Ի դեպ. Հայ գերիների հարցը ԵԽԽՎ նիստի օրակարգ ներառելու, ՌԴ պատվիրակության քվեարկության մասին
Ի դեպԻ դեպ, նախօրեին հայ ռազմագերիների, գերեվարված և տեղահանված անձանց հարցի քննարկումը քվեարկությամբ ներառվել է Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) լիագումար նիստի օրակարգում։ Հասկանալի է, թե հարցն ինչքան նուրբ ու զգայուն է, հասկանալի է այն աղմուկը, որ բարձացավ այն բանից հետո, երբ հայտնի դարձավ, որ հարցը օրակարգում ներառելուն դեմ են քվեարկել ոչ միայն Թուրքիան, Ադրբեջանը,այլեւ ՌԴ-ի պատվիրակների մի մասը։
ՌԴ պատվիրակների մի մասը դեմ է քվեարկել, մյուս մասն էլ ձեռբնպահ։ Զարմանալի՞ է, անհասկանալի՞, անսպասելի՞, արտառո՞ց։ Ի՞նչ բացատրություն ու մեկնաբանություն կարող է լինել։ Հասկանալի է, որ ռուս պատվիրակների քվեարկության այս պատկերը բուռն քննարկումների, քննադատության ու արդարացման առարկա պետք է դառնար ընդհանուր՝ հայ-ռուսական հարաբերությունների համատեքստում։ Այդպես էլ եղավ։ Մի մասի համար սա լավագույն առիթն էր հեգնելու հայ-ռուսական դարավոր բարեկամությունը, որի սահմաններում ռուսաստանյան կողմը չի ուզում, որ մեր ռազմագերիների հարցը միջազգային քննարկման առարկա դառնա։ Եվ հայտարարելու, թե կներեք, սրանք դաշնակցային հարաբերություններ չեն։ Սրանք իմպերիա-գուբերնիա հարաբերություններ են։ Մյուս մասը փորձում է խորամուխ լինել իրական պատճառների մեջ, ինչը ստիպել է ռուսական պատվիրակությանը նման կերպ քվեարկել։ Նրանք պարզել են, որ ռուսները դեմ են քվեարկել, քանի որ ԵԽԽՎ-ն հայ ռազմագերիների հարցի այդ նույն բլոկում ներառել է նաեւ ակնհայտ հակառուսական հարց հետեւյալ վերտառությամբ՝ «Ռուսաստանի սպառնալիքը Եվրոպայում խաղաղության հետապնդման համար»։ Նաեւ այսպիսի տեսակետ կա, որ ԵԽԽՎ օրակարգում հայ ռազմագերիների հարցի ներառումը քաղաքական սխալ էր, քանի որ այն ոչ միայն չի օգնելու, այլեւ վնասելու է գերիների հարցի լուծմանը։
ԵԽԽՎ-ն ժամանակին ոչինչ չարեց պատերազմը դադարեցնելու համար, հիմա սեփական դեմքը փրկելու՝ face saving-ի լավ հնարավորություն է ստանում՝ ՌԴ-ին վատաբանող, իսկ գերիների հարցում իրավական հետեւանքներ չենթադրող ելույթներով։ Ամեն դեպքում, հարցը ԵԽԽՎ լիագումար նիստի օրակարգում է, հայ պատվիրակները հույս ունեն, որ եւրոպական խորհրդարանական դիվանագիտությունը պետք է իր բաժին ճնշումը գործադրի Ադրբեջանի վրա, հայ ռազմագերիների հումանիտար հարցը լուծելու համար։