Ի դեպ. Ռոբերտ Քոչարյանի գլխավորած դաշինքի մասին
ADTVԻ դեպ, նախօրեին պաշտոնապես հայտարարվեց այն մասին, որ ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կգլխավորի ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան» կուսակցությունների ընտրական դաշինքը։ Այստեղ ուրեւէ անակնկալ չկա, տեղեկություններն այս մասին վաղուց էին շրջանառվում։ ՀՀ 1-ին նախագահի՝ «Ազգային համաձայնության դաշինք» անվանումը կրող ցուցակով մասնակցելու առաջարկը մերժելիս եւս 2-րդ նախագահի գրասենյակը հայտարարել էր ընտրություններին այլ ձեւաչափով մասնակցելու մտադրության մասին։
Ռոբերտ Քոչարյանն էլ ավելի վաղ հայտարարել էր, որ կմասնակցի հունիսի 20-ին նախանշված խորհրդարանական արտահերթ ընտրություններին՝ կուսակցությունների դաշինքի ղեկավարի կարգավիճակով եւ այդ կուսակցությունները հավանաբար կլինեն երկուսը։ Եվ ահա, հայտնի են այդ երկու կուսակցությունները՝ ՀՅԴ եւ «Վերածնվող Հայաստան»։ Հատկանշական է, որ այս Դաշինքի մաս են կազմել հայ իրականության, հայ քաղաքական կյանքի ամենատարեց ՀՅԴ-ն եւ նոր ստեղծված ու քաղաքական հայտ ներկայացրած «Վերածնվող Հայաստանը»։ Նկատենք, ՀՅԴ-ն հայաստանյան քաղաքական դաշտի թերեւս միակ կուսակցությունն էր, որ նախընթաց տարիներին միշտ ընտրություններին մասնակցել է առանձին, առանց դաշինքների, սա կարծես սկզբունք էր ՀՅԴ-ի համար։
Ընտրություններից հետո արդեն, ըստ նպատակահարմարության մաս էր կազմում կառավարող կոալիցիաների։ Այս ամենով հանդերձ, Քոչարյան-ՀՅԴ դաշինքը զարմանալի չէ։ Նրանց համագործակցությունը տարիների պատմություն ունի, դեռ այն ժամանակներից, երբ Ռոբերտ Քոչարյանն եկավ իշխանության ՀՀ նախագահի կարգավիճակով ու ՀՅԴ-ն արգելափակված ու բանտարկված վիճակներից վերադարձավ ակտիվ քաղաքական, ազդեցիկ դերակատարության։ ՀՅԴ-ն իր ոչ մեծ, բայց կայուն ու հաստատուն ընտրազանգվածն ունի Հայաստանում եւ շատ մեծ ներուժ սփյուռքում՝ իր կառույցներով։ Դաշինքի մյուս անդամը՝ ««Վերածնվող Հայաստանն» է։ Այս կուսակցությունը սյունիքյան ծագում ունի, եւ դատելով նրանից, որ կուսակցությանն անդամագրվել են Սյունիքի բավական մեծ թվով համանյքների ղեկավարներ, կարելի է ենթադրել, թե պայմանական անունով Քորաչյան դաշինքը ինչպիսի արդյուքներ կարող է արձանագրել Սյունիքում։ Այսպիսով, ՀՀԿ-Վանեցյան ընտրական դաշինքից հետո ձեւավորվեց Քոչարյանի դաշինքը։ Երկուսն էլ բավական մրցունակ։
Նախընտրական դիրքավորումների փուլը մեծ հաշվով ավարտվում է, ՀՀ 2-րդ եւ 3-րդ նախագահների մասնակցության ձեւաչափը հայտնի է, սպասենք 1-ին նախագահի ՀԱԿ-ի որոշմանը՝ ընտրությունների մասնակցելու կամ թերեւս, չմասնակցելու մասին։