ՞»։ Բնականաբար համոզեցի,որ իհարկե չեմ ընկճվում,իմ տղան հավատացրել է որ ամեն ինչ լավ է և ես հավատում էի։ Ամեն զանգի ժամանակ հարցնում էր իր բոլոր ընկերներից,ովքեր գտնվում էի ծառայության մեջ։Նույնիսկ հարցնում էր՝ «Ինձ շա՞տ են հարցնում»։Հիմա ամբողջ ազգն է իր մասին հարցնում և ճանաչում։ Ես միայն ընկերների միջոցով եմ իմացել,որ շատ թեժ հատվածներում են եղել՝ Ասկերան, Հաթերք, Աղդամ, Կարմիր Շուկա։ Նույնիսկ առաջին բուժօգնություն է ցույց տվել վիրավորներին,վիրակապ է արել։Սարգիսը դեռ մանկուց անվախ է եղել,ես հանգիստ էի այդ առումով։ Նոյեմբերի 1-ից 9-ը Կարմիր շուկայում շատ զոհեր են տվել,նույնիսկ առաջ են գնացել մոտ 2 կմ»,-ասում է Անահիտ Սահակյանը:
Սարգիսի մայրիկը կարոտով է հիշում հոկտեմբերին տղաներից մեկի սմարթֆոնով՝ Whatsapp հավելվածով իրեն արված զանգի մասին: Սարգիսը շատ էր կարոտել մորը: Պատերազմի ընթացքում մի օր Սարգիսը զանգում է մորն ու ասում, որ վատ բան է արել.«Մամ, վատ բան եմ արել՝ սկսել եմ ծխել, բայց գալուց առաջ կթարգեմ»,-ասել է Սարգիսը մորը:
Տիկին Անահիտը նշում է, որ Սարգիսը միշտ առողջ ապրելակերպի ջատագով է եղել.«Ես միայն նկարով տեսա ծխախոտը ձեռքին։ Պատերազմից ոչինչ չի պատմել,չէր սիրում նման բաներ,ասում էր տղան ամեն ինչ խաբար չի տա ։Միշտ է էդպես եղել։Նաև չի ցանկացել, որ ես մտահոգվեմ,քանի որ գիտեր, թե իր հետ կապված հարց լինի ես ինչքան ծանր կտանեմ։Թե հարազատները,թե շրջապատը չի կարողանում հարմարվել,որ Սարգիսին չեն տեսնի։Որտեղ տղաս էր՝այդտեղ ջերմություն ու լույս էր։Իր հետ ձանձրանալ չկար։Թեմաները չէին վերջանում իր հետ խոսելուց։
Սա վերջին նկարն է,որը շատ ուշ են ինձ փոխանցել։Հայացքից ես կարդացի, թե ինչքան անքուն գիշերներ է անցկացրել ինչերի միջով է անցել,բայց երբեք զգացնել չի տվել»,- եզրափակեց Անահիտ Սահակյանը:
Սարգիսը տան միակ զավակն էր: Սարգիսի մայրն ասում է, որ հավատում է՝ երկնքում այնքան պահապան հրեշտակներ արդեն ունենք, որ իրենք թույլ չեն տա հայ մանուկների խաղաղությունը խաթարվի:
Հայկա Ալոյան