Ի դեպ. Սյունիքում, Իշխանասարի հատվածում ստեղծված վիճակի մասին
Ի դեպԻ դեպ, այսօր առավոտյան առցանց մամուլում ու սոցիալական ցանցերում կայծակնային արագությամբ տարածվեցին Սյունիքից ստացվող տագնապալի լուրեը։ Դրանք այն մասին էին, որ Սյունիքի մարզում, Իշխանասարի ուղղությամբ ադրբեջանական կողմը առաջ է բերել իր դիրքերը, որ այդ տարածքում հայտնված հենակետը ընկել է շրջափակման մեջ, և լարված իրավիճակ է ստեղծվել ։ Խոսվում էր փոխհրաձգության ու մեր կողմից վիրավորների մասին։ Հետո պաշտոնական հաղորդագրություն տարածեց ՀՀ Պն-ն։ Հաղորդագրության մեջ ասվում էր, Ադրբեջանական զինուժը մայիսի 12-ի վաղ առավոտյան, «սահմանների ճշգրտման» հիմնավորմամբ, փորձել է որոշակի աշխատանքներ իրականացնել Սյունիքի սահմանային հատվածներից մեկում։ Հայկական ստորաբաժանումների ձեռնարկած միջոցառումներից հետո ադրբեջանական զինվորականները դադարեցրել են այդ աշխատանքները եւ որ ընթանում են բանակցություններ՝ ստեղծված իրավիճակը հարթելու ուղղությամբ։ ՀՀ ՊՆ-ն հայտարարեց, որ «Մամուլում տարածվող տեղեկությունները «Իշխանասարի ուղղությամբ ընթացող մարտերի մասին» չեն համապատասխանում իրականությանը։ Նման զարգացումների դեպքում պաշտպանության նախարարությունն առաջինը հանդես կգար հայտարարությամբ։ ՀՀ ՊՆ-ն կոչ էր անում ձեռնպահ մնալ չճշտված, առավել ևս՝ խուճապ տարածող տեղեկություններ հրապարակելուց։ Հասկացանք։ Իսկ ինչպե՞ս է պատահել, որ Ադրբեջանական կողմին ըստ էության հաջողվել է առաջ բերել իր դիրքը։ ՊՆ-ն այս մասին լռում է։ Ըստ շրջանառվող տեղեկությունների, Իշխանասարի այդ հատվածում ձմռանը խիստ ձյունառատ ու ձյունապատ է եղել եւ մեր իշխանություննները, ԶՈՒ-րը, այդ պայմաններում դիրքը կահավորելու, համապատասխան պայմաններ ստեղծելու փոխարեն որոշել են մի քանի կիլոմետր հետ քաշվել, մինչեւ ձյունը կհալվի ու որից հետո նորից կվերադառնալ։ Ստացվում է, որ այդ հատվածում մենք դիրքապահ չենք ունեցել։ Սա բնականաբար չէր կարող վրիպել ադրբեջանական կողմի աչքից։ Եթե հետ ես քաշվում քո դիրքից, թշնամին անկասկած այն կզբաղեցնի, անկախ այն հանգամանքից, որ դա ՀՀ տարածք է։ Հատկապես, եթե խոսքը մեր հայրենիքի ամենակարեւոր հատվածներից մեկի 3 կմ-ի մասին է։ Դա մեր պետության ամենանեղ հատվածն է, որ թշնամին փորձում է նեղացնել եւս 3 կմ-ով։ Դա այն հատվածն է, որը կտրելու դեպքում ՀՀ-ն պարզապես կբաժանվի երկու մասի, իսկ դա ամենաուղիղ ճանապարհն է Սյունիքին տիրանալու՝ թուրք-ադրբեջանական ծրագիրը իրագործելու համար։ Պատահական չէ, որ Ռուսաստանը Սիսիանի շրջանում է ռազմաբազ ստեղծում։ Ինչեւէ. Այսօր բանակցություններ էին ընթանում իրավիճակը հարթելու համար, տեսնենք ինչ արդյունքներ կլինեն։