Խորհրդակցական սենյակում երբեմն տուրուդմփոց, դմբ դմբ հու. Բլից հարցազրույց Ալեքսանդր Ազարյանի հետ
Exclusive
ArmDaily.am-ը նոր շարք է սկսում՝ «Խորհրդակցական սենյակում», որի շրջանակներում կանենք բլից հարցազրույցներ դատավորների հետ, նպատակը երրորդ իշխանության ներկայացուցիչներին բացահայտելն է, նրանց մարդկային կերպարը, հետաքրքրությունները ներկայացնելը։ Դատավորները բլից հարցերին պատասխանում են ֆորմատին համապատասխան՝ կարճ, ինչպես նաեւ ամեն մասնակից հարց է հղում շարքի հաջորդ հերոսին։
Մեր շարքի առաջին հերոսը Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանն է։
Նա դատական համակարգի հնաբնակներից է, ավարտել է ԵՊՀ իրավաբանական ֆակուլտետում, ծառայել ԽՍՀՄ Զինված ուժերում, մինչեւ դատավոր դառնալը աշխատել է այլ պետական հիմնարկներում՝ արդարադատության նախարարությունում, զինդատախազությունում, նախագահի աշխատակազմում։ Դատավոր է 2006թ-ից, իրավաբանական գիտությունների թեկնածու է։
Սկսենք մանկությունից, խաղալիք, որ չեք ունեցել։
- BARBIE տիկնիկ, հայտնի պատճառներով:
Դպրոցում ո՞ր առարկայից եք անբավարար ստացել։
-Ֆիզիկայից և քիմիայից կաղում էի, սակայն երբեք քառորդում անբավարար չեմ ունեցել:
Համեստ պատանեկություն եք ունեցել, թե պարբերաբար ծնողներին դպրոց են կանչել։
-Պարբերաբար ծնողներիս դպրոց են կանչել համեստ պատանեկության համար: Իսկ եթե լուրջ, մի քանի անգամ ծնողներիս դպրոց այնուամենայնիվ կանչել են:
Ինչո՞ւ հենց դատավոր։
- Ասել են, որ մինչև 65 տարեկան կարաս աշխատես ու ոչ մի անցումային արդարադատություն քո վրա չի ազդելու:
Եթե ոչ դատավոր, ապա ի՞նչ, ատամհատիկին ի՞նչ մասնագիտություն էիք ընտրել։
- Չեք հավատա, բայց իրոք չեմ հիշում, թե ատամհատիկին ինչ եմ ընտրել:
Քանի՞ պատմուճան եք մաշել։
-Հինգ։
Սիրում եք...
-Շատ։
Դժգոհ եք...
-Երբեմն։
Զարմանում եք...
-Հաճախ։
Զայրանում եք...
-Լինում են դեպքեր։
Հիասթափվում եւ հուսահատվում եք...
-Վերջերս՝ այո։
Զղջում եք...
-Գրեթե ոչ։
Վախենում եք...
-Երբեք։
Հավատում եք։
-Մշտապես։
Ուրախությունը։
-Հարազատ մարդկանց ներկայությունը։
Տխրությունը։
-Նույն մարդկանց բացակայությունը։
Հոգսերը։
-Վայ...։
Խենթ արարք։
-Հավատացի, որ մինչև 65 տարեկան պիտի աշխատեմ, ոչ մի անցումային արդարադատություն իմ վրա չի տարածվելու ու դարձա դատավոր։
Կինը, թե գինին...
-Կինը, ով ունի գինու համ, կամ էլ հակառակը։
Ընտանիքը։
-Սոցիալական միավոր է։
Երեխաները։
-Սոցիալական միավորի հետնորդներն են, կամ սիրո արդյունքը։
Փողը...
-Վայ..., բայց հաստատ կեղտ չի, կեղտը շատ ա, իսկ փողը երբեք չի հերիքում
Երազանքների աշխատանքը կամ պաշտոնը
-Հուսամ դեռ արջևում է
Թուլություններ, թերություններ։
-Առանց դրա չի լինի, ուրիշներն իմ մասին ավելի լավ կիմանան։
Խաղաքարտ, նարդի, դոմինո, շախմատ, շաշկի, թե խաղադրույքներ...
-Շախմատ, դատավոր Վարդանյան Արշակը՝ վկա։
Ձեր մասին ամենաանհեթեթ բամբասանքը։
-Ապաստան եմ խնդրել եվրոպական երկրներից մեկում։
Սկզբունքներ, որոնց չեք դավաճանի։
-Հավատարմություն, մյուսներին մեկից մեկ դավաճանող եմ։
Խորհրդակցական սենյակում։
-Երբեմն տուրուդմփոց, դմբ դմբ հու...
Ամենամեծ կաշառքը, որ առաջարկել են եւ ամենափոքրը, որ չեք կարողացել մերժել։
-Վաղեմությունն անցնի, նոր կասեմ
Աստվածաշունչ, թե սահմանադրություն...
-Լռվեցի, լրջացա, հումորս վերջացավ, գիտեմ որ շատերի կողմից սխալ կընկալվի, բայց... Աստվածաշունչ, որը Սահմանադրությունից շատ ավելի վատ գիտեմ։
Մի դատիր...
-Մեկ ա դատելու եմ
Ձեր գիրքը
-Քրեական օրենսգիրք
Ընկերները միայն երրորդ իշխանությունից են, թե կան առաջին, երկրորդից...
-Երկրորդից և երրորդից ընկերներ չունեմ, միայն առաջինից՝ Դատականից
Զանգ ԲԴԽ-ից...։
-Հուսամ փետրվարի տասին կզանգեն, հիսունամյակս ա
Հարց շարքի հաջորդ անդամին
-Ինչու է աղմկում գետը...։
Շարքը՝ Ինգա Մարտինյանի