Ի դեպ. ԱԺ-ի արձակման եւ արտահերթ խորհրդարանական ընտրությունների մասին
ADTVԻ դեպ, ԱԺ-ը նախօրեին երկրորդ անգամ վարչապետի պաշտոնում չընտրեց Նիկոլ Փաշինյանին։ Իսկ սա նշանակում է, որ յոթերորդ գումարման Ազգային ժողովը արձակվեց իրավունքի ուժով եւ համաձայն նախապես ձեռք բերված քաղաքական պայմանավորվածության։ Խորհրդարանն արձակվում է, եւ նախագահ Արմեն Սարգսյանն արդեն ստորագրել է Ազգային ժողովն արձակելու ու ընտրությունների նշանակման հրամանագիրը։ Ընտրությունները, ինչպես նախանշված էր, կանցկացվեն Հունիսի 20-ին։ Արձակված ԱԺ-ն կշարունակի գործել մինչեւ նոր խորհրդարանի ձեւավորումը։ Իսկ նոր խորհրդարանը կձեւավորվի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյուքում։ Հասկանալի է, որ այս օրերին բոլորի ուշադրության կենտրոնում քաղաքական դաշտի դիրքավորումներն են։ Ինչ է հայտնի այս պահին։ Հայտնի է, որ կառավարող ՔՊ-ն ընտրություններին կմասնակցի առանձին։
Հավանաբար առանձին կմասնակցեն նաեւ խորհրդարանական ԲՀԿ եւ ԼՀԿ կուսակցությունները։ Բավական հետաքրքիր դասավորություն է արդեն արձակված խորհրդարանից դուրս, արտախորհրդարանական դաշտում։ Հատկանշական է, որ այդ գործընթացին ակտիվ մասնակցություն ունեցան ՀՀ նախկին բոլոր 3 նախագահները։ Ըստ այդմ, ինչպես արդեն հայտնի է, 2-րդ նախագահը ընտրություններին կմասնակցի գլխավորելով ՀՅԴ, «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների «Հայաստան» դաշինքը, իսկ 3-րդ նախագահի ՀՀԿ-ն ընտրություններին կմասնակցի «Հայրենիք» կուսակցության հետ, «Պատիվ ունեմ» դաշինքով։ Ամենահետաքրքիրը ՀՀ 1-ին նախագահի դեռ չբացահայտված ծրագրերն են։ Չբացահայտված՝ ՀԱԿ-ի մասնակցության մասով։ Հիշեցնեմ, Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկը ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահներին միասնական դաշինքով ընտրություններին մասնակցելու վերաբերյալ մերժվեց եւ հիմա ՀԱԿ-ը բավական բարդ որոշում ընդունելու նախաշեմին է։ Մասնակցել, թե ոչ։ Որոշման մասին հայտնի կդառնա մայիսի 16-ին կայանալիք համագումարի ժամանակ, մինչ այդ ՀԱԿ-ում այսպես ասած, «լռության ուխտ» է։ Ընտրություններին մասնակցելու մասին դեռ չի հայտարարել ԱԺԲ-ն։ Վերջին շրջանում բավական ակտիվացած բեւեռում հավանաբար դեռ ընդհանուր հայտարարի չեն գալիս, տեսակետների տարբերություն կա հավանաբար, իսկ ժամանակը անսպառ չէ։ Քաղաքական դաշտի մյուս մասնակիցները՝ տարիների փորձառություն ունեցողներից մինչեւ նորաստեղծներ, դեռ քննարկումների փուլում են։ Իսկ ընտրական գործընթացի, նախընտրական ոչ պաշտոնական քարոզաարշավի մեկնարկը տրված է։ Այս ընտրությունները չափազանց կարեւոր են, եթե չասենք ճակատագրական, մեր երկրի ապագայի համար։ Պատերազմից հետո նոր իրավիճակն է եւ նոր իշխանության որակից ու կոմպետենտությունից է կախված ճակատագրական հարցերի լուծումը՝ Արցախից մինչեւ ՀՀ անվտանգություն։