Ի դեպ. Հայոց ցեղասպանությունը ԱՄՆ նախագահի կողմից ճանաչելու հավանականության մասին
Ի դեպ
Ի դեպ, արդեն տեւական ժամանակ է խոսվում է այն մասին, որ ԱՄՆ-ը այս տարի առավել, քան երբեւէ մոտ է հայոց ցեղասպանությունը ճանաչելուն ։ Այս մասին են վկայում ԱՄՆ պաշտոնական շրջանակներից ստացվող ուղերձները, այս մասին են գրում ամերիկյան, միջազգային ու հայկական լրատվամիջոցները։ Ինչպես ասում են, կրակն առանց ծուխ չի լինում, ռեգիոնալ ու աշխարհաքաղաքական զարգացումները, այդ թվում թուրք-ամերիկյան հարաբերությունների ներկա վիճակը, Թուրքիայի կողմից ռուսական C-400-ների գնման հետ կապված պատմությունը, ԱՄՆ դժգոհություններն ու պատժամիջոցները, Թուրքիային ինչ որ կերպ զսպելու ԱՄՆ մտադրություններն ու ցանկությունները ռեալ հույսեր են արթնացնում, որ ԱՄՆ-ն իսկապես կարող է ճանաչել հայոց ցեաղսպանությունը։
Ըստ փորձագիտական շրջանակներում առկա տեղեկատվության, այս պահին ԱՄՆ նախագահ Բայդենի սեղանին երկու փաստաթուղթ է դրված: Ապրիլքսանչորսյան ուղերձի երկու նախագիծ: Դրանցից մեկը «Ցեղասպանություն» եզրույթով՝ մյուսն առանց դրա: Որպես կանոն դրանք պատրաստվում են ԱՄՆ Անվտանգության խորհրդի և Պետդեպի կողմից: Ամերիկյան հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Սուրեն Սարգսյանը գրում է, թե այն փաստաթուղթը, որը պարունակում է «Ցեղասպանություն» եզրույթը, հայ համայնքի բացառիկ աշխատանքի արդյունք է: Մյուսը, որում ցեղասպանություն բառը չկա, ձևավորվել է թուրքական լոբբինգի արդյունքում: Իսկ նման լոբբինգի համար, ըստ փորձագիտական գնահատականների, հիմք են ծառայել նաև Հայաստանի իշխանությունների հայտարարությունները՝ տարածաշրջում դիտանկյուն փոխելու, հարեւանների հետ հարաբերություններում շտկումներ անելու, կարճ ասած՝ ատելության թափանիվը կանգնեցնելու վերաբերյալ։
Այս հայտարարությունները Անկարան ներկայացրել է՝ որպես հայ-թուրքական հարաբերությունների կագավորման գործընթաց, որին կխանգարի ԱՄՆ կողմից հայոց ցեղասպանության ճանաչման փաստը: Այսքանով հանդերձ, շատ կարեւոր է այն, որ ԱՄՆ նման երկիրը պատրաստվում է եւ կարող է ճանաչել հայոց ցեղասպանությունը։ Դա կլինի չափազանց կարեւոր քաղաքական իրադարձություն։ Այլ հարց է, թե բացի վերը թվարկված ու չթվարկված գործոններից ուրիշ ինչ մոտիվացիա կա՝ վերջին զարգացումների համատեքստում։ Մասնավորապես, ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի այցը Սյունիք հայ-ամերիկյան գործնական հարաբերությունների, ՀՀ անվտանգության մասին էր միայն, թե նաեւ Սյունիքի մասին՝ Իրանի հետ կապված գեոպոլիտիկ ծրագրերի համատեքստում։