Ինչ պատիժ է նախատեսված քվեարկության գաղտնիությունը խախտելու, այլ անձի փոխարեն քվեարկելու դեպքում. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք ընտրական հանցագործություններից՝ քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու և դրանց համար նախատեսված պատիժներին։
Ընտրողի համար քվեարկության գաղտնիությունը ոչ միայն իրավունք է, այլև պարտականություն: Ընդ որում ընտրողի կամքի ազատ արտահայտման նկատմամբ վերահսկողությունն արգելվում է:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու համար սահմանված պատասխանատվությունը նախատեսված է ՀՀ քրեական օրենսգրքով։
Քվեարկողի կողմից բաց` երրորդ անձանց համար քվեարկության արդյունքը տեսանելի ձևով քվեարկելը, ինչպես նաև շահադիտական նպատակով քվեարկության գաղտնիությունը քվեարկության արդյունքը բացահայտող փաստաթղթի լուսանկարահանմամբ կամ տեսաձայնագրմամբ ստացված տեղեկատվության հրապարակման միջոցով խախտելը պատժվում է տուգանքով՝ 100.000 դրամից 200.000 դրամ չափով:
Քրեական պատասխանատվություն է սահմանված նաև 1-ից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու համար։ Կեղծ տվյալներ հայտնելու, կեղծ փաստաթուղթ ներկայացնելու կամ որևէ այլ եղանակով մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելը՝ պատժվում է ազատազրկմամբ` 2-ից 5 տարի ժամկետով` որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով` 1-ից 3 տարի ժամկետով կամ առանց դրա:
Քվեարկության գաղտնիությունը խախտելու, մեկից ավելի անգամ կամ այլ անձի փոխարեն քվեարկելու և դրանց համար նախատեսված պատիժներին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում։ Մեծ սիրով կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։
Կհանդիպենք։