Ի դեպ. ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի հավանական մասնակցության մասին
ADTVԻ դեպ, ապրիլի 29-ին Կազանում տեղի է ունենալու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստը։ Այս տեղեկությունը ուշագրավ է նրանով, որ ըստ ռուսական լրատվամիջոցների, ԵԱՏՄ պետությունները քննարկում են նիստին Ադրբեջանի պատվիրակության մասնակցության հնարավորությունը։ Կարելի է ենթադրել, որ Բելառուսի նախագահն էլ Բաքու էր այցելել ոչ թե նրա համար, որ մեզ հիշեցնի ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման համար Ալիեւի՝ տարիներ առաջ իր միջոցով Հայաստանին փոխանցված ֆինանսական առաջարկի մասին, այլ քննարկելու ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին Ադրբեջանի հնարավոր մասնակցության հարցը։ Արդյոք այդ հարցը կլուծվի եւ արդյոք դա պետք է դիտարկել որպես Ադրբեջանի ԵԱՏՄ անդամակցության առաջին քայլ։
Այն որ ՌԴ-ն, Բելառուսը, մյուսները միշտ էլ ցանկացել են Ադրբեջանին տեսնել ԵԱՏՄ կազմում, հայտնի է վաղուց։ Հայտնի է նաեւ, որ Ադրբեջանը երբեք էլ խանդավառված չի եղել այդ գաղափարով, եւ Ադրբեջանի այդ մոտեցումը հստակ բացատրություն է ունեցել։ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով Ադրբեջանի համար առանձնապես գրավիչ չի թվացել, փոխարենը համարել են, որ անդամակցելը ամրագրում է Ռուսաստանի քաղաքական ու տնտեսական վերահսկողությունն իրենց երկրի նկատմամբ։ Այս ամենով հանդերձ Բաքուն երբեք կտրուկ դեմ չի արտահայտվել անդամակցության գաղափարին, տեղ թողնելով սակարկության համար։ Դուք մեզ ղարաբաղյան հարցի ադրբեջանանպաստ լուծում, մենք ձեզ՝ անդամակցություն։ Հիմա Ադրբեջանը համարում է, որ ղարաբաղյան հակամարտությունը անցյալում է եւ ամենօրյա ռեժիմով հայտարարում է այդ մասին։ Արդյո՞ք եկել է ԵԱՏՄ-ին անդամակցելու ժամանակը, թե՞ դեռ սակարկան ենթական հարցեր կան։ Բայց ժամանակից առաջ չընկնենք։ Առայժմ խնդիրը ոչ թե անդամակցության, այլ հերթական նիստին մասնակցելու մասին է՝ միայն եւ ընդամենը։
Այստեղ էական է Հայաստանի դիրքորոշումը։ Բանն այն է, որ ԵԱՏՄ կարգավորումների համաձայն, որեւէ երկիր անգամ ԵԱՏՄ դիտորդ չի կարող լինել, եթե թշնամական վերաբերմունք ունի անդամ երկրներից որեւէ մեկի նկատմամբ։ Իսկ Ադրբեջանի վրայից պարզապես «թափվում է» թշնամանքը Հայաստանի նկատմամբ։ Հայաստանը պե՞տք է արգելափակի Ադրբեջանի մասնակցությունը այս նիստին, թե՞ իր նախապայմանները պետք է առաջադրի։ Ռուսական PБK- հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ադրբեջանական պատվիրակության մասնակցությանը խոչընդոտող գլխավոր գործոնը պաշտոնական Երևանի առարկություններն են։ «Հայաստանը ԵԱՏՄ ղեկավար մարմնի աշխատանքներին Ադրբեջանի մասնակցության հարցը կապում է հայ ռազմագերիների ազատ արձակման խնդրի հետ», - տեղեկացնում է ռուսական հեռուստաալիքը։