Ի դեպ. Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության ու հասցեատերերի մասին
ADTVԻ դեպ, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եվրոպական այցից հետո կարծես թե հաստատվեց ու վերահաստատվեց այն արձանագրումը, որ Ֆրանսիայի համար ընդունելի է հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակի այն հանգուցալուծումը, որն առաջարկել է Նիկոլ Փաշինյանը։ Այդ են վկայում Փարիզում հնչած հայտարարությունները։ Ֆրանսիայի նախագահը մասնավորապես հայտարարել էր, թե սահմանազատումը պետք է իրականացվի բացառապես բանակցությունների միջոցով, և ոչ մի դեպքում չպետք է դիմել ուժի:
Ադրբեջանական զորքերը պետք է դուրս քաշվեն Հայաստանի ինքնիշխան տարածքից, և կոչ էր արել կողմերին վերադառնալ ելման դիրքեր՝ մայիսի 11-ի դրությամբ։ Նաեւ հավելել էր, որ կփորձենք օգնել երկխոսության հաստատման հարցում եւ որ այս դժվար իրավիճակում Ֆրանսիան Հայաստանի կողքին է։ Սակայն հասկանալի է, որ մինչեւ Հայաստանի առաջարկի իրագործման մասին մտածելը պետք էր սպասել Բաքվի արձագանքին։ Այդ արձագանքը չուշացավ։ Ադրբեջանի ԱԳ նախարարությունն հայտարարեց, թե, մեջբերում եմ. «Տարածաշրջանում զինադադարը ապահովվում է Ադրբեջանի, Հայաստանի եւ Ռուսաստանի ղեկավարների եռակողմ հայտարարության հիման վրա, որը կնքվել է 2020 թվականի նոյեմբերի 10-ին։ Ադրբեջանում ժամանակավորապես տեղակայված ռուս խաղաղապահները փորձում են պահել հրադադարի ռեժիմը։ Այս հարցում Ֆրանսիայի դերակատարությունը չկա»։ Հասկանալի է, Ֆրանսիայի դիրքորոշումը չէր կարող համահունչ լինել Ադրբեջանի, Թուրքիայի, եթե կուզեք, նաեւ Ռուսաստանի մոտեցումներին։
Եռակողմ հայտարարությունը կամ հայտարարությունները չորրոդ կողմ չի ենթադրում, համաձայնությունը ձեռք է բերվել երեք կողմերի միջեւ։ Ռուսաստանի հարցում, սակայն, բավական ուշագրավ նրբության կա։ Նիկոլ Փաշինյանի այցի օրերին կարծիքներ կային ոչ միայն այն մասին, որ սա ՌԴ կողմից կընկալվի որպես դեմարշ Հայաստանի կողմից, կամ ավելի մեղմ ասած՝ քաղաքական այլընտրանք գտնելու փորձ, եւ կառաջացնի մեր ռազմավարակաան գործընկերոջ խանդը, այլ նաեւ այսպիսի տեսակետ կար, որ գուցե սա Կրեմլի գիտությամբ ու համաձայնությամբ կատարվող այց է։ Սրա հիմքում այն կանխավարկածն էր, որ ՌԴ-ն դեմ չի լինի Ֆրանսիայի գործոնն օգտագործել Թուրքիայի ու Ադրբեջանի հետ հարաբերություններում իր դիրքերն պնդացնելու համար։ Հավանական է, որ այս տարբերակը չեն բացառում նաեւ Բաքվում։ Այլապես ինչու պետք է անհրաժեշտ համարվեր Ֆրանսիայի դերակատարմանն առնչվող հայտարարության մեջ հիշատակել այն, որ ռուս խաղաղապահները Ադրբեջանում տեղակայվել են ժամանակավորապես։ Ստացվում է, որ Ադրբեջանի ԱԳ նախարարության հայտարարության հասցեատերը ոչ միայն ֆրանսիան է, այլեւ Ռուսաաստանը։