Ի դեպ. Ադրբեջանական ագրեսիայի, ՀԱՊԿ-ից ակնկալիքների ու ՄԱԿ ԱԽ չդիմելու մասին
ADTVԻ դեպ, նախօրեին հերթական դեպքն է գրանցվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական տարածքում, Վերին Շորժա բնակավայրի սահմանային հատվածում։
ՀՀ տարածքային ամբողջականությունը խախտելու դիտավորությամբ՝ ադրբեջանցի զինվորները բռնության կոչեր են հնչեցրել այդ հատվածում պահպանություն իրականացնող ՀՀ ԶՈՒ-ի զինծառայողների նկատմամբ, պահանջել են դիմադրություն ցույց չտալ ու ազատել տարածքը:
Նրանք դիտավորությամբ կրակահերթեր են արձակել հայ զինծառայողների ուղղությամբ, որի արդյունքում ունենք զոհ։ Բնավ էլ զարմանալի չէ, որ Ադրբեջանը մի կողմից խոսում է հարեւան Հայաստանի հետ խաղաղության կայունության ու համագործակցության պայմաններում ապրելու հեռանկարի մասին, մյուս կողմից դիմում է նման սադրանքների ու ագրեսիայի։ Ադրբեջանի գործելաոճը միշտ է այդպիսին եղել։
Ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման բանակցային գործընթացի ժամանակներում էլ էր այդպես՝ ամեն անգամ բարձր մակարդակի հանդիպումից առաջ Ադրբեջանը դիմում էր նման սադրանքների՝ հայկական կողմի վրա ճնշումներ գործադրելու, զիջումներ կորզելու համար։
Նույնը՝ հիմա։ Ադրբեջանը նման սադրանքների է դիմում արդեն ուժի դիրքերից, ստիպելու, որ Հայաստանը կատարի իր պահանջները՝ ճանաչի Արցախը որպես Ադրբեջանի մաս, համաձայնության գա Մեղրիի իրենց պատկերացրած միջանցքի հարցի շուրջ, գործընթացը հասցնի սահմանագծման իր կամեցած տարբերակի ընդունմանը։ Եւ այս պայմաններում նորից թարմանում են խոսակցությունները մեր իշխանությունների քայլերի, մեր ռազմավարական դաշնակից ՌԴ-ի ու ՀԱՊԿ-ի դիրքորոշումների շուրջ։
ՌԴ-ն հերթական ու գուցե ավելորդ անգամ հայտարարում է, թե միշտ պատրաստ է թիկունք լինել եղբայրական հայ ժողովրդին, ՀԱՊԿ-ը դեռ ուշադիր հետեւում է զարգացումներին, իսկ մեր իշխանությունները հույս ունեն, որ ՌԴ-ից ու ՀԱՊԿ-ից դեռ համարժԵք արձագանք կունԵնանք։
Այս իրավիճակում բնական է, որ պետք է ակտիվանան ՄԱԿ ԱԽ դիմելու կոչերն ու հորդորները, հաշվի առնելով նույն ԱԽ անդամ պետությունների՝ ԱՄՆ, Ֆրանսիա, Չինաստան, մեզ համար խիստ դրական արձագանքներն ու ուղերձները։ Իսկ Ադրբեջանը համաշխարհային ուժային այս կենտրոնների կողմից Հայաստանի իրավունքների պաշտպանության, դիրքորոշումների կոշտացման համապատկերում ակնհայտորեն շտապում է Հայաստանից «պոկել» առավելագույնը։
Արդյոք ՀՀ իշխանությունները կփորձեն հարցը տեղափոխել ՄԱԿ-ի ԱԽ։ Հազիվ թե։