Ընդդիմությունը դեռ մանդատները վերցնելու որոշում չունի, իշխանությունն էլ դեռ խմբակցության ցանկը չի հրապարակում
Քաղաքական
Ինչպես արդեն հայտնել ենք ԿԸՀ-ն հունիսի 27-ին ներկայացնելու է ընտրությունների վերջնական արդյունքները։
ArmDaily.am-ը փորձեց առավելագույն քվեներ ստացած երեք ուժերից՝ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունից, «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքներից ճշտել, թե արդյոք պատրաստվում են վերցնել բոլոր մանդատները։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը, ըստ նախնական տվյալների ստանալու է 72 մանդատ։ Խմբակցության հանրային կապերի համակարգող Վահագն Ալեքսանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ պետք է սպասել ԿԸՀ վերջնական ամփոփմանը։
Նա հայտնեց, որ ցուցակի որևէ թեկնածու դեռ ինքնաբացարկի դիմում չի ներկայացրել։
«Ներկա պահին նման գործընթաց չկա, պետք է սպասել»,- ասաց Ալեքսանյանը։
Հարցին՝ քննարկվում է արդեն, թե ով է լինելու խորհրդարանում խմբակցության ղեկավարն ու քարտուղարը Ալեքսանյանը պատասխանեց. «Ոչ։ Հենց լինի նման տեղեկատվություն՝ կհրապարակվի անպայման»։
«Պատիվ ունեմ» դաշինքի ծրարգրերի մասին էլ ArmDaily.am-ը զրուցեց Սոս Հակոբյանի հետ։ Նա ասաց, որ դեռ մանդատները վերցնլու մասով որոշում չի կայացվել։
«Ելնելով ընտրախախտումներից, ՍԴ դիմել չդիմելու հարցից՝ դեռ որոշում պետք է կայացվի։ Մանդատները չվերցնելու դեպքում, մենք գիտենք նաև, որ որևէ իրավաքաղաքական ճգնաժամ կամ հետևանք օրենսդրությամբ նախատեսված չէ։ Բայց դրա մասին հստակ կասվի Սահմանադրական դատարան դիմել-չդիմելու հարցը որոշելուց հետո»,- նշեց Հակոբյանը։
Նա ասաց, որ այս պահի դրությամբ ինքնաբացարկի վերաբերյալ որևէ տեղեկատվություն չկա։
Ինչ վերաբերում է ֆրակցիայի ղեկավարի և քարտուղարի հավանական թեկնածուներին՝ Հակոբյանը նշեց, որ դեռ վաղ է նման խոսակցությունների համար։
«Եթե վերջիվերջո որոշվում է, որ վերցվում են մանդատները, նոր դա ակտուալ խոսակցություն կդառնա»,- ասաց Հակոբյանը։
Նշենք, որ նախնական հաշվարկով «Պատիվ ունեմ» դաշինքը ունենալու է 7 մանդատ։
Մենք փորձեցինք հետաքրքրվել «Հայաստան» դաշինքի ծրագրերի մասին, սակայն մեր զանգերին դաշինքի ներկայացուցիչ Արամ Վարդևանյանը չպատասխանեց, հավանաբար, դատախազության մոտ կազմակերպած բողոքի ակցիային մասնակցելու պատճառով։