Որոնք են ընտրական հանցագործությունները եւ ինչ պատիժ է նախատեսված. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք ընտրական հանցագործություններից՝ ընտրողներին կաշառք տալու, կաշառք ստանալու, ընտրողի ազատ կամքի իրականացմանը խոչընդոտելու համար նախատեսված պատիժներին։
Կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք ստանալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն ստանալը կամ պահանջելը` պատժվում է տուգանքով` 500.000-ից 700.000 դրամի չափով, կամ ազատազրկմամբ` 1-ից 3 տարի ժամկետով:
Կուսակցություններից կամ կուսակցությունների դաշինքներից որևէ մեկի օգտին կողմ կամ դեմ քվեարկելու կամ ընտրություններին մասնակցելու կամ ընտրություններին մասնակցելուց հրաժարվելու համար անձամբ կամ միջնորդի միջոցով իր կամ այլ անձի համար կաշառք տալը, այսինքն` դրամ, գույք, գույքի նկատմամբ իրավունք, արժեթղթեր կամ որևէ այլ առավելություն առաջարկելը, խոստանալը կամ տրամադրելը` պատժվում է ազատազրկմամբ՝ 3-ից 6 տարի ժամկետով:
Ազգային ժողովի ընտրությունների դեպքում՝ Ազգային ժողով ընտրվելու մասին որոշումը կուսակցության կամ կուսակցությունների դաշինքի անունից կամ որևէ այլ եղանակով կամ բարեգործության անվան տակ ընտրողներին անհատույց կամ արտոնյալ պայմաններով դրամ, սննդամթերք, արժեթղթեր, ապրանքներ տալը, խոստանալը կամ ծառայություններ մատուցելը կամ որևէ այլ անձի կողմից բարեգործության հետ միաժամանակ նախընտրական կամ հանրաքվեի քարոզչություն իրականացնելը՝ պատժվում է տուգանքով` 200.000-ից 300.000 դրամի չափով, կամ կալանքով՝ 2-ից 3 ամիս ժամկետով, կամ ազատազրկմամբ` 2-ից 4 տարի ժամկետով:
Եթե նշված արարքը կատարվել է մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կամ կազմակերպված խմբի կողմից, կատարվել է երկու կամ ավելի անձի նկատմամբ կամ երբ անհատույց կամ արտոնյալ պայմաններով տրված դրամը կամ տրված սննդամթերքի, արժեթղթերի, ապրանքների կամ մատուցված ծառայության արժեքը գերազանցել է 10.000 դրամը, ապա պատիժ կլինի ազատազրկում 3-ից 6 տարի ժամկետով։
Կաշառք ստացող անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե այդ անձը մինչև կաշառք ստանալու մասին իրավապահ մարմիններին հայտնի դառնալը, բայց ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում, այդ մասին կամովին հայտնել է համապատասխան մարմիններին և աջակցել է հանցագործությունը բացահայտելուն:
Թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը, հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։