Ինչպես եւ ինչու են ծնողները զրկվում ծնողական իրավունքներից. Քո իրավունքը
Քո իրավունքըԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կանդրադառնանք ծնողական իրավունքից զրկելու հարցին։
Երեխայի կենսական շահերն ապահովելու նպատակով ծնողները կամ նրանցից մեկը կարող են զրկվել ծնողական իրավունքներից, եթե նրանք`
-մեկ տարի անընդմեջ չարամտորեն խուսափում են ծնողական պարտականությունները կատարելուց, այդ թվում` ալիմենտ վճարելուց.
- չեն փոխում իրենց վարքագիծը ծնողական իրավունքների սահմանափակման մասին դատարանի վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո` վեց ամսվա ընթացքում.
-առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային ծննդատնից
-մեկ տարի առանց հարգելի պատճառի հրաժարվում են վերցնել իրենց երեխային դաստիարակչական կամ նմանատիպ այլ հաստատություններից.
-չարաշահում են իրենց ծնողական իրավունքները, այդ թվում` իրենց վարքագծով վնասակար ազդեցություն են գործում երեխայի վրա եւ այլն։
Ծնողական իրավունքներից զրկելը կատարվում է դատական կարգով: Ծնողական իրավունքներից զրկելու մասին գործերը քննվում են խնամակալության և հոգաբարձության մարմնի պարտադիր մասնակցությամբ։
Ծնողական իրավունքներից զրկելը ծնողներին չի ազատում երեխայի ապրուստը հոգալու պարտականությունից։
Ծնողական իրավունքից զրկելու թեմային ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։
Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։