Ի դեպ. Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարության մասին
Ի դեպԻ դեպ, Արցախի հանրապԵտության նախագահ Արայիկ Հարությունյանն այսօր խոսել է 44 օրյա պատԵրազմի, թուրք-ադրբեջանական տանդեմի, վարձկանների եւ որ ամենակարեւորն է՝ Արցախի ապագայի վերաբերյալ իր տեսլականի մասին։ Ըստ Արայիկ Հարությունյանի՝ պատերազմը բոլորովին այլ արդյունքի կհանգեցներ, եթե միայն Ադրբեջանը կռվեր Արցախի դեմ, այլ ոչ թե թուրք-ադրբեջանական կոալիցիան՝ Մերձավոր Արևելքի վարձկանների հետ միասին:
Նա շեշտել է, որ Թուրքիան երբեք չի թաքցրել ռազմական գործողություններին իր մասնակցության փաստը: Թուրք պաշտոնյաները պարբերաբար հայտարարում են, որ Ադրբեջանի հետ միասին իրենց հաջողվել է իրենց խոսքերով ասած, «վերականգնել պատմական արդարությունը»: Այստեղ ուրեւէ նորություն չկա, փոխարենը ուշադրություն են արժանի Արայիկ Հարությունյանի դիտարկումները պատերազմի պատճառների եւ արդյունքների մասին։ Տպավորություն է, որ Արայիկ Հարությունյանն իր «քարերը գլորում է նախկինների բոստանը»։ Ահավասիկ. Խոսելով պարտության հիմնական պատճառների մասին, նա նշել է, թե 1994-ի մայիսյան զինադադարից հետո Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարությունը դասեր չեն քաղել համաշխարհային փորձից: Նա նշում է, որ իր համար պատերազմի արդյունքները պարզ էին արդեն հոկտեմբերի սկզբին, բայց հայաստանյան քաղաքական ուժերն ընդհանուր հայտարարի չեն եկել:
«Չի ձևավորվել քաղաքական կոնսենսուս կամ միասնական կարծիք ընդդիմադիր ուժերի եւ իշխանության միջև, և կարծես թե պատերազմը կանգնեցնելն այդ օրերին համարում էին դավաճանություն»,- ընդգծում է Արցախի նախագահը:Արայիկ Հարությունյանի հայտարարությունների հաջորդ ուշագրավ դրվագը վերաբերում է Արցախի ապագային։ Նա հայտարարել է, թե Լեռնային Ղարաբաղի ապագան Հայաստանի հետ էլ ավելի սերտ ռազմաքաղաքական համագործակցության մեջ է: Իսկ Ռուսաստանի հետ համագործակցությունն էլ ավելի ամրապնդելու անհրաժեշտություն կա։ Այստեղ թերեւս լրացուցիչ պարզաբանումների կարիք կա։Բովանդակային առումով ի՞նչ է ենթադրում «Հայաստանի հետ էլ ավելի սերտ ռազմաքաղաքական համագործակցություն» ասվածը։ Այս մասին նախկինում է շատ խոսվել, սակայն այն ժամանակ մենք ունեինք բոլորովին այլ իրավիճակ եւ այլ ստատուս քվո։ Եւ վերջապես,դարձյալ բովանդակային առումով ինչ է ենթադրում ավելին սերտ համագործակցությունը ՌԴ-ի հետ։ Ինչպիսի կարգավիճակով ու հեռանկարով։ Հավանաբար ժամանակն է կոնցեպտուալ մշակումների ու ավելի բաց խաղաքարտերի, եթե իհարկե այդպիսիք կան։ Թե չէ՝ հայտարարություններ ենք անում, որ ինչ լինի։