Ի դեպ. Հայ զինվորների գերեւարման ու Նիկոլ Փաշինյանի նոր առաջարկի մասին
ADTVԻ դեպ, այսօր առավոտ ադրբեջանական հերթական ագրեսիան է արձանագրվել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի սահմանային հատվածում։ Զորամասի պահպանության տարածքում ինժեներական աշխատանքներ կատարելիս, ադրբեջանական զինված ուժերի զինծառայողների կողմից շրջափակվել և գերեվարվել է ՀՀ ԶՈՒ վեց զինծառայող։
Ավելի ուշ ՊՆ-ն մանրամասներ ներկայացրեցի տեղի ունեցածի վերաբերյալ։ Անկախ նրանից, թե ինչպես, ինչ հանգամանքներում ու պայմաններում է տեղի ունեցել դեպքը, փաստ է, որ սահմանի այդ հատվածում ադրբեջանական կողմը կարողացել է գերեւարել մեր զինվորներին ու կանխարգելիչ, համարժեք գործողություններ չենք ձեռնարկվել։
Համաձայնեք, մի քանի տարի առաջ ամենավատ երազում անգամ անհնար էր պատկերացնել, որ մի օր կհայտնվենք նման անպաշտպան ու անօգնական վիճակում։ Ինչու է ԱդրբԵջանը գնում նման սադրանքների, ինչու է Հայաստանի հետ կայունության, խաղաղության համագործակցության պայմաններում ապրելու Ադրբեջանի պաշտոնական հռետորաբանությունը իրականում դառնում սադրանք ու ագրեսիա։
Շատ պարզ պատճառներով՝ որպեսզի ՀՀ-ն հրաժարվի Արցախից ու ճանաչի այն Ադրբեջանի մաս, որպեսզի Մեղրիի միջանցքի հարցում համաձայնություն ստանա, որպեսզի սահմանագծմանը վերաբերող հայտարարությունը ստորագրի, գուցե ընտրությունների վրա ազդելու նպատակով։ Իսկ որն էր առիթը։ Վարկածները դարձյալ մի քանիսն են, այդ թվում Իրանի ԱԳ նախօրեին կայացած աշխատանքային այցը, նախօրեին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում հնչեցրած հայտարարությունները, որտեղ նա ընդհանրապես, անդրադառնալով ադրբեջանական սադրիչ առաջխաղացումներին, կարծիք հայտնեց, որ Ադրբեջանը միայնակ չէր հանդգնի այսպիսի գործողություն իրականացնել։
Եվ որ հնարավոր է, ոմանց հետ նախապես համաձայնեցվել է այս ծրագիրը։ Սրանից զատ, հիշեցնեմ, Նիկոլ Փաշինյանը դժգոհություն էր հայտնել ՀԱՊԿ-ի «գործողությունների արագությունից» ավելացնելով, որ կազմակերպությունը հրապարակավ հստակ դիրքորոշում չի հայտնել այս հարցում:
Ընդհանուր պատկերն ավելի կամբողջանա, եթե հաշվի առնենք, որ քննարկման առարկա է ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ դիմելու հարցը։ ՀՀ վարչապետի պաշտոնակատարը չի բացառում, որ կգնանք այդ ճանապարհով, եթե պարզվի, որ ՀԱՊԿ գործիքները կամ Հայ-ռուսական միացյալ զորախմբի վերաբերյալ պայմանագրի գործիքները բավարար չեն այս իրավիճակը եւ խնդիրը լուծելու համար։
Մինչ այդ, վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ շուտով իրավիճակի խաղաղ հանգուցալուծման պլան կներկայացնի։ Նա վստահ է, որ առաջարկը փոխշահավետ է, իրականանալի կարճ ժամանակահատվածում՝ միջազգային հանրության աջակցությամբ։