Առաջին նստաշրջանը պետք է հրավիրվի հուլիսի 5-ին՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ժամկետում ՍԴ-ն որոշում կայացրել է, թե՝ ոչ. իրավագետ
Իրավական
Ինչպես արդեն հայտնի է, այսօր ընդդիմադիր ուժերը դիմում են Սահմանադրական դատարան՝ վիճարկելով ընտրությունների արդյունքները։ «Հայաստան» դաշինքը արդեն ներկայացրել է դիմումը՝ ընտրությունների արդյունքները անվավեր ճանաչելու և մանդատների բաշխման կարգը սահմանելու կամ ընտրությունների երկրորդ փուլ նշանակելու պահանջով։ Առաջիկա ժամերին «Պատիվ ունեմ» դաշինքը եւ «Հայոց Հայրենիքը» եւս կդիմեն ՍԴ։
Ընտրությունների արդյունքները ՍԴ-ում վիճարկելու առնչությամբ եւ դրա հետ կապված գործընթացների ժամանակացույցի մասով մեկնաբանություն խնդրեցինք իրավագետ Ալիսա Սարոյանից։
«ՍԴ կարող են դիմել միայն ընտրություններին մասնակցած կուսակցությունները կամ կուսակցությունների դաշինքները, ընդ որում, դիմումը կարող է ներկայացվել արդյունքների պաշտոնական հրապարակման օրվանից՝ հունիսի 27-ից հետո` հինգերորդ օրը, մինչև ժամը 18.00-ն, այսինքն՝ մինչև հուլիսի 2-ը ժամը 18.00: Մյուս կուսակցությունները կարող են ներգրավվել, որպես երրորդ անձինք, («Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 1-ին մաս) - որպես պատասխանող կողմ ՍԴ-ում հանդես է գալիս ԿԸՀ-ը: Միաժամանակ, կողմի միջնորդությամբ կամ ՍԴ-ն իր նախաձեռնությամբ կարող է որպես հարակից պատասխանող ներգրավել այն մարմիններին, որոնց որոշումները կամ գործողությունները կարող էին ներգործել ընտրությունների արդյունքների վրա, կամ որոնք պարտավոր էին օրենքով սահմանված կարգով ապահովել և պաշտպանել ընտրական իրավունքները, բացառությամբ դատարանների:
Սա վերաբերում է, օրինակ՝ դատախազությանը, քննչական մարմիններին, ոստիկանությանը և այլն,(«Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 3-4րդ մասեր) - նշված գործերով Սահմանադրական դատարանը որոշում է ընդունում դիմումի մուտքագրման օրվանից ոչ ուշ, քան 15 օր հետո, այսինքն՝ հուլիսի 2-ին մուտք լինելու դեպքում՝ մինչև հուլիսի 17-ը («Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 15-րդ մաս)։
Այդ ժամկետում կարող է ընդունվել հետևյալ որոշումներից որևէ մեկը՝ («Սահմանադրական դատարանի մասին» Սահմանադրական օրենքի 77-րդ հոդվածի 13-րդ մաս) 1) Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը թողնել ուժի մեջ. 2) անվավեր ճանաչել Ազգային ժողովի ընտրությունների արդյունքներով ընդունված որոշումը և ա. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները (այս դեպքում՝ որոշումն ուժի մեջ մտնելուց ոչ շուտ, քան 15, և ոչ ուշ, քան 30 օր հետո կուսակցությունների նույն կազմով անցկացվում է վերաքվեարկություն), բ. անվավեր ճանաչել ընտրությունների արդյունքները և սահմանել մանդատների բաշխման կարգը (այս դեպքում՝ վերաքվեարկություն չի իրականացվում, այլ դատաքննության արդյունքներով ՍԴ-ն սահմանում է մանդատների բաշխման կարգ, ինչի արդյունքում մանդատների համամասնությունը վերանայվում է, - առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ հուլիսի 5-ին, ժամը 10:00-ին՝ անկախ այն հանգամանքից, թե այդ ժամկետում ՍԴ-ն որոշում կայացրել է, թե՝ ոչ, («Ազգային ժողովի կանոնակարգ» Սահմանադրական օրենքի 32-րդ հոդվածի 2-րդ մաս) - ընտրությունների արդյունքները վիճարկելու դեպքում՝ ընտրական օրենսգրքով սահմանված իրավունքները և պարտականությունները պատգամավորի թեկնածուի վրա տարածվում են մինչև Սահմանադրական դատարանի որոշում ընդունելը: (Ընտրական օրենսգրքի 91-րդ հոդվածի 1-ին մաս)»։