Ի դեպ. Ապրիլ 23-ի, 2018-ին կայացած եւ 2021-ին սպասվող հրաժարականների մասին
Ի դեպԻ դեպ, այսօր ապրիլի 23-ն է։ Ուղիղ 3 տարի առաջ, ՀՀ վարչապետ ընտրված Սերժ Սարգսյանը հաշվի առնելով ընտրություններից հետո ՀՀ-ում ստեղծված իրավիճակը, հայտարարեց իր հրաժարականի մասին։ Նա դիմեց Հանրապետության բոլոր քաղաքացիներին, մեծերին ու երիտասարդներին, կանանց ու տղամարդկանց, փողոցներում «Մերժիր Սերժին» կոչ անողներին, զինվորներին ու սպաներին, իր զինակից ընկերներին, կուսակից ընկերներին, քաղաքական ուժերին և գործիչներին։ Սերժ Սարգսյանն արձանագրեց, որ փողոցի շարժումն իր պաշտոնավարմանը դեմ է, որ ստեղծված իրավիճակն ունի մի քանի լուծում, բայց դրանցից ոչ մեկին չի գնա։ Եվ թողնում է երկրի ղեկավարի, Հայաստանի վարչապետի պաշտոնը։
Այն ժամանակ բոլորս սեւեռվեցինք նրա՝ «Նիկոլ Փաշինյանը ճիշտ էր։ Ես սխալվեցի» ձեւակերպման վրա, մինչդեռ ավելի կարեւոր էին հայտարարության վերջին բառերը՝ «Խաղաղություն, ներդաշնակություն և տրամաբանություն մեր երկրին»: Կարծես ոսկերչական ճշգրտությամբ ընտրված բառեր, որոնք խաթարվեցին հետագա 3 տարիների ընթացքում՝ մեր երկրի խաղաղությունը, ներդաշնակությունն ու տրամաբանությունը։ Խնդիրը Սերժ Սարգսյանին հետին թվով արդարացնելը, գովաբանելը, կամ այսպես ասած «սրբադասելը» չէ։ Սերժ Սարգսյանի կառավարման տարիներին էր ձեւավորվել «Մերժիր Սերժին» մթնոլորտը։ Եվ հենց այս մթնոլորտն էր, որ Սերժ Սարգսյանի հրաժարականը վերածեց համաժողովրդական տոնախմբության՝ արտառոց դրսուորումներով, ընդհուպ մինչեւ խորոված՝ Մաշտոցի պողոտայում։ Այն ժամանակ չէիք գիտակցում, թե ինչ են Խաղաղությունը, ներդաշնակությունը և տրամաբանությունը։ Հասարակության ճնշող մեծամասնությունը եւ սա ակնհայտ ճշմարտություն է, կարծում էր, որ ապրելու է ավելի արդար, ավելի ապահով, ավելի պաշտպանված ու ավելի երջանիկ երկրում։
Ցավոք հեղափոխությունից 3 տարի անց, օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառներով, ունենք անհամեմատ վատ վիճակ՝ համաճարակ, պատերազմ, պարտություն, կապիտուլացիոն հայտարարություն, անվտանգային ու տարածքային խնդիրներ, շարքը չշարունակեմ։ Արդյունքում՝ «Մերժիր Սերժինը» դարձավ Նիկոլ, չասեմ թե ինչ։ Արդյոք այս անորոշություններից ու տագնապներից ելք են արտահերթ խորհրդարանական ընտրությունները։ Հազիվ թե։ Ամեն դեպքում ընտրություններ անցկացնելու հարցում կա քաղաքական որոշում ու կարծես, թե հանրային կոնսենսուս։ Այսօր 2021թ-ի ապրիլի 23-ն է։ 2018-ի այսօրվանից, վարչապետ Սերժ Սարգսյանի հրաժարականից ուղիղ 3 տարի անց սպասվում է վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ 2018-ին, ասում են, թե օրվա ընտրությունը պայմանավորված էր ապրիլ 24-ի գործոնով՝ այս օրը հնարավոր լարումներից զերծ մնալու նկատառումով։Ե՞րբ կլինի Նիկոլ Փաշինյանի հրաժարականը։ Այսօր կամ մինչեւ ապրիլի վերջ։ Եթե ֆորսմաժորներ չլինեն։