Ի դեպ. Նիկոլ Փաշինյանի առաջարկի ու Արա Այվազյանի հրաժարականի մասին
Ի դեպԻ դեպ,Հայաստանի վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը նախօրեին հրապարակեց իր նոր առաջարկը, որով նպատակ ունի հանգուցալուծել հայ-ադրբեջանական սահմանին ստեղծված իրավիճակը։ Հիշեցնեմ, մինչ այդ նա տեղում ծանոթացել էր իրավիճակին ու արձանագրել, որ սահմանի որոշ հատվածներում իրադրությունը լարված է, և այդ լարվածության դինամիկան աճողական է:
Նիկոլ Փաշինյանն այս մասին ասաց ՀՀ անվտանգության խորհրդի նիստի ընթացքում ունեցած ելույթում: Իր գնահատականն այն է, որ իրավիճակը չհանգուցալուծելու պարագայում լայնածավալ բախում կարող է տեղի ունենալ: Առաջարկը հետևյալն է՝ պայմանավորվում ենք, որ շատ արագ Հայաստանի եւ Ադրբեջանի Զինված ուժերի ստորաբաժանումները հայելային եղանակով հեռանում են Սոտք-Խոզնավար սահմանային հատվածից, վերադառնում են մշտական տեղակայման վայրեր, այդտեղ տեղակայվում են «Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների դիտորդները:
Դրանից հետո, Ռուսաստանի կամ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների ներկայացուցիչների հովանու ներքո կարող է իրականացվել սահմանային կետերի ճշգրտման աշխատանքը: Փաշինյանն ասել է, որ սա պաշտոնական առաջարկ է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկրների եւ Ադրբեջանի ղեկավարներին: Նիկոլ Փաշինյանը համոզված է, որ հենց սա է իրադրության լուծման ամենակարճ, ամենաադրյունավետ և խելամիտ ճանապարհը։
Նա նաեւ հայտարարեց, որ ԱԳ նախարարի պաշտոնակատարի հետ արդեն այս թեմայով խոսել է և հույս ունեի, որ հնարավորություն կա արագ անցնել առաջարկի իրագործմանը: Առաջարկի իրագործմանն արագ անցնել չհաջողվեց, քանի որ ավելի արագ ԱԳ նախարարի պաշտոնակատարը հայտարարեց իր հրաժարականի մասին։
Դժվար չէ, ու շատ էլ տեղին է մտածել, որ այս հրաժարականը պայմանավորված է Նիկոլ Փաշինյանի առաջարկի հետ, որին համաձայն չի եղել ԱԳ նախարարի պաշտոնակատարը։ Փաշինյանի առաջարկն ըստ էության տարբերվում է հրապարակված փաստաթղթից։ Հրապարակվածը վերաբերում է սահմանազատմանը Ռուսաստանի մանակցությամբ, իսկ Փաշինյանի առաջարկը՝ Սոթք-Խոզնավար հատվածի սահմանակետերի հստակեցմանը՝ Ռուսաստանի, կամ ԵԱՀԿ աջակցությամբ։ Կարելի է ենթադրել, որ սա միակ ու եզակի անհամաձայնությունը չէ վարչապետի ու ԱԳ նախարարի պաշտոնակատարների միջեւ։
Սա պարզապես վերջին կաթիլն էր, եւ հրաժարականը նաեւ հրաժարում էր առաջիկա տարաձայնություններից։ Չար լեզուներն ասում են, թե առաջիկա օրերին սպասվում են նոր հրաժարականներ։