Ի դեպ. Որն երկիրն է տապալել կրակի անհապաղ դադարեցման վերաբերյալ ՄԱԿ ԱԽ բանաձեւը
Ի դեպԻ դեպ, վերջին օրերին ուշագրավ տեղեկություններ են շրջանառվում Արցախյան 2-րդ, 44 օրյա պատերազմի ընթացքում հրադադարի հաստատման չօգտագործված հնարավորությունների մասին։ Մենք հիշում ենք ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ձախողված նախաձեռնությունները։ ՌԴ նախաձեռնությամբ հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց հոկտեմբերի 10-ին շուրջ 11 ժամ տեւած քննարկումներից հետո, հրադադարը տեւեց ընդամենը 5մ րոպե։ Մեկ շաբաթ անց երկրորդ հրադադարի պայմանավորվածությունը ձեռք բերվեց Ֆրանսիայի ջանքերի շնորհիվ, հրադադարը տեւեց 4 րոպե։
Հրադադարի 3-րդ փորձը ձեռնարկեց Վաշինգթոնը, դարձյալ ապարդյուն։ Այն ժամանակ շատերն էին նկատում, որ հակամարտության, դադարեցման ու հրադադարի հաստատման հարցում միայն ՄԱԿ-ը կարող է ուղղակի ու գործուն միջամտություն ունենալ, իսկ դրա համար անհրաժեշտ է Անվտանգության խորհրդի որոշում։ Անցած տարի հոկտեմբերի 25-ին, ՄԱԿ Անվտանգության խորհրդի արտահերթ նիստ հրավիրվեց, հակամարտության սրացմանը վերաբերող մի նախագիծ քննարկվեց։ Այն վերաբերում էր կրակի անհապաղ դադարեցմանը, հակամարտությանը երրորդ կողմերի միջամտության բացառմանը, հակամարտության մեջ ահաբեկիչների հայտնվելու անթույլատրելիությանը: Սակայն ՄԱԿ ԱԽ խորհրդի 5 մշտական անդամ պետություններից մեկը տապալել էր այն, ու նախագիծը բանաձև չէր դարձել։
Իսկ թե որ պետությունն էր արգելափակել կամ վետո դրել բանաձևի ընդունման վրա մինչ օրս շարունակում է հանելուկ մնալ։ Գլխավոր կասկածյալի կարգավիճակում էին Միացյալ Թագավորությունը և Չինաստանը։ Օրերս, սակայն ՀՀ-ում Միացյալ թագավորության դեսպանը պաշտոնապես հայտարարեց, որ Միացյալ Թագավորությունը չէ այն եկիրը, որ արգելափակել է ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հայտարարությունը։ Նման տեղեկություն տարածվեց նաեւ Չինաստանի դիվանագիտական աղբյուներից։ Ինչ է ստացվում։ Եթե Չինաստանն ու Միացյալ Թագավորությունը դուրս են գալիս, մնում է անվտանգության խորհրդի անդամ 3 երկիր, այն էլ ԵԱՀԿ ՄԻնսկի խմբի համանախագահներ՝ ՌԴ, Ֆրանսիա ու ԱՄՆ։ Տեսնես այս 3 երկրներից որ մեկն է արգելափակել ՄԱԿ Անվտանգության խորհրդի բանաձեւը՝ կրակի անհապաղ դադարեցման մասին։ Հարցը հռետորական է։