Ի դեպ. Սյունիքյան լարվածության միջազգային արձագանքների մասին
ADTVԻ դեպ, հայ-ադրբեջանական սահմանին, ավելի ճիշտ հենց Հայաստանի սուվերեն տարածքում վերջին օրերի լարվածության համապատկերում բավական ուշագրավ իրադարձություններ են տեղի ունենում քաղաքական -դիվանագիտական դաշտում։ ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը նախօրեին իր նախաձեռնությամբ հեռախոսազրույցներ է ունեցել ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ։ Նա ընդգծել է, որ մեջբերում եմ՝ «ռազմական տեղաշարժերը չսահմանագծված սահմանների մոտ անպատասխանատու են և սադրիչ»։
Սա ըստ էության նշանակում է, որ ԱՄՆ-ն իր բարձրաստիճան պաշտոնյայի բերանով անընդունելի է համարում Ադրբեջանի գործողությունը և հայտարարում, որ Ադրբեջանը պետք է հետ քաշի իր ստորաբաժանումները: Վաշինգտոնը փաստորեն ավելի է հստակեցնում իր դիրքորոշումը Հայաստանի սահմանին ստեղծված իրավիճակի առնչությամբ: Հատկանշական է, որ այս հստակեցումը տեղի է ունենում ԱՄՆ-ի պետքարտուղարի եւ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույցից հետո, որտեղ ընդգծվել էր հակամարտության երկարաժամկետ քաղաքական կարգավորման անհրաժեշտությունը: Իսկ մինչ այդ, հիշեցնեմ, Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը առաջարկել էր սահմանային լարվածության հարցը տեղափոխել ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ, իսկ անհրաժեշտության դեպքում ՄԱԿ-ի մանդատով ռազմական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։
Այս համատեքստում ուշագրավ է ՌԴ ԱԳ նախարարի հայտարարությունը, թե Հայաստանի անհանգստությունը ավելորդ հույզեր են։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահ եւ ՄԱԿ-ի ԱԽ երկու մշտական անդամ պետությունները՝ ԱՄՆ-ն եւ Ֆրանսիան, Ադրբեջանից պահանջում են անհապաղ հետ քաշել իր զինուժը ՀՀ ինքնիշխան տարածքից։ Պատկերն ավելի կամբողջանա, եթե նշենք նաեւ Իրանի Իսլամական Հանրապետության Ազգային ժողովի ազգային անվտшնգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահի հայտարարությունն այն մասին, որ տարածաշրջանի երկրների տարածքային ամբողջականությունը պետք է պահպանվի։
Եթե Հայաստանի տարածքի մի մասը ուզենան վերցնել, և իրենց սահմանները փոփոխության ենթարկվեն, այսինքն՝ ունենան նոր հարևան, դա Իրանի համար անընդունելի է։ Այսպիսով, կարելի է արձանագրել, որ Սյունիքյան ճգնաժամի հետ կապված, Հայաստանն ունի դիվանագիտական բավական լավ, եթե չասենք արդյունքներ, ապա գոնե միջավայր։ Առաջ Աստված։