Ինչպիսին է ԱԺ ձեւավորման կարգը, առաջին նստաշրջանի անցկացումն ու օրակարգը․ Քո իրավունքը
Քո իրավունքըԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կխոսենք նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման կարգի, անցկացման և օրակարգի մասին։
Ազգային ժողովի արտահերթ ընտրության դեպքում առաջին նստաշրջանը հրավիրվում է նորընտիր Ազգային ժողովի կազմավորումից հետո` երկրորդ երկուշաբթի օրը՝ ժամը 10:00-ին, որի մասին հայտարարում է Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահը:
Առաջին նստաշրջանի նիստերը բացում և մինչև Ազգային ժողովի նախագահի ընտրվելը նախագահում է տարիքով ավագ պատգամավորը: Առաջին նստաշրջանի բացման առթիվ ողջույնի ելույթի իրավունք ունեն Հանրապետության նախագահը և Ամենայն Հայոց Կաթողիկոսը:
Ողջույնի ելույթներից հետո պատգամավորները երդվում են։
Նիստը նախագահողը հայտարարում է առաջին նստաշրջանի օրակարգը՝
-հաշվիչ հանձնախմբի ստեղծում.
-Ազգային ժողովի նախագահի ընտրություն.
-Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ.
-մշտական հանձնաժողովների ստեղծում.
-մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ.
-Կառավարության առաջարկությամբ` Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում և
-Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:
Ազգային ժողովի նախագահն Ազգային ժողովի առաջին նստաշրջանի նիստում հանդես է գալիս խմբակցությունների և մշտական հանձնաժողովների, ինչպես նաև Խորհրդի կազմավորման վերաբերյալ հայտարարությամբ:
Նորընտիր Ազգային ժողովի առաջին նստաշրջանի հրավիրման կարգին, անցկացմանը և օրակարգին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Հետևեք մեզ և եղեք տեղեկացված։ Կհանդիպենք։