Երբ գրքի գողը գող է, բայց ոչ քննիչի համար․ ի՞նչ կապ ունի Կիևռադայի պատգամավոր, ուկրաինացի բուկինիստ Տրուբիցինը Ազգային գրադարանից հազվագյուտ ու թանկարժեք գրքերի անհետացման հետ
Իրավական
ArmDaily.am-ին նոր մանրամասներ են հայտնի դարձել Հայաստանի ազգային գրադարանից հազվագյուտ եւ թանկարժեք գրքերի անհետացման գործի վերաբերյալ։
Ինչպես հայտնի է, 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր մի խումբ անձինք «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոցից և «Երևանի պետական համալսարան» ՊՈԱԿ-ի գրադարանից առանձանպես խոշոր չափերով գրքերի գողություն են կատարել։ Մասնավորապես, շուրջ 150 միավոր գիրք յուրացվել է «Հայաստանի Ազգային գրադարանի» գրապահոցից, որոնք եղել են 1800-1900-ական թվականների հրատարակության ռուսերեն գրքեր։ Գրադարանին շուրջ 7,500,000 դրամի վնաս է պատճառվել։ 2011թ. դեկտեմբերի 27-ին ՀՀ ոստիկանության ՔԳՎ Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոնականի քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 177-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` Վ. Ազարիաշվիլու, Ե. Ղամբարյանի, Դ. Ղամբարյանի, Վ. Եղիազարյանի և Կ. Հովհաննիսյանի կողմից գողություն և գողության փորձ կատարելու դեպքերի առթիվ։ Դատավոր Մնացական Մարտիրոսյանը տասը տարվա ազատազրկման է դատապարտել Վրաստանի քաղաքացի Վաժա Ազարիաշվիլուն։ Մյուս ամբաստանյալները դատապարտվել են 4-5 տարիների ազատազրկման։
Դատարանը ապացուցված է ճանաչել մեղադրանքը, ըստ որի՝ ոստիկան Երվանդ Ղամբարյանը, Վաժա Ազարիաշվիլին և Վլադիսլավ Տրուբիցինը 2010 թվականի հուլիսից մինչև 2011 թվականի նոյեմբեր պարբերաբար ներխուժել են «Հայաստանի ազգային գրադարան» ՊՈԱԿ-ի գրապահոց և այնտեղից մեծ չափով՝ 1800-1900 թվականներին հրապարակված ռուսալեզու 150 նմուշ գիրք են առևանգել, որոնց արժեքը կազմում է մոտ 7 միլիոն 500 հազար դրամ։
Դատարանը ապացուցված է համարել նաև այն մեղադրանքը, համաձայն որի, 17 ռուսերեն գիրք է առևանգվել՝ 1700-1800-ակնների հրատարակության, ինչի պատճառով ԵՊՀ-ի «Սարգիս և Մարի Իզմիրլյանների» անվան գրադարանին հասցվել է 5 միլիոն 627 հազար 400 դրամի վնաս։ ԵՊՀ-ի գրադարանից գրքերի առևանգմանը մասնակցած Հասմիկ Դուրգարյանը ստացել է մոտ 15 հազար ԱՄՆ դոլար՝ գրքերի գողության համար՝ այս մեղադրանքը դատարանը ևս ապացուցված է համարել։
Սակայն, նախաքննության ընթացքում քննիչը որոշում է կայացրել քրեական գործով վարույթը ամբողջությամբ կասեցնելու մասին՝ հաշվի առնելով, որ քրեական գործով մեղադրյալ Վլադ Տրուբիցինը թաքնվում է քննությունից և նրա գտնվելու վայրը հայտնի չէ։ Ի դեպ, այս քրեական գործը դեռ գտնվում է Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում եւ դեռ կասեցված է։
Կասեցված քրեական գործի հղումը:
Լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների համաձայն՝ Տրուբիցինը հիշատակվում է որպես Հայաստանի Հանրապետւթյան քաղաքացի, այնինչ իրականությունը այլ է, ամբաստանյալը Հայաստանի ազգային հարստությունների վրա աչք դրած ուկրաինացի հայտնի գործարար է։
