Ի դեպ. ՀՀ ՊՆ հայտարարության մասին. Երբ է լրանում ողջամիտ ժամկետը
ADTVԻ դեպ. Նախօրեին բավական ուշագրավ հայտարարությամբ է հանդես եկել ՀՀ ՊՆ-ն։ Ուշագրավ եւ կոշտ։
Պն-ն արձանագրել է, որ Ադրբեջանի ԶՈՒ կողմից հայ-ադրբեջանական սահմանին մայիսի 12-ին և 13-ին իրականացված սադրանքներից հետո ստեղծված իրադրությունը, մայիսի 18-ի երեկոյան դրությամբ, փոփոխություն չի կրել։
ՀՀ Պն-ն հայտարարում է, որ ողջամիտ ժամկետներում խաղաղ կարգավորման բացակայության, այն է՝ ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր չվերադառնալու դեպքում, ՀՀ զինված ուժերն իրավունք են վերապահում խնդիրը լուծել այլ, այդ թվում նաև ուժային տարբերակով։
Հիշեցնեմ, բանակցությունները ընդմիջվել էին մայիսի 16-ին եւ այդ ժամանակ էլ հայտարարվել էր, որ դրանք շարունակվելու են մայիսի 19-ին։ Եւ ուրեմն ինչ փոխվեց այդ երեք օրերի ընթացքում, որ ՀՀ ՊՆ-ն հարկ համարեց հանդես գալ նման հայտարարությամբ, չբացառելով ուժի կիրառումը։
Տարբերակներից մեկն այն է, որ Ադրբեջանը չի հրաժարվում իր նախապայմաններից, որոնք բացարձակապես անընդունելի են Հայաստանի համար։ Մյուսը միջազգային հանրության արձագանքն է։ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ արագացնում են հայ-ռուսական ռազմական փոխօգնության և ՀԱՊԿ մեխանիզմների կիրառման ընթացակարգը: Հավանաբար էլ ավելի ազդու էին ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանի հեռախոսազրույցները ՀՀ եւ Ադրբեջանի ղեկավարների հետ, որտեղ ամերիկացի բարձրաստիճան պաշտոնյան շատ հստակ ու միանշանակ հայտարարել էր, որ «ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ»։
Մինչ այդ էլ, մեկ անգամ էլ հիշեցնեմ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնն էր առաջարկել սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, իսկ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Այս արձագանքներն ըստ էության Հայաստանի ինքնիշխան տարածքի անձեռմխելության մասին են եւ նաեւ ուժի կիրառման լեգիտիմ իրավունքի մասին, եթե այդ անձեռնմխելիությունը ոտնահարված է։ Շատ բան կախված էր այսօր կայանալիք բանակցությունների ընթացքից։ Սակայն ՀՀ Պն-ն այսօր հայտարարեց, որ չնայած վաղօրոք ձեռք բերված պայմանավորվածությանը՝ ադրբեջանական կողմը պայմանավորված ժամին բանակցություններին չի ներկայացել։ Ինչ է սա նշանակում։
Արդյոք Հայաստանի համար սա նշանակում է ադրբեջանցի զինվորականների՝ առանց նախապայմանների իրենց ելման դիրքեր վերադառնալու համար նախանշված ողջամիտ ժամկետի ավարտ, թե դեռ ոչ։ Առաջիկա ժամերին կերեւա։