«Հայաստանը՝ թվերով»․ ՀՀ սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը կազմել է 5,9 տոկոս
Հայաստանը թվերով
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը՝ թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք սպառողական գների ինդեքսին։
Ըստ ՀՀ ազգային վիճակագրական կոմիտեի՝ Հայաստանի Հանրապետության սպառողական շուկայում 12-ամսյա գնաճը՝ 2021թ. մայիսը 2020թ. մայիսի նկատմամբ կազմել է 5.9 տոկոս, իսկ մայիսը 2020թ. դեկտեմբերի նկատմամբ՝ 4,7 տոկոս։
Ընդ որում՝ սննդամթերքի և ոչ ալկոհոլային խմիչքների գները նախորդ տարվա մայիսի համեմատ աճել են 7,5 տոկոսով, իսկ դեկտեմբերի համեմատ՝ 7,9 տոկոսով։
Ալկոհոլային խմիչքների, ծխախոտային արտադրատեսակների գներն ավելացել են համապատասխանաբար 8,7 և 7,2 տոկոսով։
Նախորդ տարվա մայիսի համեմատ 5,9 տոկոսով բարձրացել է նաև հագուստի և կոշիկի գինը, տնային գործածության առարկաների, կենցաղային տեխնիկայի և բնակարանների խնամքի ամենօրյա գործունեության իրերի գները բարձրացել են 9,3 տոկոսով։
ՀՀ քաղաքացիները նախորդ տարվա մայիսի համեմատ 6,2 տոկոսով ավելի են վճարում առողջապահական ծառայությունների համար, 11.7 տոկոսով՝ տրանսպորտային ծառայությունների համար, ռեստորանային և հյուրանոցային ծառայութունների համար՝ 4,5 տոկոսով։