Ինչպիսին է մանկապարտեզ ընդունվելու կարգը, ովքեր կարող են այժմ ընդունվել. Քո իրավունքը
ADTVԱրմդեյլին և Լեգալ Մայնդս ընկերությունը շարունակում են «Քո իրավունքը» հաղորդաշարը, որի նպատակն է հանրային իրազեկումը և հասարակությանն իրավական օգնության տրամադրումը:
Այս հաղորդմանը կներկայացնենք երեխային մանկապարտեզ ընդունելու կարգին եւ վերջերս տեղի ունեցած փոփոխություններին։
Առողջապահության նախարարի հրամանով վերացվել են մանկապարտեզների խմբերում երեխաների թվին ու հեռավորությանը վերաբերող սահմանափակումները, ինչի արդյունքում մայիսի 10-ից վերսկսվեց Երևանի քաղաքապետարանի ենթակայությամբ գործող մանկապարտեզներում երեխաների համալրումը/ընդունելությունը:
Մանկապարտեզներ կրկին հաճախելու հնարավորություն ունեն
ա/ այն երեխաները, որոնք նախկինում հաճախել են համայնքային մանկապարտեզներ, բայց սահմանափակումների բերումով նախադպրոցական կրթությունն ընդհատվել է,
բ/ հիմնանորոգման պատճառով ժամանակավորապես փակված մանկապարտեզներ հաճախող երեխաները, որոնք ծնողների համաձայնությամբ կհամալրեն այլ մանկապարտեզների խմբերը՝ ըստ հնարավորության,
գ/ հերթագրված երեխաները:
Նշենք, որ Երևան քաղաքի ենթակայության մանկապարտեզներում երեխաների հաշվառումը կազմակերպվում է «Մանկապարտեզ» էլեկտրոնային համակարգի միջոցով։
Առցանց հերթագրման համար դիմում կարող է ուղարկել երեխայի ծնողը՝ գրանցվելով mankapartez.yerevan.am կայքում: Մանկապարտեզներում հերթագրվում են 2 տարեկանը լրացած և մինչև 6 տարեկան երեխաները: Առցանց հերթագրման համար ծնողը պետք է գրանցվի կայքում և լրացնի դիմումը՝ կցելով հետևյալ փաստաթղթերը՝
-երեխայի ծննդյան վկայականը,
-ծնողի անձը հաստատող փաստաթուղթ՝ անձնագիր կամ նույնականացման քարտ,
-հաշվառումը հիմնավորող փաստաթուղթ՝ անձնագիր կամ ոստիկանության անձնագրային բաժանմունքի կողմից տրված հաշվառման տեղեկանք:
Երեխային մանկապարտեզ ընդունելու կարգին ավելի մանրամասն անդրադարձել ենք հաղորդմանը։ Եթե կլինեն հարցեր, ապա գրեք դրանք մեկնաբանություններում, անպայման կանդրադառնանք նաև դրանց։ Հետևեք մեզ և եղեք իրազեկված։ Կհանդիպենք։