Եվ այսպես, ո՞վ է Վլադիսլավ Տրուբիցինը
Վլադիսլավ Տրուբիցինը ծնվել է 1983 թվականին Խարկով քաղաքում։
2020 թվականին Վլադիսլավ Տրուբիցինը «Ժողովրդի ծառա» քաղաքական կուսակցության ցուցակի հինգերորդ համարի տակ ընտրվում է Կիևի քաղաքային խորհրդի անդամ։ Այժմ ղեկավարում է Կիևի քաղաքային խորհրդի գործարարության, արդյունաբերության եւ քաղաքային բարեկարգման հարցերի մշտական հանձնաժողովը:
Հայտնի է որպես բարերար, բուկինիստ։ Համարվում է Ուկրաինայի գրահրատարակչության, անտիկ գրքերի վաճառքի բնագավառների ամենաազդեցիկ դեմքերից մեկը։
2010-ին եղել է Կիևի «Բուկինիստ» անտիկ-բուկինիստական խանութի տնօրենը: 2015 թվականին Վլադիսլավ Տրուբիցինը հիմնել է «Ստարովիննա գիրք» արվեստի պատկերասրահը, հանդիսանում է «Բուլգակով Ֆեսթի» հիմնադիրը:
Ուկրաինական մամուլը գրել է, որ վերջինս մեծ գումարներ է վաստակել հնատիպ ու հազվագյուտ գրքեր վաճառելով Յանուկովիչին ու նրա շրջապատին, Լիտվինին, Տաբաչնիկին, Ֆելդմանին (համաձայն տեղեկությունների հենց Ֆելդմանն է հանդիսանում Տրուբիցինի հովանավորը) և ընդհանրապես Ռեգիոնների կուսակցության ողջ վերնախավին։
Ուկրաինական մամուլում կան հիշատակումներ այն մասին, որ վերջինս հայտնի է ոչ միայն որպես բարերար և բուկինիստ, այլև թանգարաններից ու գրադարաններից գողացված թանկարժեք ու հնատիպ գրքեր է գնում ու դրանք վերավաճառում։ Տեղեկություններ կան, որ նա նույնսիկ սեփական արհեստանոցն ունի, որտեղ այդ գրքերի վրայից վերացվում են հատուկ կոդերն ու կոնկրետ գրադարաններին պատկանելու մասին շրիֆտերը։
Առանձնահատուկ ուշադրության են արժանի հատկապես Կիևի Պետրովկա շուկայի շուրջ ծավալված իրադարձությունները։ Պետրովկայում Տրուբիցինի գրքի բիզնեսը միլիոնների հասնող շրջանառություններ է ապահովում։ Խնդիրն այն է, որ շուկայի տարածքը 2020-ին ձեռք են բերում անհատ սեփականատերեր և Տրուբիցինը լծվում է շուկան փրկելու գործին՝ շարժում է ձևավորում՝ «փրկել Պետրովկայի շուկան»։ Արդյունքում պայքարին միանում են անհատ քաղաքացիներ, գրքասերներ, ովքեր վստահ էին, որ փրկում են գրավաճառ խանութները այլ վաճառքի կետեր դառնալու հեռանկարից։ Այնինչ, պարզվում է, որ այդ շարժման շնորհիվ Տրուբիցինն ազատվեց հակառակորդներից և շուկայի կեսը պահպանեց իր բիզնեսի համար՝ գրքավաճառ կետերի, իսկ մյուս մասը տրվեց ազգությամբ ադրբեջանցի ոմն Վագիֆ Ալիևին։ Տեղեկություններ կան, որ տարածքը գնել է Դմիտրի Տաբաչնիկի եղբայր Միխայիլ Տաբաչնիկը, իսկ այս լուծումը տրվել է անձամբ Երմակի և Զելենսկու միջնորդությամբ։ Ի դեպ՝ Երմակն է պաշտպանել Տրուբիցինի թեկնածությունը Կիևռադայում։ Ուկրաինական մամուլում հրապարակված տեղեկություններում ևս նշվում է, որ 2010 թվականին նա թալանել է «Հայաստանի ազգային գրադարանի» գրապահոցը։
