Ի դեպ. ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցին հաջորդած զարգացումների մասին
ADTVԻ դեպ, բավական հետաքրքիր զարգացումներ են հաջորդում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի՝ ասենք այսպես, եւրոպական այցին։ Հիշեցնեմ, Ֆրանսիայի նախագահ Մակրոնը շեշտել էր, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, ադրբեջանական զորքերը պետք է լքեն Հայաստանի ինքնիշխան տարածքը, որ անհրաժեշտ է բոլոր գերիների և մյուս պահվող անձանց ազատ արձակումը, որ իրենք կփորձեն օգնել երկխոսության հաստատման հարցում եւ որ այս դժվար իրավիճակում Ֆրանսիան Հայաստանի կողքին է։
Հասկանալի է, որ Ֆրանսիայի դիրքորոշումը չէր կարող համահունչ լինել Ադրբեջանի, Թուրքիայի, եթե կուզեք, նաեւ Ռուսաստանի մոտեցումներին եւ սպասելի էր Բաքվի նյարդային արձագանքը։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն հայտարարեց, թե. «Տարածաշրջանում զինադադարը ապահովվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա, որը կնքվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են պահել հրադադարի ռեժիմը։ Այս հարցում Ֆրանսիայի դերակատարությունը չկա»։ Բայց սա բնավ էլ չէր նշանակում, որ Ֆրանսիան եւ ԵՄ-ը պետք է պետք է մտածեին՝ դե լավ, եթե Ադրբեջանն համարում է, որ ֆրանսիայի դերակատարումը չկա, ուրեմն չկա։
Նախօրեին հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը նամակ է հղել Ալիեւին, իսկ Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը զանգահարել է նրան։ Եվրոպական խորհրդի նախագահը հայտնել է Եվրամիության պատրաստակամությունը՝ աջակցելու Ադրբեջանի և Հայաստանի միջև սահմանների սահմանազատման ու սահմանագծման գործընթացին։ Շառլ Միշելը կողմերին կոչ է արել լիարժեք թափանցիկության պայմաններում համագործակցել պահվող անձանց եւ այլ հարցերում։Իսկ Մակրոնի նամակում ասվում է, թե «2020 թվականի նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարությունից վեց ամիս անց անհրաժեշտ է շարունակել խորը աշխատանքը կայուն խաղաղության պայմաններ ստեղծելու համար։ Դա մասնավորապես նշանակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանների խաղաղ դելիմիտացիայի իրականացում և ռազմագերների վերադարձ իրենց հարազատներին»։ Ֆրանսիայի նախագահն ասել է, որ Փարիզը պատրաստ է օգնել բարձր մակարդակի երկխոսության հաստատմանը։
Հատկանշական է, որ Ադրբեջաքնի կողմից Ֆրանսիայի դերակատարում մերժող որեւէ բառ չկա։ Ստացվում է, որ պատերազմից հետո եռակողմ հայտարարությամբ ստեղծված ստատուս քվոն չի ճանաչվում արեւմուտքի կողմից, իսկ եռակողմ ֆորմատը ակնհայտորեն բավարար չէ, այդ ստատուս քվոն լեգիտիմացնելու համար։ Հետագա զարգացումներում չափազանց կարեւոր է հայկական դիվանագիտության արդյունավետ աշխատանքը։