Ի դեպ. Նորից Սյունիքում, Իշխանասարի հատվածում ստեղծված իրավիճակի մասին
Ի դեպԻ դեպ, արդեն երկրորդ օրն է, որ տագնապով ու շիվարած հետեւում ենք, թե ինչ է կատարվում Սյունիքում։Իսկ կատարվածը արտառոց է բոլոր առումներով։
Թե նրանով, որ ՀՀ ԶՈՒ-րը փաստորեն որոշել են անտեր թողնել սահմանի այդ հատվածը մինչեւ ձյունը կհալվի, ու պարզում է, մայիսի կեսերին էլ դիրքեր վերադառնալու ցանկության չի եղել։ Իսկ ադրբեջանցիների կողմից այն զբաղեցնելուց հետո իրենց պարտքը համարեցին տեղեկացնել, որ «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» տեղեկությունները չեն համապատասխանում իրականությանը։
Այսքան բան։ Իսկ երեկ կեսգիշերին տեղի ունեցած ԱԱԽ նիստին վարչապետի պաշտոնակատարն արձանագրեց, որ Ադրբեջանի զինված ուժերն այդ տեղանքում հատել են Հայաստանի Հանրապետության պետական սահմանը և խորացել մինչև 3,5 կիլոմետր, որ սա իր բնույթով, ըստ էության, դիվերսիոն անցում է: Այսօր կառավարության նիստին էլ հայտարարեց, որ դա եղել է կեղծ քարտեզներով նախապես ծրագրված սադրանք։ Այն, որ այդ սադրաքն իրականացրել է Ադրբեջանը, պարզ է։ Այն որ այդ սադրանքի հետեւում Թուրքիան է, դա էլ է պարզ։ Այն, որ մենք եւ մեր ԶՈՒ-ը պետք է պաշտպանեինք մեր երկրի սահմանները, առանց որեւէ մեկին մեղադրելու, դա էլ է պարզ։ Այս ամենով հանդերձ, ինչ կարելի է ասել Ռուսաստանի մասին։ Հատկանշական է, որ այս սադրանքը հաջորդեց ՌԴ ԱԳ նախարարի՝ Ադրբեջան կատարած այցին։ Եւ ընդհանրապես, ի՞նչ մեկնաբանություն ունի Ռուսաստանը որպես Հայաստանի դաշնակից, որն ունի որոշակի պարտավորություններ ՀՀ տարածքի անվտանգության հարցում։
Ինչ մեկնաբանություն ունի ՌԴ-ն նաեւ որպես նոյեմբերի 9-ի համաձայնագրի իրականացման պատասխանատու: Չի՞ ուզում, թե՞ չի կարողանում այն այն իրականացնել։
Ադրբեջանն այս սադրանքին գնացել է ՌԴ-ի լուռ համաձայնությամբ, թե՞ սա դեմարշ է ՌԴ նկատմամբ։ Իսկ նման դեպքում ի՞նչ պետք է անի Հայաստանի հանրապետությունը։ Հարձակվել, ոչնչացնել, կամ ձերբակալե՞լ դիվերսիոն անցում իրականացնողներին։ Նման կերպ մտածողներ կան։ Մյուսներն ասում են, թե դա կհանգեցնի նոր պատերազմի, որին մենք պատրաստ չենք։ Դիմել ՀԱՊԿ-ի՞ն, կամ Ռուսաստանի՞ն։ Իսկ ինչո՞ւ Հայաստանը չի դիմում։ Իսկ գուցե այս սադրանքն հենց այդ նպատակով էլ իրականացվե՞լ է, որպեսզի մենք դիմենք Ռուսաստանին, որից հետո գուցե ավելի վատ հետեւանքներ կլինեն։ Հարցերը բազմաշետ են այնքան, որքան պատասխանները։ Իսկ ի՞նչ անել։
Ոչինչ չձեռնարկելն էլ նշանակում է ամեն օր հայրենիք կորցնել՝ պատառ առ պատառ։ Հայտարարությունները, թե ադրբեջանական կողմի գործողությունները ոտնձգություն են Հայաստանի ինքնիշխան տարածքի նկատմամբ, եւ անհանդուրժելի են մեղ համար, ոչինչ չեն տալու։ Լուծումներ են պետք եւ ենթադրվում է, որ ԱԱԽ նիստում հենց այս հարցերն են քննարկվում են։