Ստացվում է, որ ուկրաինացի հայտնի գրքասերը հարստացել է այդ ընթացքում Հայաստանից եզակի գրքեր գողանալու «շնորհիվ»։ Մնում է հասկանալ, թե ինչու եւ ինչպես մեր իրավապահ մարմինները՝ ի դեմս ոստիկանության, այդպես էլ չկարողացան հայտնաբերել Տրուբիցինին ու նրան չհայտնաբերելու հիմքով քրեական գործը կասեցրեցին, իսկ այդ ընթացքում հայտնի գրքասեր-գրքագողը բավականին ակտիվ գործունեություն էր ծավալում Ուկրաինայում՝ քաղաքացիական ու հասարակական շարժումներ էր նախաձեռնում, փառատոններ էր կազմակերպում ու բազմամիլիոնանոց բիզնես ղեկավարում։ Հավանաբար մեր ոստիկանությունում մինչեւ այժմ առաջնորդվում են վաղ դպրոցական տարիքի հայտնի առածով, թե «գրքի գողը գող չէ», մինչդեռ ուկրաինական լրատվամիջոցները, որտեղ հիշատակվում է Հայաստանում Տրուբիցինի դեմ հարուցված գործը, նշում են, որ վերջինս կարողացավ խուսափել պատասխանատվությունից, քանի որ չափազանց ազդեցիկ մարդիկ էին նրա թիկունքին կանգնած։
Ի՞նչ կարող էին անել ՀՀ իրավապահ մարմինները, որ չարեցին
Ամեն դեպքում, գրքի գողը գող է, հատկապես երբ դա անում է ոչ թե կրթման, ուսման, այլ հարստացման նպատակով, գողանում է պարբերաբար եւ թանկարժեք գրքեր՝ առանց զղջալու, հետվերադարձնելու եւ/կամ պատճառված վնասը հատուցելու։ Իսկ այս ամենը հնարավոր էր պատշաճ հայտնաբերել, կանխել, պատժել, եթե ՀՀ իրավապահ մարմինները լինեին իրենց տեղում եւ կատարեին իրենց պարտականությունները։
Ըստ այդմ՝ քայլ առաջին, ՀՀ իրավապահ մարմինները կարող էին դիմել Ինտերպոլ՝ միջազգային հետախուզում հայտարարելու Տրուբիցինի նկատմամբ, հատկապես, որ այս գործով արդեն կար մեղադրական դատավճիռ եւ հանցակիցները պատիժն էին կրում ազատազրկման վայրում։
Քայլ 2-րդ, ՀՀ իրավապահ մարմինները կարող էին հարցում ուղարկել ուկրաինացի իրենց գործընկերներին՝ Տրուբիցինին իդենտիֆիկացնելու, հրավիրելու եւ քրեական գործով անհրաժեշտ քննչական գործողություններ կատարելու համար։
Քայլ 3-րդ, ի վերջո, ՀՀ իրավապահ մարմինները կարող էին օգտվել ԱՊՀ երկրների՝ Հայաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ռուսաստանի, Տաջիկստանի և Ուկրաինայի միջև ձեռքբերված համագործակցության Մինսկի կոնվենցիայից, եւ Ուկրաինայի իրավապահ մարմիններից խուզարկության, իրեղեն ապացույցներ առգրավվելու, փոխանցելու և հանձնելու, փորձաքննություն իրականացնելու, մեղադրյալների, վկաների հարցաքննության, հանցագործություն կատարած անձանց դեմ քրեական հետապնդում հարուցելու մասով օգնություն խնդրել։
Սակայն, մեր իրավապահ մարմինները գնում են կարճ եւ կոնկրետ ճանապարհով՝ չկա մարդ, պետք չէ փնտրել, քրեական գործն էլ կարելի է կասեցնել։ Այդպիսով քննիչը նախաքննության ընթացքում, հիմնվելով այն փաստի վրա, որ Տրուբիցինին չեն կարողանում հայտնաբերել, կասեցնում է գործը։ Արդյունքում պատժվում են բոլորը՝ բացի պատվիրատուից՝ Վլադիսլավ Տրուբիցինից։ Հարց է առաջանում՝ արդյոք սա շարքային անփութություն եւ պաշտոնական լիազորությունների ոչ պատշաճ իրականացում է քննիչի կողմից, երբ խոշոր յուրացման գործով գլխավոր մեղադրյալին հայտնաբերելու ուղղությամբ լուրջ եւ հետեւողական քայլեր չեն արվում, թե հանցագործին «պարտակելու» պատվերի կատարում։
Նշենք նաեւ, որ Վլադիսլավ Տրուբիցինը այժմ էլ շարունակում է ղեկավարել Կիևի
քաղաքային խորհրդի գործարարության, արդյունաբերության եւ քաղաքային բարեկարգման հարցերի մշտական հանձնաժողովը, ղեկավարել հրատարակչական ու գրավաճառական իր բիզնեսները եւ «նոր բարձունքներ» նվաճել։