Ի դեպ. Լեւոն Տեր Պետրոսյանի հոդվածին Ռոբերտ Քոչարյանի պատասխանի մասին
ADTVԻ դեպ, արդեն առիթ ունեցել ենք խոսելու առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունների առանձնահատկությունների մասին։ Այս ընտրություններն առանձնահատուկ են նաեւ նրանով, որ դրանց մասնակցում են ՀՀ բոլոր առաջին դեմքերը՝ նախկին երեք նախագահներն ու վարչապետի գործող պաշտոնակատարը։ Մեկ տարբերությամբ միայն՝ ի տարբերության 1-ին եւ 2-րդ նախագահների, ՀՀ 3-րդ նախագահն անձնապես չի մասնակցում, ցուցակ չի գլխավորում, իր գլխավորած ՀՀԿ-ն «Պատիվ ունեմ» դաշինքի մաս է կազմում։
Այն բանից հետո, երբ ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահները մերժեցին 1-ին նախագահի առաջարկը՝ ընտրություններին միասնական «Ազգային համաձայնության դաշինքով» մասնակցելու մասին, ակնհայտ էր, որ Լեւոն Տեր Պետրոսյանի թիրախում լինելու են ոչ միայն վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, այլեւ նախկին նախագահներ Սերժ Սարգսյանը եւ Ռոբերտ Քոչարյանը։
Վերջինը ՝ հատկապես ու առավելապես։ Լեւոն Տեր Պետրոսյանն ինքն էլ չէր թաքցնում դա ու այդ մասին հայտարարել է բաց տեքստով։ Լեւոն Տեր Պետրոսյան-Ռոբերտ Քոչարյան բանավեճն ու պայքարն ընթանալու է իրենց կառավարման տարիների, արցախյան հակամարտության, հաղթանակի ու պարտության հարցերի շուրջ։
Հենց վերջինից էլ նախկին նախագահների նախընտրական հեռակա բանավեճը մեկնարկել է։ Հիշեցնեմ, նախօրեին Լեւոն Տեր Պետրոսյանն իր հոդվածում նկատել էր, թե ընդդիմադիր ուժերի մեծամասնության գլխավոր թեզն այն է, որ ղարաբաղյան վերջին պատերազմում կրած պարտության միակ պատասխանատուն և միակ մեղավորը Նիկոլ Փաշինյանն է:
Մինչդեռ, նրա համոզմամբ, սկսած 1997-ից, բոլոր կուսակցությունները, բացի ՀՀՇ-ից, վիժեցնելով փոխզիջումային լուծման ամենանպաստավոր հնարավորությունը, որդեգրեցին ստատուս-քվոյի պահպանման ու փոխզիջումների մերժման կործանարար ուղեգիծը:
Այն դարձավ ՀՀ հաջորդ վարչախմբերի պետական մակարդակի բարձրացված քաղաքականություն, հասցնելով այն աղետին, ինչում նրանք այսօր մեղադրում են միայն Փաշինյանին: Լեւոն Տեր Պետրոսյանի այս «քարերը գլորվում» են առաջին հերթին Ռոբերտ Քոչարյանի «բոստանը», եւ սպասելի էր, որ հակադարձում կունենա։ Ռոբերտ Քոչարյանի պատասխանը չուշացավ։
Այսօր նա հայտարարել է, որ իր նախագահության 10-ը տարիներին չի եղել որևէ մեկ առաջարկ համանախագահների կողմից, որն ընդուներ Ադրբեջանը և մերժեր Հայաստանը:
«Այդ առաջարկներին մենք ասում էինք, որ ունենք վերապահումներ, բայց սկզբունքորեն պատրաստ ենք դրանք քննարկել: Ադրբեջանն այդ առաջարկները կտրականապես մերժում էր: Սա լավագույն պատասխանն է առաջին նախագահի նման կարգի եզրակացություններին կամ մեղադրանքներին»,- հայտարարել է Ռոբերտ Քոչարյանը։
Արձանագրենք, «հետախուզական» քաղաքական փոխհրաձգությունը մեկնարկել է, մեղմ տոների մեջ։ Սպասենք քարոզարարշավային զարգացումներին։