«Հայաստանը՝ թվերով»․ 2021-ի առաջին եռամսյակում հանրապետությունում առևտրաշրջանառությունը նվազել է 5,6 տոկոսով
Exclusive
ArmDaily.am-ը շարունակում է «Հայաստանը թվերով» շարքը, որի շրջանակներում այս անգամ կանդրադառնանք 2021 թ-ի հունվար–մարտ ամիսներին հանրապետությունում առևտրի շրջանառությանը։
ՀՀ Ազգային վիճակագրական կոմիտեի տեղեկագրի համաձայն՝ տարվա սկզբից հանրապետությում կատարվել է 664 մլրդ 773 մլն դրամի առևտրաշրջանառություն, ինչը նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ պակաս է 5,6 տոկոսով։
Ըստ այդմ՝ մանրածախ առևտրաշրջանառությունը նվազել է 8,6 տոկոսով և կազմել 308 մլրդ 345 մլն դրամ, իսկ մեծածախ առևտրաշրջանառությունը նվազել է 1,2 տոկոսով և կազմել 338 մլրդ 572,7 մլն դրամ։ Միաժամանակ էականորեն՝ 25,4 տոկոսով նվազել է նշված ժամանակահատվածում ավտոմեքենաների առևտուրը։
Հատկանշական է որ մանրածախ առևտրաշրջանառությունը, որը բնակչության գնողունակության հիմնական ցուցիչն է, էական անկում էր արձանագրել այս տարվա հունվարին՝ 14,7 տոկոս, փետրվարին անկումը կազմել է 11,4 տոկոս և միայն մարտին է, որ 0,1 տոկոսով նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ աճ է արձանագրվել։
Ինչ վերաբերում է ավտոմեքենաների առևտրին, ապա հունվարին մեքենաների առևտուրը նվազել էր 50 տոկոսով, փետրվարին՝ 17,7 տոկոսով, մարտին արդեն նախորդ տարվա մարտի համեմատ աճ է արձանագրվել՝ 5,7 տոկսով։