Մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենար կարող է ունենալ. Նիկոլ Փաշինյանը՝ Սյունիքի մասին
Քաղաքական
Տեղյակ եք, որ երեկ առավոտյան Ադրբեջանի զինված ուժերը սադրիչ գործողություն են իրականացրել և հատել Հայաստանի պետական սահմանը Սև լճի հատվածում և ուզում եմ ասել, որ երեկվանից ըստ էությանը իրադրության փոփոխություն չկա։ Այս մասին այսօր կառավարության նիստի ժամանակ ասաց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
«Իրադրությունը շարունակում է մնալ նույնը, դա նշանակում է, որ Սև լճի մերձակայքում կան ադրբեջանցի զինվորներ, և այնտեղ նաև մեր զինվորների ներկայություն կա մեծ թվով, բայց ուզում եմ ասել, որ իրադրությունը ռազմական էսկալացիայի չի հասել, այսինքն փոխհրաձգություն և բախում չկա, որովհետև երեկվանից տարվում է աշխատանք ադրբեջանցի զինվորներին այդ տարածքից դուրս բերելու ուղղությամբ։ Ինչու է այսպես իրադրությունը, նախ արձանագրենք, որ տեղի ունեցածը նախապես ծրագրված սադրանք է եղել, որովհետև ադրբեջանցիները իրենց հետ ունեն ակնհայտ կեղծված քարտեզներ որոնցով ուզում են հիմնավորել, թե իրենք գտնվում են Ադրբեջանի սահմաններից ներս և էլի եմ ասում, որ այդ քարտեզները կեղծված են, ակնհայտ է և դա երևում է դեռևս խորհրդային ժամանակաշրջանում պաշտոնապես հաստատված քարտեզների հետ համեմատությամբ, իսկ կեղծված քարտեզների առկայությունը ցույց է տալիս, որ այստեղ գործ ունենք կազմակերպված սադրանքի հետ։ Իհարկե կարևորագույն հարց է, ինչպես է հնարավոր եղել դա, որ ադրբեջանցի զինվորները հատեն և մեր դիրքերի միջդիրքային տարածքներով անցնեն և հասնեն Սև լիճ, դա առանձին քննարկման խնդիր է, որը իհարկե անպայման կդիտարկվի»,- ասաց Փաշինյանը։
Անդրադառնալով ՊՆ-ի ու ԱԱԾ-ի կողմից ամբողջ օրը հերքվող, ապա հաստատված լուրերին, Փաշինյանը նշեց. «Ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել այն փաստի վրա, որ ՊՆ-ն և ԱԱԾ-ն հերքել են մարտական գործողությունների վիրավորների, զոհերի առկայության մասին պտտվող ապատեղեկատվությունը, իսկ մինչ իրադրության վերաբերյալ ամբողջական գնահատականը տալը, տեղի է ունեցել իրադրության գնահատում և տրվել է ամբողջական տեղեկտվություն»։
Նա շեշտեց, որ իրավիճակին պետք է շատ լուրջ վերաբերվենք. «Ըստ էության մենք գործ ունենք ճգնաժամի հետ, որը հետագա զարգացման մի քանի սցենարներ կարող է ունենալ, մեր խնդիրն է, որ Հայաստանի ինքնիշխան տարածքը մնա և լինի անձեռնմխելի և մեր խնդիրն է, որ Ադրբեջանի զինված ուժերը հետ քաշվեն ելման դիրքեր, որտեղից նրանք սկսել են առաջխաղացումը, այն դիրքեր, որտեղ գտնվել են մայիսի 10-ի դրությամբ»։
Փաշինյանի խոսքով՝ տեղում աշխատանքները շարունակվում են, իսկ կառավարության նիստից հետո տեղի է ունենալու Անվտանգության խորհրդի նիստ։