Ինչպես է ծախսվելու Եղեռնի զոհերի հիշատակի միջոցառումների համար հատկացված 91,677 մլն դրամ
Exclusive
Հայոց ցեղասպանության 106-րդ տարելիցի նվիրված ապրիլի 23-ին՝ ժամը 22:30-ին՝ ջահերով երթի ավարտից հետո, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և Հայաստանի պետական ակադեմիական երգչախմբի, ինչպես նաև Հայաստանի և արտերկրի հրավիրյալ մենակատարների մասնակցությամբ Ծիծեռնակաբերդի Հայոց ցեղասպանության հուշահամալիրում հնչելու է Ջ. Վերդիի «Ռեքվիեմ»-ը: Ապրիլի 23-ի լույս 24-ի գիշերը՝ ժամը 24:00-ին, Կոմիտասի անվ. կամերային երաժշտության տանը Գերմանիայից հրավիրված դիրիժոր Ալ. Իռադյանի ղեկավարությամբ Հայաստանի պետական կամերային նվագախմբի և «Հովեր» պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ կհնչի Վ. Ա. Մոցարտի «Ռեքվիեմ»-ը: Հիշատակի միջոցառումները կամփոփվեն ապրիլի 24-ին՝ ժամը 19:15-ին, Կ. Դեմիրճյանի անվ. մարզահամերգային համալիրում Հայաստանի ազգային սիմֆոնիկ նվագախմբի, Հայաստանի պետական կամերային երգչախմբի և Երևանի պետական կամերային երգչախմբի մասնակցությամբ՝ Տ. Մանսուրյանի «Ռեքվիեմ»-ի կատարմամբ։
Այս միջոցառումների անցկացման բյուջեից հատկացվել է 91,677 մլն դրամ։
ArmDaily.am-ի գրավոր հարցմանն ի պատասխան կառավարությունից հայտնեցին, որ գումարները բաշխվել են հետևյալ կերպ՝
Ջ.Վերդի «Ռեքվիեմ»-ի համար «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 62,011 մլն դրամ։
Վ.Ա.Մոցարտ «Ռեքվիեմ»-ի համար «Կամերային երաժշտության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ին հատկացվել է 5,896 մլն դրամ։
Տ. Մանսուրյան «Ռեքվիեմ»-ի համար «Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախումբ»
ՊՈԱԿ-ին հատկացվել է 5,857 մլն դրամ, իսկ «Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիր» ՊՈԱԿ-ին՝ 17,911 մլն դրամ։